ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՕՐԸ ՀԱՅՏՆԻ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ վաղը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կայանալու է Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Ի սկզբանե հայտարարվել էր, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի: Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման պահվածքի պատճառն այն է, որ համաձայնագիրը չի ստորագրվի գագաթնաժողովի պաշտոնական արարողության ընթացքում: Իսկ պատճառն այն է, որ գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Ադրբեջանը, եւ այդ երկրի ղեկավարությունը չի ցանկանում համաձայնագրի ստորագրմանը մասնակցել: ԵՄ պատասխանատուները փաստացի պետք է ընտրություն կատարեին համաձայնագրի ստորագրման օրը փոխելու եւ Ադրբեջանին Արեւելյան գործընկերության երկրների կազմից փաստացի դուրս թողնելու միջեւ: Ի վերջո, որոշվել է, որ ստորագրման արարողությունը տեղի կունենա գագաթնաժողովի պաշտոնական արարողության ավարտից հետո: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի ստորագրումը հնարավոր է հետաձգվի մեկ օրով եւ տեղի ունենա նոյեմբերի 25-ին: Եթե, իհարկե, գագաթնաժողովը ինչ-ինչ պատճառներով չերկարի:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրությամբ 100 հազարական դրամ պարգեւատրում են ստացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության 7 աշխատակիցներ՝ պետից մինչեւ գործավար: Միայն թե անհասկանալի է՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու իր աշխատակիցները ո՞ր արժանիքի եւ ձեռքբերումների համար են արժանացել 100 հազարական դրամի, եթե մայրաքաղաքի տրանսպորտը շարունակում է մնալ խայտառակ վիճակում: Հ. Նավասարդյանը «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ միայն ասաց. «Այդ հարցը տվե՛ք նրան, ով որ պարգեւատրել է»: Բայց եթե հաշվի առնենք փաստը, որ պարգեւատրման որոշումը կայացվել է հունիսին, կարելի է ենթադրել՝ այսպես Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Երեւանի ավագանու ընտրություններում իր օգտին աշխատելու համար: Լուրեր կան, որ Նավասարդյանն իր աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն նախընտրական շրջանում զբաղված էր ՀՀԿ օգտին ձայներ հավաքելով:

 

 

 

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը վաղը կքննարկի «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի նախագիծը. որ հեղինակել են ՀՀԿ-ական պատգամավորներ, այդ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, Սամվել Նիկոյանն ու Գալուստ Սահակյանը: Սակայն 2016թ. փետրվարի 10-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել, որով սահմանվել էր սահմանադրական փոփոխություններից հետո ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Ըստ այդմ, Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը պետք է մշակեր ու ԱԺ ներկայացներ ՀՀ արդարադատության նախարարությունը: Այնինչ՝ ՀՀ ԱՆ-ն այդպես էլ չի կատարել Ս.Սարգսյանի հրամանագրով իր վրա դրված գործառույթը: Ավելի ճիշտ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախարարությունը պատրաստ է եղել նախագիծ մշակելու, բայց այդ իրավասությունը ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց վրա են վերցրել, որպեսզի պալատի լիազորությունները սահմանափակող նախագիծ ներկայացնեն:

 

 

 

Կաշառքի միջնորդության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է հերթական փաստաբանը՝ Վաղինակ Աթոյանը: Ավելի ուշ նրան ստորագրությամբ ազատ են արձակել: Սակայն նկատենք, որ այս մեկ տարվա ընթացքում թվով չորրորդ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի միջնորդության համար. նրանք գումար են վերցրել իրենց պաշտպանյալից՝ դատավորին տալու եւ այդպես գործի ելքը հօգուտ մեղադրյալի կայացնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու են փաստաբանները կոռուպցիոն սկանդալի մեջ հայտնվում, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասել է. «Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են»:

 

 

 

ԷԼԻ ՓԱԿՎԵՑ
Հայաստանը կրկին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ. եղանակային պայմանների վատթարացման հետեւանքով փակվել է Վերին Լարսի անցակետը: Երեկ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայկական կողմին տեղեկացրել են, որ ձյան պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ մեքենաների համար, եւ անցնել կարող են միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաները: Ու քանի որ ձյան տեսքով տեղումներն առաջիկայում էլի են շարունակվելու, նշանակում է՝ Վերին Լարսի անցակետը դեռ երկար կմնա փակ: Հետեւանքները դժվար չէ գուշակել. Հայաստանը տեւական ժամանակ զրկվելու է ԵԱՏՄ անդամ երկրների, մասնավորապես Ռուսաստանի հետ ցամաքային կապով հաղորդակցվելու հնարավորությունից եւ պարզապես չի կարողանալու արտահանել ապրանքները ԵԱՏՄ երկրներ, կամ այնտեղից ՀՀ ներկրումներն իրականացնել: Իսկ եթե նկատի ունենանք փաստը, որ այս տարվա երրորդ վիճակագրական եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 27,8 տոկոսն ԱՊՀ երկրների հետ է, որից 24,6 տոկոսը՝ ՌԴ-ի հետ, դժվար չէ կռահել՝ տնտեսությանն ինչպիսի հարված է սպասվում: Առավել եւս, երբ առանց այն էլ սկսել էին դանդաղել արտաքին առեւտրաշրջանառության, մասնավորապես արտահանման տեմպերը: ԱՎԾ օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին արտահանման ծավալների աճը 19,4 տոկոս է եղել, բայց հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արտահանումը նվազել է 0,7 տոկոսով:
Վերին Լարսն իհարկե առաջին անգամը չէ, որ փակվում է: Տարվա այս եղանակներին եւ, ընդհանրապես, արտակարգ իրավիճակների պատճառով անցակետը հաճախ է փակվում, իսկ հայ գործարարները հայտնվում են փաստի առաջ: Չնայած ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ պնդում են, թե փորձում են Լարսին այլընտրանքային ուղիներ գտնել, միեւնույն է՝ ապարդյուն: Եթե անկեղծ, ապա այդ ամենը ՀՀ իշխանություններից կախված չէ, այլ պայմանավորված է ռուս-վրացական հարաբերություններով: Վրաստանով դեպի ՌԴ բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներից մեկն էլ աբխազական երկաթգիծն է, որը, սակայն, ավելի քան 20 տարի է՝ չի գործում ռուս-վրացական կոնֆլիկտի պատճառով, եւ դժվար է ասել՝ երբ այն կգործարկվի, ու արդյո՞ք կողմերը թույլ կտան, որ այն դառնա տարանցիկ փոխադրումների ուղի: Հայաստանը դեպի ՌԴ կարող էր ցամաքային կապ ունենալ նաեւ Ադրբեջանի տարածքով, բայց այստեղ էլ խանգարում է Ղարաբաղյան հակամարտությունը, դրա պատճառով՝ հարեւան երկրի հետ հարաբերությունների իսպառ բացակայությունը /մեղմ ասած/: Այնպես որ, համաձայնեք, տարածաշրջանային կոնֆլիկտները լուրջ խոչընդոտ են երկրների զարգացման համար:




Լրահոս