ՌՈԲԵՐՏ ՄՈՒԳԱԲԵԻ ԴԱՍԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ Աֆրիկան ավանդաբար դուրս է մնում համաշխարհային քաղաքական գործընթացներից, սակայն վերջին օրերին մայրցամաքը գրավել է շատերի ուշադրությունը: Զիմբաբվեում մեծ թափով ծավալվում է քաղաքական ճգնաժամ, որը հասել է իր գագաթնակետին՝ հանձին հրապարակային անհնազանդության ու զինվորականության հեղաշրջման: Գործող նախագահ Ռոբերտ Մուգաբեն հայտնվել է տնային կալանքի տակ, սակայն համառորեն հրաժարվում է հայտարարել իր հրաժարականի մասին: Այս երկրի քաղաքական իրավիճակը բավականին ծանոթ է այնպիսի պետություններին, որտեղ իշխանությունը չի փոխվում ընտրությունների ճանապարհով՝ հանգելով կա՛մ հեղաշրջումների, կա՛մ ապստամբության:

Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն երկիրը ղեկավարում է 1987 թվականից: Նա այժմ 93 տարեկան է, եւ բնական է, որ իշխանության ներսում պետք է տեղաշարժեր լինեն՝ նրան փոխարինող գտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Ս.թ. նոյեմբերի 14-ին Զիմբաբվեի զինված ուժերի հրամանատարությունն իր իշխանավարության տակ առավ մայրաքաղաք Հարարեն՝ հայտարարելով, որ բանակը խնդիր է դրել մաքրելու իշխանությունը կրիմինալ տարրերից: Ըստ զինվորականության՝ այդ կրիմինալ տարրերն են պետության սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակի հիմնական պատասխանատուները: Բանակի ակտիվ ներգրավումը քաղաքական հարցերին ակնհայտորեն պայմանավորված է Մուգաբեին փոխարինող գտնելու հարցի հետ: Բանակը պաշտպանում է նախկին փոխնախագահ Էմմերսոն Մնանգագվային, իսկ Մուգաբեն ու նրա մերձավոր շրջապատը՝ առաջին տիկին Գրեյս Մուգաբեին: Այս երկու գործիչների միջեւ էլ պայքար է գնում՝ Մուգաբեից հետո քաղաքական առաջնորդությունը ստանձնելու համար, ինչն էլ վերաճել է զինված ապստամբության եւ գուցե անգամ պարունակում է քաղաքացիական պատերազմի սպառնալիք: Իշխող կուսակցությունն արդեն իսկ կողմնորոշվել է Մնանգագվայի ուղղությամբ՝ վերջինիս դարձնելով կուսակցության առաջնորդ եւ այդ պաշտոնից հեռացնելով գործող նախագահին: Ակնկալվում էր, որ նախօրեին Մուգաբեն պիտի հայտարարեր կամավոր հրաժարականի մասին, սակայն 30-րոպեանոց ուղերձում այդ մասին որեւէ հիշատակություն չկար: Նա հայտարարեց, որ բանակի գործողությունները հեղաշրջում չի համարում եւ դրանք պայմանավորում է միջոցառումներ պետությանը սպառնացող վտանգների դեմ: Մուգաբեն միաժամանակ արտահայտել է իր պատրաստակամությունը շարունակել իրացնել նախագահի լիազորությունները՝ հրաժարվելով վաղաժամ պաշտոնաթողությունից: Տեղեկություններ կան, որ Մուգաբեն նախապես համաձայնեցրած է եղել բանակի հետ իր հրաժարականը, սակայն ելույթում լիովին այլ տեքստ է կարդացել: Նախագահի այդ հայտարարությունը սվիններով է ընդունվել իր իսկ կուսակցության ղեկավարների կողմից, որոնք Մուգաբեին վերջնագիր էին ներկայացրել՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ իմպիչմենտի ենթարկվել: Ակնկալվում է, որ այս օրերին խորհրդարանն արդեն իսկ պաշտոնանկ կանի նախագահին:
Ըստ էության, Մուգաբեի դեմ են դուրս եկել նաեւ հասարակական շրջանակները՝ զանգվածային հանրահավաքներ ու ցույցեր անցկացնելով: Ըստ էության, հասարակությունը ողջունում է բանակի հեղաշրջումը՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Մուգաբեն, փաստորեն, ներկայումս լիովին զրկված է տեղական շրջանակների աջակցությունից, քանի որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ ուժայինները այլեւս չեն ընդունում նրա իշխանությունը: Մուգաբեից երես է թեքել նաեւ նրա իսկ կուսակցությունը՝ զրկելով վերջինիս որեւէ գործնական հենարանից: Սակայն կարծիք կա, որ Մուգաբեն, օդից կախված լինելով հանդերձ՝ համառորեն հրաժարական չի տալիս՝ միտում ունենալով օտարներին մասնակից դարձնել իր երկրի ներքաղաքական ճգնաժամին: Հարավային Աֆրիկայի զարգացման միությունը, որը ղեկավարվում է Հարաֆավրիկյան Հանրապետության կողմից, հավաքվել ու քննարկել է իրավիճակը՝ կոչ անելով Զիմբաբվեի ղեկավարությանը դուրս չգալ Սահմանադրության շրջանակներից: Կարծիք կա, որ այդ հայտարարությունը միտված է պահելու Մուգաբեին մինչեւ նախագահական ժամկետի ավարտը, իսկ եթե բանակը բռնի մեթոդներով հրաժարական պարտադրի նրան, ապա ՀԱՀ-ը, կարող է դա որպես պատրվակ օգտագործելով՝ ներխուժել Զիմբաբվե: Թեպետ եթե Մուգաբեին պաշտոնանկությունը պարտադրվի խորհրդարանի կողմից, այդպիսի զարգացումը քիչ հավանական է: Այդ իսկ պատճառով նրա հակառակորդներն իրենց նպատակների իրականացման համար գործին մասնակից են դարձրել ինչպես բանակին ու խորհրդարանին, այնպես էլ իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններին ու հասարակությանը: Ներկա իրավիճակում իշխանության փոփոխությունն արդեն իսկ վերաճում է հասարակական պահանջի, որը օտար պետության տանկերով զսպել հազիվ թե ստացվի: Աֆրիկայի հարավային պետությունների եւ մասնավորապես ՀԱՀ-ի համար ավելի դյուրին կլինի նոր իշխանության հետ ընդհանուր հայտարարի գալ, քան արյան մեջ խեղդել հարեւան պետության ներսում բարձրացած ըմբոստությունը:
Ինչ-որ առումով Հայաստանը բավականին նման է Զիմբաբվեին, որտեղ բանակը խիստ կարեւոր դերակատարություն ունի իշխանության պահպանման հարցում: Այն պահից ի վեր, երբ բանակը իր աջակցությունը հայտնեց Մուգաբեի հակառակորդին, նախագահի բռնատիրության հիմքերը խիստ սասանվեցին: Հասարակական բողոքը սկսեց լսելի դառնալ, իսկ խորհրդարանը վերածվեց իշխանությունը հավասարակշռող թեւի: Անկասկած, եթե բանակը կանգներ Մուգաբեի կնոջ թիկունքին ու նրան սատարեր որպես նախագահին փոխարինողի, դեպքերը լիովին այլ կերպ կզարգանային: Հազիվ թե իշխող կուսակցությունն այդժամ հեռացներ Մուգաբեին կուսակցական առաջնորդությունից եւ նախաձեռներ նրա իմպիչմենտի գործընթացը:
Քաջ գիտակցելով բանակի տեղն ու դերը իր իշխանության պահպանման հարցում՝ Սերժ Սարգսյանն էլ այսօր պատրաստ չէ հրաժարվել այդ ռեսուրսից, ինչն էլ այն շարժառիթն է, որ առաջ է մղում նրա վարչապետական հավակնությունները: Հաշվի առնելով Ադրբեջանի հետ կիսապատերազմական դրությունն ու ժողովրդավարական ինստիտուտների թերզարգացվածությունը՝ Հայաստանում նույնպես բանակը ղեկավարող գործիչն է տիրապետում իրական իշխանությանը:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՄԻԱՅՆ ՔԱՆԴԵԼՈՒՑ ԵՆ ԼԱՎ

Դեռեւս հուլիսին Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ ապամոնտաժեցին Ֆիրդուսի տոնավաճառը` գործազուրկ թողնելով հարյուրից ավելի առեւտրականների: Տաղավարները ապամոնտաժելուց անցել է ավելի քան չորս ամիս, բայց տոնավաճառում այդպես էլ շինարարական աշխատանքներ չեն իրականացվում:

Մինչդեռ ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հայտարարել էր, որ Ֆիրդուսի փողոցում շինարարական աշխատանքները ավելի մեծ թափ կստանան աշնանը: Աշնան ավարտին մնացել է 9 օր, բայց ինչպես տեսնում եք՝ շինարարական ոչ մի աշխատանք չի իրականացվում:
Տեղեկացնենք, որ տաղավարները ապամոնտաժելու ժամանակ միայն քանդեցին շուկայի ներսով անցնող ճանապարհը: Այսօր տաղավարների մեծ մասը փակ է: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ եղավ տոնավաճառում եւ արձանագրեց, որ տոնավաճառում շինաշխատանքեր չեն իրականացվում: Բացի այս՝ շուկայի ամբողջ տարածքում ընդամենը մի քանի առեւտրականներ են իրենց տաղավարները բացել: Նրանց խոսքերով՝ թեեւ օրվա մեջ մի քանի ժամով բացում են, բայց ապամոնտաժելուց հետո առեւտուր չեն ունենում: Բայց առեւտրականներն ավելի շատ զայրացել են այն բանից, որ եթե շինաշխատանքներ չէին իրականացվելու, ապա ինչու իրենց ստիպեցին տաղավարները փակել, ապրանքներն էլ հավաքել: Չէ՞ որ կարող էին մինչեւ տարեվերջ աշխատել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԳՈՇԱՎԱՆՔԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՎԱՐՏԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ
Նոյեմբերի 19-ին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց Գոշավանք եւ ծանոթացավ վանական համալիրի նորոգման ընթացքին: Գոշավանքի վերանորոգումը ընթանում է արդեն շուրջ 5 տարի, սակայն աշխատանքների փոքր մասն է մինչ օրս արված: Մոտ մեկ տարի է՝ Գոշավանքում վերանորոգման աշխատանքներն իրականացնում է շինարարական նոր կազմակերպություն: Գոշի դամբարանի եւ դրա շրջակայքի վերանորոգումն ավարտվել է: Մինչ այժմ Գոշավանքի եւ դամբարանի նորոգման համար ծախսվել է 55.5 միլիոն դրամ, այս տարի հատկացվել է 17 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ՝ Գոշավանքի նորոգման, ամրացման համար նախատեսված է ծախսել շուրջ 120 միլիոն դրամ: Գոշավանք պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն Արծրուն Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերանորոգման նպատակով եկեղեցու ծածկի սալերը մերկացրել են, անձրեւաջրերը լցվում են ներս, վնասում կրի շաղախով պատերը: Ըստ նրա՝ հարկավոր էր բացել ծածկի այն հատվածի սալերի մակերեւույթը, որոնք կհասցնեին նորոգել: Նա մտահոգված է իր ստեղծած թանգարանի հետագա ճակատագրով: 1985թ. հիմնված թանգարանը տեղավորված էր վանական համալիրի տարածքում գտնվող տնակում: Նախկինում թանգարանը փակվել է, շուրջ 300 ցուցանմուշները տարվել են Դիլիջան: Արմեն Ամիրյանը վստահեցրեց, որ ցուցանմուշները պահպանվում են, թանգարանի համար որոշակի պայմաններ պետք է ապահովել, 2018թ. Գոշավանքի լանջի ներքեւի հատվածում արդի պահանջներին համապատասխան՝ թանգարանի շինարարությունը կսկսվի: Նախարարն ասաց, որ շինարարական աշխատանքները վերահսկելու համար Գոշավանքում առնվազն 3 տեսախցիկ կտեղադրվի, առցանց կհետեւեն վերանորոգմանը, որպեսզի շինարարներն անհարկի չձգձգեն աշխատանքների ընթացքը: Հայ առաքելական եկեղեցին, որի հաշվեկշռում է գտնվում Գոշավանքը, տարեկան մեծ եկամուտ է ստանում արտասահմանցի եւ հայաստանցի հազարավոր զբոսաշրջիկների՝ Գոշավանք այցերից:
Վանական համալիրի գավթում վաճառվող մոմերի գները սկսվում են 60 դրամից, Աստվածաշունչը վաճառվում է 5 հազար դրամ, իսկ ավելի շքեղ տարբերակը` 25 հազար դրամով: Գոշավանքում, բացի կրոնական գրքերից, խաչերից, մատանիներից, բացիկներից եւ այլ հուշանվերներից, վաճառվում են նաեւ Տավուշի թեմում պատրաստված մեղր, (մեկ կիլոգրամը 5000 դրամով), տարբեր մուրաբաներ` հոն, ֆեյխուայի եւ այլն: ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանից հետաքրքրվեցինք, թե ինչու Հայ առաքելական եկեղեցին Գոշավանքի նորոգման համար ֆինանսական ներդրում չի կատարում: Նա ընդամենը պատասխանեց, որ Գոշավանքի նորոգման գործում ոչ միայն եկեղեցու, այլեւ ցանկացած ֆիզիկական եւ իրավաբանական անձի ներդրումը իրենք կողջունեն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս