ԵՐԳԵՐԸ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՓՈՇԻ Է ՆՍՏԵԼ, ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՍՏԱՆԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Հայաստանի մարզերում մշակութային ոլորտների պահպանման, տարածման ու հանրահռչակման համար կյանքի է կոչվել «Արար» ծրագիրը։ Ծրագրի պատասխանատուն Արսեն Գրիգորյանն է (Մրո)։ «Ժողովուրդ»-ը երգչի հետ զրուցել է ծրագրի մանրամասների, մենահամերգի հետաձգվելու պատճառների, նոր երգերի մշակման եւ այլ թեմաների շուրջ։ Արսեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ Մոնթե Մելքոնյանին նվիրված երգի հիման վրա պատրաստվում է նկարահանել տեսահոլովակ։ Նա նաեւ ազգային շտեմարանից ընտրում է հին, արժեքավոր գործեր եւ նորովի է ներկայացնում դրանք։

-Պարո’ն Գրիգորյան, ծրագիրն ի՞նչ փուլում է: Մի փոքր կպատմեք՝ ո՞ւր եք հասել:
-Ծրագրի մեկնարկը տրվել է Բերդավանից։ Այնտեղ ունենք երգի, նկարչության, պարի մասնագետներ։ Համայնքներում ունենք նաեւ մասնագետներ՝ ժողովրդական արվեստի հետ կապված, օրինակ՝ փայտագործներ։ Համայնքներում մշակույթի տների տնօրենների հետ ստեղծել ենք կենտրոններ, իսկ մասնագետներն ընտրվել են հենց համայնքներից։ Նրանց համար ապահովել ենք աշխատանք։ Ընդ որում, երեխաներն իրենց ուսման համար չեն վճարում, այդ վճարը փոխանցում է պետությունը։ Իսկ կենտրոնների համար տարածք տրամադրել են մարզպետարանները։ Թվով 11 համայնքներում ունենք ավելի քան 300 երեխա, որոնք հաճախում են մեր խմբակներ։
-Ձեր հանդիսատեսը սպասում է մենահամերգի: Առաջիկայում նման առիթ կընձեռվի՞, թե ամբողջովին նվիրվել եք «Արար» ծրագրի իրականացմանը:
-Հաջորդ տարվա ընթացքում անպայման հանդես կգամ մենահամերգով։ Նախատեսել էի, որ այն կիրականացվի այս տարվա հոկտեմբերին, բայց քանի որ նախարարի հետ ձեռնամուխ եղանք «Արար» ծրագրի իրականացմանը, որն, ի դեպ, կարծում եմ, ավելի կարեւոր է, մենահամերգիս հետ կապված աշխատանքները հետաձգվեցին։ Ասեմ, որ մենք չենք սահմանափակվելու այդ տասնմեկ համայնքներով։ Փորձելու ենք անել այնպես, որ ամբողջ Հայաստանի տարածքում ունենանք մեր մասնագետները։ Ի դեպ, մի ուրախալի փաստ ասեմ։ Բերդավանի մասնագետներից մեկը պատրաստվում էր ընտանիքով հեռանալ հայրենիքից, բայց երբ իմացավ, որ իրեն աշխատանքի հնարավորություն է տրված, ասաց. «Էլ ինչո՞ւ եմ գնում, կմնամ»։ Փաստորեն, մենք կարողացանք կանխել արտագաղթը։ Դա ինձ համար շատ կարեւոր է։ Իսկ համերգով հանդես կգամ հաջորդ տարի, ծրագիրն արդեն պատրաստ է։
-Ազգային, ժողովրդական երգերի նոր մշակումներ կլինե՞ն։ Գիտենք, որ պարբերաբար աշխատանքներ եք տանում այդ ուղղությամբ, բայց վերջին շրջանում նոր գործեր կարծես թե չեն հնչել։
-Իմ տարբերությունը մյուս երգիչներից այն է, որ ես որեւէ հատուկ ալբոմ չեմ թողարկում, բայց անընդհատ ձայնագրում եմ նոր երգեր, հիմնականում դրանք մատուցում եմ կենդանի կատարումներով։ Հատկապես ընտրում եմ այն երգերը, որոնց վրա փոշի է նստել։ Իմ նպատակն այն է, որ այդ երգերը համատարած բնույթ կրեն։ Շատ եմ կարեւորում նաեւ մեր ազգային հերոսներին գովերգող երգերը, օրինակ՝ Մոնթե Մելքոնյանի մասին։ Ի դեպ, նրան նվիրված երգերից մեկի հիման վրա մտադիր եմ նկարահանել տեսահոլովակ՝ օգտագործելով արխիվային կադրեր։ Գուսան Հայկազունը, կարծում եմ, շատ գեղեցիկ, ուսուցողական գործ է ստեղծել, որը հարկավոր է ներկայացնել նորովի։
-Իսկ արտերկրից, սփյուռքի հայկական գաղթօջախներից համերգների հրավերներ ունե՞ք։
-Այո՛, հրավերներ եմ ստացել Նորվեգիայից, որտեղ, փաստորեն, ունենք 2500 հայ, Սուրբ Ծննդյան տոներին լինելու եմ այնտեղ։ Կան հրավերներ նաեւ Կանադայից, Շվեդիայից, որտեղ Հարության տոնի հետ կապված համերգ եմ ունենալու։ Հաջորդ տարի Հայաստանի անկախության 100-ամյակի առթիվ բազմաթիվ համերգներ են սպասվում հայրենիքում եւ դրանից դուրս։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ՍԵՐԻԱԼՆԵՐՈՒՄ ԷԼ ՉԻ ՆԿԱՐԱՀԱՆՎԻ

Դերասան Գուրգեն Սարգսյանը, ով հանրության լայն զանգվածներին հայտնի դարձավ «Աննա» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարով, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սերիալներում նկարահանվելու ցանկություն այլեւս չունի. «Դրա կարիքն այլեւս չկա»,-ասաց նա։ Հարցին, թե արդյոք հիասթափվել է ոլորտում տիրող իրավիճակից, դերասանը պատասխանեց. «Ո՛չ, երեւի ես եմ մեծացել։ Զբաղվածությունս էլ թույլ չի տա, որ նկարահանվեմ»։

Ինչ վերաբերում է առաջիկայի պլաններին, ապա երկրպագուները ուրախանալու առիթ կունենան. Գուրգենը հանդես կգա Մհեր Մկրտչյանի նոր՝ «Լյուդվիգ անունով ոզնին» լիրիկական կատակերգությունում (ֆիլմում նկարահանվել են նաեւ Սամվել Թոփալյանը, Արծրուն Չոբանյանը, Անի Ղազարյանը, Ժան Նշանյանը, Գեորգի Հովակիմյանը, Մարինա Մնացականյանը, Քրիստինա Հովակիմյանը։ Այն ռեժիսորի առաջին հայկական կատակերգությունն է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2018 թվականին). «Կարծում եմ՝ հանդես կգամ անսպասելի կերպարում, նման դեր երբեւէ չեմ խաղացել»,-շեշտեց Գուրգենը։
«Գոյ» թատրոնի դերասանը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է բեմադրել նոր ներկայացում։ Ի դեպ, նախկինում նույն թատրոնում նա բեմադրել է «Ծովահենների հեքիաթը» մանկական ներկայացումը։ Թե ինչ պիեսի հիման վրա բեմադրություն է նա առաջիկայում պատրաստվում հանձնել հանդիսատեսի դատին, չմանրամասնեց։ Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ դա լինի մոնոներկայացում, Գուրգենը տվեց բացասական պատասխան։
Խոսելով թատրոնների հետ կապված պետության վարած քաղաքականության մասին՝ դերասանը համոզմունք հայտնեց, որ այն իրեն միանշանակ չի բավարարում։ Նրա խոսքով՝ խնդիրներն այնքան շատ են, որ դժվար է անգամ մեկ զրույցի ընթացքում դրանց անդրադառնալ. «Նախ պետք է լուծել թատրոնի աշխատողների աշխատավարձերի ցածր լինելու խնդիրը։ Այս կառույցները պետք է հաճախակի արժանանան պետական աջակցության։ Կարծում եմ՝ պետությունն անուշադիր է թատրոնների նկատմամբ»,-եզրափակեց նա։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս