ԹԱՆԳԱՐԱՆ ՏՎԵՔ, ԽԱՆՈՒԹ ԴԱՐՁՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճարտարապետ Լեւոն Իգիթյանը հանրությանը առավել հայտնի է որպես Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության մի անդամ, որը կրծքով պաշտպանում է ՀՀ իշխանություններին ու հատկապես Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությանը՝ այդ ճանապարհին չխորշելով ընդհուպ հայհոյանքներ հնչեցնելուց իր շեֆերին քննադատողների հասցեին: Շատերի մոտ հարց կծագի, թե ինչպես կարող է նույն մարդը սկզբում կոմունիստներին նույն կրծքով պաշտպանել, հետո ՀՀՇ-ին, հետո ՀՀԿ-ին, վաղը Աստված գիտի ում: Իսկ իրականում Լեւոն Իգիթյանը սոված չմնալու իր իրավունքն է պաշտպանում: Քչերը գիտեն, որ Լեւոն Իգիթյանը Երեւանի Հովհաննես Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության թանգարանի տնօրենն է: Եւ այդ թանգարանի տարածքը նա պարբերաբար վարձով է տալիս, որպեսզի այնտեղ առեւտրի կետեր բացվեն: Ի դեպ, թանգարանների ֆինանսավորումը հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներից: Իսկ տարածքը վարձով տալը դա կողքից փող է:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը լուսանկարել է Աբովյան փողոցի վրա գտնվող թանգարանի տարածքը, որը վերածվել է ամանորյա արդուզարդի վաճառքի խանութի, իսկ թանգարանի մուտքը տեղափոխվել է բակի կողմից:

 

 

 

Երկու օրից՝ նոյեմբերի 24-ին, Բրյուսելում կանցկացվի Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ համաձայնագրի ստորագրման հարցում տեխնիկական որեւէ խոչընդոտ չկա: «ԵՄ պատվիրակությունը հաստատել է, ԵՄ-ի կողմից ամեն ինչ պատրաստ է համաձայնագրի ստորագրման համար, եւ տեխնիկական խոչընդոտներ չկան»,- տեղեկացրել է նա: Նշենք, որ չստորագրման վերաբերյալ այդ մտահոգությունն առաջացավ հատկապես համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո, երբ պարբերաբար կարծիքներ էին հնչում, թե ստորագրումը կարող է հետաձգվել տեխնիկական խնդիրների պատճառով, մասնավորապես ԵՄ անդամ պետություններից մի քանիսը չեն հասցրել թարգմանել համագործակցության փաստաթուղթը: Բայց պարզվում է՝ խնդիրներ չկան:

 

 

 

Ըստ շրջանառվող լուրերի՝ լարված են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի հարաբերությունները: Սա այն բանից հետո, երբ Սահակյանը, ստանձնելով պաշտոնը եւ ունենալով Սերժ Սարգսյանի «քարտ բլանշը», համակարգը սկսել է մաքրել այն անձանցից, որոնց գործունեության մեջ ֆինանսական չարաշահումներ է հայտնաբերել: Մինչդեռ այդ անձինք հովանավորվել ու անարգել գործել են հենց Արտեմ Ասատրյանի թողտվությամբ: Հ. Սահակյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այս լուրերը. «Իմ եւ Արտեմ Ասատրյանի միջեւ աշխատանքային, գործընկերային հարաբերություններ են: Կադրերից ազատվելու առումով, եթե մարդը ի վիճակի չէ իրականացնելու անհրաժեշտ սկզբունքները, որ մենք դնում ենք՝ անկեղծություն, հոգատարություն աշխատանքի ու սպառողների նկատմամբ, անկախ նրանից՝ ով է, ինչ է, զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի»:

 

 

 

Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը եւ Ռ. Սարիբեկյանը սուտ մատնություն են կատարել, ինչի համար նրանց դեմ քրեական գործ է հարուցվել: Եւ ահա երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել դատապարտյալներ Արթուր Սանոյանը եւ Ալիկ Դալլաքյանը՝ հայտարարելով, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանն ու ՀՔԾ քննիչ Մանանդյանը իրենց ամեն կերպ փորձում են համոզել, ճնշել, որպեսզի ետ վերցնեն «սուտ մատնություն» համարվող ցուցմունքները. «Եթե նա մաքուր մարդ է, ինչու է ինձ նման բան ասում, քննությունը ոնց կա, թող այդպես գնա: Ես ԱԱԾ-ին նամակ եմ գրել, ես խնդրել եմ, որ այս քրեական գործը ՀՔԾ-ից վերցնեն եւ այլ տեղ քննեն, ինչու են քննիչները ինձ այս ճանապարհով վախեցնում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Ալիկ Դալլաքյանը:

 

 

 

ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ի ՉԻՔ
«Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, եւ հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտեւի»,-երեկ Երեւանում խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Լավրովը: Բացի այդ՝ նա կրկնել է նախօրեին Բաքվում հնչեցրած հայտարարությունները. «ԼՂ հակամարտության կարգավորման տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձեւավորվել են մեկ փաթեթում, եւ դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք, դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Դրանք բալանսավորված փաստաթղթեր են, եւ մեկ տարր առանձնացնելու դեպքում կխախտվի բալանսը: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:
Միայն թե, նկատենք, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարի թերահավատությունը տարօրինակ էր. նախկինում Լավրովը երբեւէ չէր բարձրաձայնել այս մասին, որքան էլ բանակցային գործընթացը տարբեր ժամանակներում անհուսալի թվար: Մինչդեռ հիմա Լավրովն իր լավատեսության բացակայության մասին բարձրաձայնել է Երեւանում՝ Բաքու այցից հետո, ընդ որում, Ադրբեջանում նրա հայտարարություններում թերահավատության նշույլներ չկային: Դեռ ավելին՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն էլ համատեղ ասուլիսի ողջ ընթացքում հայտարարել է, թե խնդիրը չի կարգավորվում հենց Ադրբեջանի պատճառով, քանի որ նրանք ամեն անգամ հնարավոր ու անհնարին մեթոդներով ետ են կանգնում ձեռք բերված համաձայնություններից, որ այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա, եւ հայտնի են բոլոր սկզբունքները, մնում է՝ իրագործվեն: Ավելին՝ երեկ էլ Նալբանդյանը պնդել է. «Հայաստանը մտադրված է, եւ մենք երբեւէ ետքայլ չենք կատարել ձեռք բերված պայմանավորվածություններից Ռուսաստանի, համանախագահ երկրների հետ շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»:
Եւ ուրեմն՝ ի՞նչն է ստիպել Լավրովին Երեւանում այսկերպ խոսել՝ դժվար է միանշանակ պնդելը: Կարելի է ենթադրել՝ այնուամենայնիվ, նրա խոսքերը, թե Ադրբեջանը կարող է անդամակցել ԵԱՏՄ-ին, այնքան էլ միանշանակ արձագանք չեն ստացել ՀՀ-ում, եւ հիմնական դժվարությունն այստեղ է: Չէ՞ որ ՀՀ-ն, որպես ԵԱՏՄ լիիրավ անդամ, վետոյի իրավունք ունի եւ կարող է կասեցնել Ադրբեջանի մուտքը տնտեսական այդ միավորում:




Լրահոս