Լուսանկարն արվել է Արմավիրի մարզում
Արմավիրի մարզի Ջրարբի համայնքում երեկ լարված վիճակ էր: Պատճառը համայնքի դպրոցում տիրող իրավիճակն է` չի ջեռուցվում, զուրկ է տարրական պայմաններից: ArmLur.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նարեկ Զաքարյանը հայտնել է, որ ինքը սեպտեմբերի 1-ից է անցել իր պարտականությունների կատարմանը. «Ամեն ինչ արել ենք, ցելաֆաններ ենք ամրացրել պատուհաններին, բայց ծնողներն ասում են` ինչո՞ւ պետք է մեր դպրոցը վատը լինի մյուս գյուղերի դպրոցներից»: Ավելի ուշ ծնողները հայտնել են, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ժամանել է գյուղ եւ խոստացել, որ երկու օրից նորոգման եւ ջեռուցման աշխատանքներ կմեկնարկեն: Ծնողները զգուշացրել են, որ պայմանավորվածությունը չկատարելու դեպքում իրենք կտրուկ քայլերի կդիմեն:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞վ է համարվում տուժող կողմ: Ո՞ր դեպքում կարող է անձը՝ որպես տուժող, ստանալ փոխհատուցում:
Ստեփան Հայրապետյան (55 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ տուժողն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետեւանքով անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ է, որն օրենքի համաձայն՝ ունի հատուցում ստանալու իրավունք: Տուժողը կարող է ենթարկվել ճանապարհատրանսպորտային պատահարի՝ լինելով ավտոմեքենայի վարորդ, ում մեղավորությամբ տեղի չի ունեցել պատահարը, ուղեւոր եւ հետիոտն:
Տուժողի վնասները հատուցվում են այն դեպքերում, երբ`
1. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում բյուրոն երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,
2. վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,
3. վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,
4. վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ:
Ավտոապահովագրողների բյուրո
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տուժողին պատճառված վնասները կարող են լինել անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ, ինչպես նաեւ գույքին պատճառված վնասներ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ աշխատողի ամենամյա նվազագույն արձակուրդը որքա՞ն է տեւում: Խնդրում եմ ասեք նաեւ՝ եթե աշխատողը գտնվում է արձակուրդում, ապա նրան ո՞ր դեպքում կարող են արձակուրդից հետ կանչել:
Լիլիթ Հունանյան (43 տարեկան, գանձապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք`
1. ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային oր:
2. ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):
Հայտնում ենք նաեւ, որ ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով: Ամենամյա արձակուրդի համար աշխատավարձի վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ: Եթե աշխատողի համար հաշվարկված աշխատավարձը սահմանված ժամկետում չի վճարվում աշխատողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, եւ երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար: