ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԱԱԾ-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով վկաներ, դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանը, Արթուր Սանոյանը եւ Ռ. Սարիբեկյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, դատարանում հայտարարել են, որ «Հրազդան» ՔԿՀ-ի պետի հարկադրմամբ եւ նույն հիմնարկի հետաքննիչ Հ. Սարգսյանի թելադրանքով հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հիշյալ ՔԿՀ-ի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ: Բացի այդ՝ նույն հետաքննիչը իրենցից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում ներառել է կեղծ տվյալներ, ինչպես նաեւ առաջարկել դեպքի շատ հանգամանքներ ներկայացնել այլ կերպ:

Այս հայտարարությունից հետո դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը խնդրել էր ապահովել իր անվտանգությունը, որ նա հետ չվերադառնա «Հրազդան» ՔԿՀ: Նրա խնդրանքը բավարարվեց, եւ դատապարտյալներ Սանոյանին, Դալլաքյանին տեղափոխեցին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Այդ հայտարարությունից 4 ամիս անց ՀՔԾ-ն պաշտոնապես հայտնեց, որ դատապարտյալներ Ալիկ Դալլաքյանի, Արթուր Սանոյանի, Ռազմիկ Սարիբեկյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու դեպքերի առթիվ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով երեք քրեական գործեր են հարուցվել՝ սուտ մատնություն:
Եւ մինչ ՀՔԾ-ն սուտ մատնության հատկանիշներով քրեական գործը կքննի, «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել դատապարտյալներ Արթուր Սանոյանը եւ Ալիկ Դալլաքյանը՝ հայտարարելով, որ իրենք սուտ չեն ասել, ավելին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը նամակ են ուղարկել՝ խնդրելով ԱԱԾ քննիչներին ներկայանալ «Արմավիր» ՔԿՀ, քանի որ իրենց բանտում վախեցնում են քրեական պատասխանատվության ենթարկելով: ««Հրազդան» ՔԿՀ պետի դեմ հայտարարությունից հետո գնում եմ առերեսման ՔԿՀ դատապարտյալի՝ Ռազմիկ Սարիբեկյանի հետ, ու նա առերեսման ժամանակ ինձ ասում է, որ «Հրազդան» ՔԿՀ պետ Մարգարյանի հետ խոսել է: Ինձ Ռազմիկ Սարիբեկյանն ասում է, որ ախպե՛ր, մենք դատվում ենք, եկեք, պետին օգնենք, հանենք այս պատմության արանքից, քանի որ պետը ասել է, որ գնում է թոշակի ու մեր դեմ բան չունի: ՀՔԾ քննիչ Ա. Մանանդյանը բացելով քրեական օրենսգիրքը՝ ինձ ցույց է տալիս, որ հա՛մ տուգանք կա, հա՛մ էլ պատալոգ երկու տարի դատվել կա, նա ինձ չի լսել ու միանգամից դատվելու մասին է խոսում: Եթե նա մաքուր մարդ է, ինչու է ինձ նման բան ասում, քննությունը ոնց կա, թող այդպես գնա: Թող քննեն, տեսնեն՝ ես ճիշտ եմ ասել՝ ինչ կա, թե չէ: Ես ԱԱԾ-ին նամակ եմ գրել, խնդրել եմ, որ այս քրեական գործը ՀՔԾ-ից վերցնեն եւ այլ տեղ քննեն, ինչո՞ւ են քննիչները ինձ այս ճանապարհով վախեցնում: Քննիչ Ա. Մանանդյանը ասում է, թե Ալի՛կ, երկու հոդված կդնեմ վրադ, դատել կտամ: Ես այն, ինչ հայտարարել եմ «Հրազդան» ՔԿՀ պետի մասին, ճիշտ է, թող ԱԱԾ-ն գա ու քննի, թե ինչ է եղել»:
Դատապարտյալը հայտարարեց, որ. «Մենք այս պահին Արթուր Սանոյանի հետ հացադուլ ենք հայտարարել: Ես հանուն արդարության ամեն ինչ կանեմ, եթե իմ ճշտի համար ինձ նորից քրեական պատասխանատվության պետք է ենթարկեն, ես ոչինչ չեմ խնայի, կնոջս կասեմ, բենզինը կվերցնի, կգնա նախագահականի դիմաց ու կվառի իրեն, որ նախագահը տեսնի, թե ինչ է կատարվում իրավապահ համակարգում»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատապարտյալ Արթուր Սանոյանը եւս մեզ հայտնեց, որ ամեն ինչ անում են, որպեսզի իրենք «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի դեմ արված հայտարարությունից հրաժարվեն. «Ասում են՝ ասեք, թե իբր մեզ այլ մարդ է ուղղորդել, որ մենք նման հայտարարություն անենք: Բայց մեզ այլ մարդ չի ուղղորդել: Ես հրաժարվում եմ որեւէ տեղ գնալուց եւ որեւէ մեկի հետ հանդիպումից, թող մեր գործը ԱԱԾ-ն քննի, ու տեսնեն, թե ով է ճիշտը»:
Թե որքանով են դատապարտյալների բարձրաձայնումները իրականությանը համապատասխանում, ցույց կտան հետագա զարգացումները, սակայն փաստ է, որ դատապարտյալները բարձրաձայնելով խնդիրը եւ դիմելով ԱԱԾ՝ փորձում են իրավիճակ փոխել:
Նշենք, որ դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը ազատազրկման է դատապարտվել գողության համար, եւ նրա պատժի կրմանը մնացել է մեկ տարի երկու ամիս, իսկ Արթուր Սանոյանը ավազակային հարձակման համար 8 տարի ազատազրկման է դատապարտվել, նրա ազատմանը մնացել է 2 տարի:
Ինչ շահագրգռվածություն ունի ՀՔԾ-ն «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանին «ջրից չոր դուրս բերելու համար», ի պատասխան մեր այս հարցին՝ ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին, եթե ՀՔԾ-ն որեւէ շահագրգռվածություն ունենար, ապա «Հրազդան» ՔԿՀ պետի եւ ՔԿՀ պաշտոնատար անձանց մասով պաշտոնական չարաշահումների եւ առերեւույթ հանցագործությունների մասով մեկ այլ քրեական գործ չէր քննի:
Իսկ անդրադառնալով դատապարտյալների այն պնդմանը, որ իրենք ճիշտ են եւ սուտ հայտարարություն չեն իրականացրել, ՀՔԾ-ից մեզ հայտնեցին. «Սուտ մատնության հատկանիշներով նախաքննությունը շարունակվում է, եթե նախաքննության ընթացքում չհիմնավորվեն նրանց կողմից իրականացված հայտարարությունները, ապա օրենքով սահմանված կարգով հարուցված քրեական գործը կկարճվի»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԻ ՆԿՈՒՂԻ ԾԵԾԸ
Շուրջ 5 ամիս է անցել, ինչ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նկուղում «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամների՝ Գագիկ Եղիազարյանին, Արայիկ Խանդոյանին, Արեգ Կյուրեղյանին, Սմբատ Բարսեղյանին եւ Մխիթար Ավետիսյանին ծեծի ենթարկեցին: Ծեծի ենթարկված խմբի անդամները փաստաբաններին հայտնել էին, որ օպերացիան ղեկավարել էր Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Ղազարյանը: Այս հայտարարությունների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հուլիսի 3-ին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող կալանավորված անձանց եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով:
«Ժողովուրդ» օրաթերթը միջադեպից 5 ամիս անց զրուցեց Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի հետ: Ըստ պաշտպանի՝ մինչ օրս գործով որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, եւ դեռ ավելին՝ ոստիկաններից որեւէ մեկի հետ մինչ օրս որեւէ առերեսում չի եղել. «Եվրոպայի խորհրդից փորձագետներ էին եկել Հայաստան, այդ օրը բարձրաձայնեցի այս խնդրի մասին ու մեկ էլ հաջորդ օրը ստացա ծանուցում, որ ինձ կանչում են բաժին: Ստացվում է, որ միչեւ միջազգային հանրության մոտ չբարձրաձայնես, քննիչները չեն շարժվի տեղից: Սակայն ծանուցում եմ ստանում, որ մեկ ժամ է մնացել, ներկայանամ բաժին ու ժամանակ չեմ ունենում՝ պատրաստվեմ կամ ծանուցումը ստանալուց հետո գնում եմ քրեակատարողական հիմնարկ, քննիչը չկա: Ձեւական ծանուցագրերը ուղարկում են մեկ բանի համար, որ գործի մեջ ցույց տան, թե իրենք գործողություններ են իրականացնում, բայց մինչ օրս որեւէ ոստիկանի հետ առերեսում չի եղել, մեղադրյալ չկա, հայտնի չէ, թե ով է եղել հրաման տվողը, եւ այսպես շատ հարցեր»:
Ըստ պաշտպանի` այս ընթացքում ներկայացրել են միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. «Միայն փորձագետի եզրակացությունը մեզ ներկայացնելով՝ ուզում են ցույց տալ, որ արդյունավետ աշխատել են: Իսկ եզրակացության մեջ նշվել է, որ նրանց մարմնի վրա քերծվածքներ են եղել: Այս մասով մենք առարկություն չունենք, քանի որ մարդիկ ի սկզբանե ասել էին, որ իրենց ծեծել են, եւ, բնականաբար, ծեծի հետեւանքով էլ պետք է քերծվածք լիներ»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԳՐԻՊ ՉՈՒՆԵՆՔ
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի փոխանցմամբ՝ հիմա այնպիսի շրջան է, որ ամառային վարակները նվազում են, իսկ ձմեռայինները դեռ չեն սկսվել: Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա կա, թեթեւակի վիրուսներ են, բայց, համենայն դեպս, գրիպ չունենք. «Մենք այսօր գրիպ, որպես այդպիսին, չունենք Հայաստանում: Վիրուսային շնչական վարակներ ունենք, բայց գրիպ չունենք»:

 

 

 

ՓՈԽԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂԻ
ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, խոսելով պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութի ներդրման շուրջ բարձրացած աղմուկի մասին, նշել է, որ նման իրավիճակ տեղի է ունեցել Խորհրդային Միության տարիներին դիֆթերիայի դեմ պատվաստումների վերաբերյալ: Նա նկատել է, որ այդ ամենը բերել է նրան, որ անկախ Հայաստանում 1990թթ. կեսերից ունեցանք դիֆթերիա հիվանդության բռնկում. «Բավականին մեծ ջանքեր, ռեսուրսներ պահանջվեցին, որ այդ բռնկման դեմ կարողանանք պայքարել»: Նախկին նախարարի խոսքով՝ պապիլոմա վիրուսը, մարդու օրգանիզմում լինելով, որոշ ժամանակ հետո փոխակերպվում է քաղցկեղի: Դիտարկմանը, թե այդ պատվաստման ընդդիմախոսները խոսում են դրա պատճառով նյարդային ամենատարբեր խնդիրների առաջացման, գենետիկ ֆոնի փոփոխությունների մասին, նախկին նախարարն այսպես է արձագանքել. «Եթե նման հետեւանքներ ունենային, տարբեր երկրներում անմիջապես կդադարեցնեին, բա ինչո՞ւ են շարունակում»:

 

 

 

ԱՌԱՆՑ ԼԻԱԶՈՐԱԳՐԻ
Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան նիստը հետաձգելու մասին: Պաշտպանական կողմը նշել է, որ դատարան ներկայացած դատախազներ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը դատարան լիազորագիր չեն ներկայացրել, եւ դատական նիստը չի կարող շարունակվել, եթե նրանք այս գործով որպես դատախազներ ներգրավված չեն: «Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որպեսզի այս գործը շուտ քննվի: Մենք չենք էլ իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել դատարան, բայց դատական նիստերը կայացվել են, միգուցե սա բոլորիս մեղավորությունն է: Այս գործով քննվող երեք վարույթներով էլ դատախազները պետք է լիազորագիր ներկայացնեն եւ ներգրավվեն որպես մեղադրողներ: Դատական նիստը պետք է հետաձգվի, հնարավորություն տրվի նրանց, որպեսզի լիազորագիր ներկայացնեն»,-ասել է ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:




Լրահոս