ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող նյարդահոգեբուժական կենտրոնները ընկել են դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի ընթացքում մի շարք հոգեբուժական կենտրոններ չեն կարողանում առողջական խնդիրներ ունեցող անձանց հիվանդանոց «բերման ենթարկել» կամ, այսպես ասած, հսկողության տակ պահել, ստիպված դիմել են դատարան:

Նշենք, որ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, որոնք չեն գտնվում բժիշկների վերահսկողության տակ, այլ ազատորեն շրջում են մեր կողքին, ե՛ւ հասարակության, ե՛ւ իրենց իսկ ընտանիքի անդամների համար դարձել են լուրջ վտանգ: Բազմաթիվ դեպքեր եղան, երբ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց կողմից սպանվեցին կա՛մ հարազատները, կա՛մ պատահական մարդիկ: Վերջին դեպքը «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի դանակահարությունն էր. նրան սպանել էր հոգեկան հիվանդ այցելուներից մեկը:
Ստեղծված իրավիճակը, թերեւս, հետեւանք է այն բանի, որ մի դեպքում հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, մյուս դեպքում իրենց հերթին անգործության են մատնված առողջապահության նախարարությունը, իրավապահ կառույցները, որոնք չեն փորձում օրենքով սահմանված կարգով մեկուսացնել նման մարդկանց շրջապատից:
Ու հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ հոգեբուժական կենտրոնները չեն կարողանում իրավիճակը վերահսկել եւ ընկնելով դատարանի դռները՝ փորձում են քաղաքացիներին հարկադիր բուժման տանել: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականին հոգեբուժական կենտրոնների կողմից 25 տարբեր հայցեր են ներկայացվել դատարաններ, որտեղ հոգեբուժական կենտրոնները դատարանից պահանջում են բավարարել իրենց հայցերը եւ առողջական խնդիրներ ունեցող անձանց հարկադիր բուժման ուղարկել:
Մասնավորապես դատարան են դիմել ՀՀ ԱՆ «Նորք հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ն, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր ՓԲԸ-ն եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական ՓԲԸ-ն: Նկատենք, որ 2017 թվականին դատարան ուղարկված 25 հայցերից 14-ը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարության «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ն:
Իսկ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը:
Օրինակ՝ 2017 թվականի օգոստոսին Սյունիքի մարզի բնակիչներից մեկը, որի անունը չենք հրապարակում՝ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով, զննվել է «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ի բժշկական հանձնաժողովի կողմից: Բժշկական հանձնաժողովը կազմել է եզրակացություն, համաձայն որի՝ վերոնշյալ անձն ունի «Քրոնիկ զառանցական խանգարում» եւ եզրակացվել է, որ նա անհապաղ հոսպիտալիզացիայի է ենթակա, սակայն առողջական խնդիրներ ունեցող անձը հրաժարվում է դիմում գրել բուժում ստանալու վերաբերյալ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանն էլ՝ հաշվի առնելով, որ տվյալ անձի մոտ դրսեւորվում է վարքի կոպիտ խանգարում, որի հետեւանքով էլ կարող է վնասել իրեն կամ վտանգ ներկայացնել հանրության այլ անձանց համար եւ հոժարակամ չի բուժվում, վճռել է, որ հիվանդը ենթակա է հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման:
Պարզեցինք, որ 2017թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10:57-ի սահմաններում, շտապ օգնության ուղեգրով ոստիկանության ուղեկցությամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ է ընդունվել Երեւան քաղաքի բնակիչներից մեկը, որի անձնական տվյալները եւս հարգելի պատճառներով չենք հրապարակում: Նա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից զննում է անցել, եւ պարզվել է, որ նա վտանգավորություն է ներկայացնում շրջապատի եւ իր համար: Ցուցաբերել է ագրեսիվ վարք մոր եւ քրոջ նկատմամբ, դարձել է կասկածամիտ, հաճախակի փախել է տանից եւ թափառել: Հայտնի է դարձել նաեւ, որ նա նախկինում կատարել է ինքնասպանության փորձ:
Այս հանգամանքները լսելով դատարանում՝ վերոնշյալ անձը հրապարակավ հայտարարել է, որ համաձայն չէ բուժում ստանալ:
Սակայն դատարանը, անկախ այն հանգամանքից՝ ինչ է հայտարարել անձը, բավարարել է «Նուբարաշեն հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի հայցը եւ որոշում կայացրել անձին հարկադիր բուժման ուղարկել՝ հավելելով, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով:
Ըստ էության հոգեբուժական կենտրոնները հայտնվել են խնդրի առաջ, որ շատ դեպքերում առողջական խնդիրներ ունեցող անձանց չեն կարողանում իրենց կամքից անկախ պահել հիվանդանոցում, իսկ ծայրահեղ իրավիճակներում էլ դիմում են դատարան՝ փորձելով քիչ թե շատ վերահսկել իրավիճակը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԶՈՐԱՄԱՍԻՑ ԴԻԶՎԱՌԵԼԻՔ ԵՆ ՏԱՐԵԼ
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից կատարված բազմապիսի չարաշահումների դեպքերով բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտակ Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՀՀ ՊՆ N զորամասի «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային դիվիզյոնի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, ցանկացել է զորամասի պատկանող դիզվառելիքից որոշ մաս յուրացնել: Արդյունքում, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող թիվ 4 ապրանքագրում դիտավորությամբ մտցրել է ակնհայտ կեղծ գրառումներ՝ ինժեներական աշխատանքներ կատարելու համար 140լ դիզվառելիք դիվիզիոնի վառելիքաքսուքային նյութերի ծառայության պահեստից դուրս գրելու վերաբերյալ:
Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվել: Մաթեւոսյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, կատարել է յուրացման փորձ, ծառայության պահեստից թվով 7 հատ պլաստմասե տարաների մեջ լցնելով եւ իր կողմից վարած «Նիսսան Տիդա» ավտոմեքենայի մեջ տեղավորելով, յուրացնելու նպատակով դիվիզիոնի տարածքից դուրս է բերել զորամասին հատկացված 140լ դիզվառելիք եւ տեղափոխել Սեւան-Մարտունի ավտոճանապարհին գործող բենզալցակայան, սակայն գործը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ ճանապարհին հայտնաբերվել է ՀՀ ՊՆ Մարտունու ՌՈ բաժանմունքի աշխատակիցների կողմից:
Այս արարքի համար Մաթեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի` պաշտոնեական կեղծիք, 34-179-րդ հոդվածի յուրացում եւ վատնում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԶՊԵՏԻ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի՝ 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին: Հիշեցնենք, որ մարզը «լիսկաթափելու» անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց՝ հաճախ օրենքի վրա ոտքերը մաքրելով:
Իսկ ո՞վ է Սմբատ Օրբելյանը: Նա ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի տեղակալ Արամ Օրբելյանի հայրն է, որը ներկայումս զբաղվում է իրավաբանական գործունեությամբ: Վերջինս բավականին լուրջ կապեր ունի ինչպես դատական, այնպես էլ իշխանական վերնախավում, ու այս առումով հետաքրքիր է, թե ինչով կավարտվի պատմությունը:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔՆ ԱՆՀԻ՞ՄՆ Է
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու մյուսների գործով դատական նիստին Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Փաստաբանը պնդել է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: «Գտնում ենք, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է, նշվում է, որ մեղադրանքը հիմնավորված է Սամվել Բաբայանի ու այլ մարդկանց ցուցմունքներով: Բայց Ս. Բաբայանը իր նախաքննական ցուցմունքներով պատասխանել է բոլոր հարցերին, տվել պարզաբանումներ ու հերքել է իր մասնակցությունը կատարված ենթադրյալ հանցագործությանը: Փաստաբանը նաեւ միջնորդել է ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով արդարացնել Ս. Բաբայանին: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել է 7 տարվա ազատազրկման դատապարտել Ս. Բաբայանին: Հիշեցնենք նաեւ, որ Ս. Բաբայանը մեղադրվում է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն դրդելու համար, ինչպես նաեւ՝ այն փոխադրելու եւ պահելու համար:

 

 

ԼԱՎ ՕՐԻՆԱԿ
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հայտնել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը լավ օրինակ կլինի ԵԱՏՄ մյուս անդամների, ինչպես նաեւ միության համար: Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցության մասին փաստաթուղթը, ապա այդ համաձայնագրի տնտեսական բաղադրիչը կհանգեցներ Հայաստանի տնտեսության բացարձակ անկման: Ա. Գեղամյանի կարծիքով՝ այժմ այդ հարցն ինքնին զգալի փոփոխություններ է կրել եւ ԵՄ բարձր պաշտոնյաները համաձայն են նրա հետ, որ Եվրամիության հետ նոր գործընկերային համաձայնագիրը կազմվել է` հաշվի առնելով Հայաստանի պարտավորությունները ԵԱՏՄ-ում:

 

 

 

ԿՐԱԿԱՅՐԻՉՈՎ ԿԱՆԽԵԼ Է
Ինքնասպանության փորձի նոր դեպք է արձանագրվել Նաիրիի տարածաշրջանում: 34-ամյա տղամարդը տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունից հետո դուրս է եկել տնից, գնացել ձորակ եւ ինքնասպանություն գործելու նպատակով ծառից պարանով կախվել է: Սակայն նրա հետեւից գնացած ազգականը նրան օգնության է հասել եւ կրակայրիչով պարանը կտրել, ցած է իջեցրել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 7-ի N 1150-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետը՝ Ալեքսանդր Շագաֆյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի ղեկավար: Հիշեցնենք` նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Շագաֆյանին այս պաշտոնին նշանակելու մասին անգամ նախարար Մկրտչյանն է ներկայացրել մասամբ ձեւավորված տեսչական մարմնի անձնակազմին:




Լրահոս