Հայաստանում եթե նախկինում ուղեւորափոխադրման ոլորտը համարվում էր ամենաշահութաբերներից մեկը, ապա հատկապես միջքաղաքային առանձին ուղղություններ գնալով դառնում են վնասակար: Նման ուղղությունների գծատերերի համար ուղեւորափոխադրումները սպասարկելը գնալով դառնում է ոչ եկամտաբեր: Արդյունքում, սպասարկող ընկերությունները սկսում են մտմտալ իրենց գործունեությունը դադարեցնելու մասին:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար դժգոհություններ է ստանում մարզերի գծատերերից: Նրանց պատմելով՝ չեն կարողանում անգամ զրոյական եկամուտով աշխատել ուղեւորահոսքի սակավաթիվ լինելու պատճառով: Իսկ եղած ուղեւորները երթեւեկում են տաքսիներով, չնայած որ վերջիններս ավտոբուսների կամ միկրոավտովբուսների առաջարկած գնից շատ ավելի թանկ են ուղեւորներին տեղափոխում: «Ժողովուրդ»-ին ահազանգած տնտեսվարողների պնդմամբ` ստեղծված իրավիճակի մեղավորները այն մարդատար տաքսիներն են, որոնք, այսպես կոչված, ուղեւորներ «խլելու» գործելաոճ են որդեգրել:
Մինչդեռ միջքաղաքային ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսվարողները վարկային մեծ պարտավորություններով նախ մասնակցում են երթուղին շահագործելու իրավունքի համար հայտարարված մրցույթին, թարմ ավտոմեքենաներով երթուղին սպասարկելու համար հսկայական պարտքեր են կուտակում: Բայց երբ արդեն չեն կարողանում իրենց ծախսերը ծածկել, սկսում են մտածել երթուղուց հրաժարվելու մասին:
Փոխարենը տաքսիների դեպքում ամեն ինչ շատ հեշտ է, դեպի Երեւան օրը մեկ-երկու երթուղի իրականացնելով՝ նրանք իրենց եկամուտի խնդիրը լուծում եմ: Բացի այդ՝ տաքսիները բնակչությանը պարտադիր սպասարկելու խնդիր չունեն, ինչպես այս կամ այն երթուղին սպասարկող ընկերությունները: Հայաստանի մարզերի մեծ մասում միջքաղաքային ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոբուսները վաղուց չեն օգտագործվում, դրանց փոխարինում են միկրոավտոբուսներ, որոնց քանակը եւս գծատերերը սկսել են նվազեցնել. ձեռնտու չէ մեծ թվով միկրոավտոբուսներ պահել, որովհետեւ ծախսը շատ է, իսկ եկամուտը` քիչ:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի տեսչության պետ Անդրանիկ Ասծատրյանի հետ: Նա անմիջապես հայտարարեց, որ տեղյակ են խնդրին: «Այս խոսակցությունը վաղուց կա, եւ ոլորտը պարբերաբար մշտադիտարկման տակ է գտնվում: Մեր միջոցառումների ժամանակ պարզվում է, որ տաքսիների 95 տոկոսը լիցենզավորված է, մենք նրանց չենք կարող արգելել, որ ուղեւորներին վերցնեն, տանեն: Չենք կարող արգելել, որովհետեւ իրենք ավտոկայարան չեն մտնում»,- տեղեկացրեց Ասծատրյանը:
Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն` միայն ներմարզային, ներքաղաքային տրանսպորտային միջոցները պարտադիր պետք է շարժվեն ավտոկայարաններից: Ավելին` նույն օրենքով տաքսի ավտոմեքենաները իրավունք չունեն մտնել ավտոկայարաններ: Բայց փաստորեն սա նրանց չի խանգարում մշտապես ուղեւոր ունենալ: «Իրենք ավտոկայարանների մերձակա տարածքներից են ուղեւորների վերցնում, իսկ իրենց կանգառման տեղը ավելի շատ ճանապարհային ոստիկանության խնդիրն է, քան տրանսպորտային տեսչության: Բայց նշեմ, որ մեր կողմից իրականացվող միջոցառումների ժամանակ ուղեւորափոխադրում իրականացնող մեքենաները լիցենզավորված են եղել»,- հավաստիացրեց նախարարության ներկայացուցիչը:
Մեր այն հարցին, թե, ի վերջո, նախարարությանը մտահոգում է այն խնդիրը, որի առաջ կանգնել են միջքաղաքային երթուղի շահագործող տնտեսվարողները, Ասծատրյանը պատասխանեց. «Մենք միայն վարչարարություն ենք իրականացնում, տրանսպորտային քաղաքականություն չենք իրականացնում: Մենք չենք կարող քաղաքականություն մշակել, որպեսզի միջպետական, միջմարզային ուղեւորափոխադրումով զբաղվող տրանսպորտային միջոցների կարգավիճակը տնտեսապես լավանա կամ վատանա: Խնդրից տեղյակ ենք, այս խնդիրը նոր չէ»:
Սա առաջին դեպքը չէ, որ այս գերատեսչությունը կարեւոր պահին ձեռքերը լվանում է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հանձնարարեց զբաղվել ներմարզային, միջհամայնքային երթուղիներով: Ինչից հետո նախարարությունը իբր ուսումնասիրեց եւ հայտարարեց, որ ներմարզային երթուղիներով չի սպասարկվում 97 համայնք: Պատճառը գյուղական անբարեկարգ ճանապարհներն ու սակավաթիվ բնակչությունը է: Ստացվում է, որ այս դեպքում եւս նախարարությունը չի կարողանում մինչեւ հիմա տրանսպորտային քաղաքականություն մշակել:
Հ.Գ. Ի դեպ, մարզերում տաքսիների այս բիզնեսն էլ յուրատեսակ մենաշնորհի է վերածվել: Բանն այն է, որ ամեն պատահական մարդ չի կարող տաքսի ունենալ եւ մարզից Երեւան կամ հակառակ ուղղությամբ ուղեւոր տեղափոխել: Ըստ որոշ տեղեկությունների` տաքսիների մեծ մասի «գծատերերը» քրեական կամ թաղային հեղինակություններն են: Իսկ եթե հանկարծ շարքային որեւէ քաղաքացի փորձի մտնել այդ բիզնեսի մեջ եւ ուղեւորափոխադրում իրականացնել, ապա նրան ոչ մի լավ հեռանկար չի սպասվում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱԺ ԼՐԱՏՎԱԿԱՆՆ Ի ՎԵՐՋՈ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
Հայաստանի խորհրդարանի հանրային կապերի վարչությունը երեկ մանրամասն պարզաբանել է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսի՝ այս տարվա մայիս ամսվա վարձավճարի հետ կապված աղմուկ հանած պատմությունը: Ըստ այդմ, այլեւս պաշտոնապես տեղեկանում ենք, որ Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի՝ 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1 միլիոն 382 հազար 470 դրամ, որից շուրջ 1 միլիոն 170 հազար դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայությունից օգտվելու արդյունքում: Նշված գումարը ՀՀ ԱԺ աշխատակազմը պետբյուջեի հաշվին ամբողջությամբ մարել է:
Շուրջ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ լրատվականից գրավոր հետաքրքրվել էր, թե Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի՝ այս տարվա մայիս ամսվա վարձը որքա՞ն է կազմել: Սակայն խորհրդարանից պատասխանել էին, թե իբր չեն կարող առանձին պատգամավորների հեռախոսահամարների անհատականացված ծախսն ասել: Բայց ինչպես տեսնում ենք, երբ ցանկանում են, լավ էլ կարողանում են այդ տվյալը պարզել եւ հրապարակել:
Ի դեպ, ըստ ԱԺ լրատվականի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը համաձայնել է իր բջջային հեռախոսահամարի ծախսերն այսուհետ անձամբ հոգալ: Այս պարբերությունն ուղղակի խայտառակ խոստովանություն է ԱԺ-ի կողմից, քանի որ Հերմինե Նաղդալյանն այլեւս շարքային պատգամավոր է, այլ ոչ թե ԱԺ փոխխոսնակ կամ հանձնաժողովի նախագահ եւ պարտավոր է իր հեռախոսային խոսակցությունների ծախսերն անձամբ հոգալ: ԱԺ-ն վճարում է միայն ԱԺ նախագահի, փոխնախագահների եւ 9 հանձնաժողովների նախագահների հեռախոսավճարները: Եւ մայիսից արդեն ԱԺ-ն պետք է Նաղդալյանի պարտքերը չմարեր, բայց չի արել, ու հետաքրքիր է՝ ինչու: Եւ այսօր Նաղդալյանի ծախսերն իր վրա թողնելը հերոսություն մատուցելը, մեղմ ասած, սիրուն չէ:
Ինչպես հայտնի է՝ Հերմինե Նաղդալյանը Հայաստանի ամենահարուստ կանանցից մեկն է, մինչեւ 6-7 տարի առաջ նա իր հայտարարագրերում միլիարդավոր դրամներ եւ միլիոնավոր դոլարներ էր հայտարարագրում, սակայն վերջին տարիներին ավելի համեստ ունեցվածքով է ներկայանում:
Ու շատերի մոտ կարող է հարց ծագել, թե Հերմինե Նաղդալյանը ինչպես է կարողացել 1 միլիոն 170 հազարի ինտերնետ օգտագործել: Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, տեղեկացնենք, որ եվրոպական երկրներում ռոումինգում ինտերնետ 1 մեգաբայթի արժեքը նվազագույնը 1 եվրո է: Ասել է, թե 2 հազար 100 եվրոյի ինտերնետը մոտ 2 գեգաբայթ է կազմում: Բջջայինով մոտ 3-4 ժամ տեւողությամբ տեսագրութուններ դիտելիս մոտավորապես հենց այդքան ինտերնետ է ծախսվում: Իսկ թե Եվրոպայում գտնվելիս ինչ տեսանյութեր է դիտել Հերմինե Նաղդալյանը, իրեն է հայտնի: Պաշտոնապես նա արդեն մի քանի անգամ հավաստիացրել է, թե իբր իր հեռախոսը տեխնիկական խնդիրներ է ունեցել, եւ ինքը չի իմացել, որ ռոումինգով ինտերնետ է սպառում:
Վ. Հ.
ՋՈՒՐՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԹԱՆԿԱՆԱ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները բարձրացնելու հարցը:
Ըստ այդմ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ համապատասխան որոշման արդեն իսկ մշակված նախագծով խմելու ջրի եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմի 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակագինը կազմում է 180 դրամ: Մասնավորապես միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրամի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ խորանարդ մետր ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ:
Նոր սակագները նախատեսվում են կիրառության մեջ դնել եկող տարվա հունվարի 1-ից: Վերջին երկու ամիսներին առանց այդ էլ Հայաստանում լայն սպառման ապրանքները սկսել են թանկանալ: Ավելի մեծ եւ լայնածավալ թանկացումների մի ալիք էլ սպասվում է եկող տարեսկզբից, երբ կիրառության մեջ կմտնի նոր Հարկային օրենսգիրքը, ինչպես նաեւ շուրջ 800 անուն ապրանքների՝ երրորդ երկրներից ներկրումների մաքսատուրքերը կհավասարեցվեն ԵԱՏՄ դրույքաչափերին: Այսինքն՝ Հայաստանի սպառողն այլեւս պարտադրված կլինի կա՛մ միայն ռուսական անորակ ապրանք սպառել, կա՛մ էլ մի քանի անգամ ավել վճարել, քան նախկինում:
Այս հեռանկարը հաշվի առնելով՝ մինչ այս չէր բացառվում, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կփորձի «Վեոլիա Ջուր» ընկերությանը համոզել, որպեսզի այս փուլում հրաժարվեն ջրի սակագինը բարձրացնելուց: Սակայն, ինչպես տեսնում ենք, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իր սովորության համաձայն, չի համարձակվում տնտեսավարողին մերժել:
Վ. Հ.