ՄԵՂԱՎՈՐԸ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում անդրադարձել էինք «Դիլիջանի պետական բժշկական քոլեջի» տնօրենի մրցույթին, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին: Այդ մրցույթում միաձայն հաղթել էր քոլեջի գործող տնօրեն Վարդան Գեւորգյանը, որը ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, եւ նրա մեղադրանքով քրեական գործը ներկայումս քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Իհարկե, քանի դեռ չկա անձին դատապարտող դատավճիռ, տվյալ մարդը համարվում է անմեղ: Ուստի Վարդան Գեւորգյանի կողմից տնօրենի մրցույթին մասնակցելը իրավական տեսանկյունից խնդիր չի առաջացնում: Այս դեպքում խնդիրը մրցութային հանձնաժողովն է: Մարդիկ առանց կաշկանդվելու քոլեջի տնօրենի պաշտոնում հաստատել են մի մարդու, որը բացառված չէ, որ առաջիկայում պաշտոնեական դիրքի չարաշահման համար կարող է դատապարտվել: Նման վերաբերմունքը կրթօջախի ղեկավար պաշտոնը զբաղեցնող անձի ընտրության նկատմամբ, մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տալիս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս մտահոգություն հայտնեց, որ խորհուրդները հաճախ ազատ չեն եւ գտնվում են ինչ-որ անձանց ազդեցության տակ:
-Դիլիջանի պետական բժշկական քոլեջում օրեր առաջ մրցութային խորհուրդը տնօրեն է ընտրել գործող տնօրենին՝ Վարդան Գեւորգյանին, ով ներկայումս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Ինչպե՞ս է նման բան հնարավոր:
-Մեզ համար իսկապես խնդիր են խորհուրդները: Հիմա կառավարություն ենք ներկայացնում նոր կարգը: Այժմ խորհուրդներն իրավասու են ցանկացած լիցենզիա ունեցող մարդու, որը բաց մրցույթով դիմել է, ընտրեն: Ձեր ասածի պարագայում, եթե քրեական գործ է առկա, մինչեւ որեւէ ձեւ մեղադրանք չի հաստատվում, նա անմեղ է: Եթե մեղադրանքի արդյունքում կալանքի խնդիր է լինում, արդեն դատախազությունը դիմում է նախարարությանը, եւ դադարեցվում են նրա լիազորությունները: Մարդը, եթե անգամ քրեական գործ է հարուցված, բայց չի կալանավորվում, նա մինչեւ դատավճռի կայացումն անմեղ է:
-Որքանո՞վ են դպրոցների այդ խորհուրդներն ազատ գործում: Ովքե՞ր են ընդգրկված դրանց կազմում:
-Իմ անձնական տպավորությամբ դպրոցական խորհուրդները, որոնք հիմա ձեւավորված են, կարիք ունեն արմատական բարեփոխման: Դպրոցի տնօրենը պետք է ունենա ավելի մեծ պատասխանատվություն, եւ ընտրվելու ձեւաչափն այս խորհուրդների միջոցով պետք է փոփոխել: Սա իմ մոտեցումն է, եւ մենք բարեփոխումներն իրականացնում ենք: Այսօրվա խորհուրդներն այնքան թույլ են, որ հաճախ կարող է ընկնեն համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի, ԲՈՒՀ-ի ազդեցության տակ, եւ, ասենք, մեկ կամ երկու հոգին, որ նախարարությունը կամ մարզպետարանն ունենում է, անգամ չեն կարողանում խնդիրը լուծել: Եվ մենք անգամ ունենք փաստ, որ, ցավոք սրտի, ժառանգականության որոշակի սկզբունք է ներդրվել, որը հիմա արդեն մեծ էներգիա ենք ծախսում ջարդելու համար: Դրա համար պետք է արմատապես փոխվի այդ կառավարման համակարգը: Դա դրել ենք արդեն իբրեւ խնդիր: Խորհուրդները երբեմն ազատ են, երբեմն անձնական շահերով են առաջնորդվում, այսինքն՝ մեխանիզմը պետք է փոխվի: Խնդիրն այն է, որ մենք ժամանակին եվրոպական չափանիշներով ենք ընտրել խորհուրդները, կան ներկայացուցիչներ ե՛ւ մարզպետարանից, ե՛ւ նախարարությունից, ե՛ւ համայնքից, ե՛ւ ծնող, ե՛ւ ուսուցիչ: Սակայն ես կարծում եմ, որ դա պետք է շատ անկախ միավոր լինի:
-Ձեր կողմից կառավարությանը ներկայացված կարգն ի՞նչ է իրենից ենթադրում:
-Մենք բավականին լուրջ փոփոխություններ ենք նախատեսում: «Ուսուցիչ» ծրագիրը, որի մասին մենք խոսում ենք, ամենակարեւոր հատկություններից մեկը դպրոցների կառավարման նոր մեխանիզմի ներդրումն է, ֆինանսավորման նոր մեխանիզմը, որովհետեւ իրար հետ կոմպլեքս կապ ունեն:

 

 

 

ԳՆԴԱԿԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ Է

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ տարկետման վերացման դեմ բողոքող ուսանողների եւ օրենսդիրների ու կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղան-քննարկումը:

Քննարկումից հետո նախաձեռնության անդամ Սարգիս Բալդարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, թե հանդիպումն անցավ կառուցողական եւ աշխատանքային մթնոլորտում: «Ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ հետագա անելիքների շուրջ: Մասնավորապես պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկշաբաթյա ժամկետում կառավարությունը պետք է հստակ մոտեցում ձեւակերպի մեր առաջարկների շուրջ, եւ այդ ժամկետի ավարտից անմիջապես հետո պետք է տեղի ունենա հաջորդ աշխատանքային հանդիպումը՝ ձեւավորված աշխատանքային խմբի շրջանակում, որոնք արդեն պետք է աշխատեն օրենքում եղած բացերը, խնդիրները լուծելու, հնարավոր լուծումներ գտնելու ուղղությամբ», – ասաց նա:
Նշենք, որ երեկվա հանդիպմանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ներկայացել էին երկու առաջարկով, որի շուրջ որոշում կայացվեց շարունակել քննարկումներն ինչպես կառավարության, այնպես էլ խորհրդարանի ներկայացուցիչների հետ:
«Մենք ունեինք երկու հստակ առաջարկ, մեկը վերաբերում է նպատակային տարկետման տեղերի հատկացմանը շնորհալի երիտասարդների համար՝ սահմանափակ թվով, եւ երկրորդը վերաբերում է այլընտրանքային ծառայություն մշակելուն, որի պայմաններում ուսանողը հնարավորություն կունենա սովորել համալսարանում, միաժամանակ տարվա կտրվածքով որոշակի ամիսներ ծառայել բանակում: Պետք է ասեմ, որ բացասական պատասխան ոչ մի առաջարկին չտրվեց, ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ քննարկելու երկուսն էլ», – ընդգծեց Սարգիս Բալդարյանը:
Ի դեպ, քննարկման ընթացքում նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը մանրամասնեց, թե իրենք ինչպես են պատկերացնում այլընտրանքային ծառայություն ասվածը: «Չորս տարվա բակալավրիատի ընթացքում մեկուկես տարվա ծառայությունը մենք բաշխում ենք այդ չորս տարվա մեջ, այսինքն՝ տարվա ընթացքում, սա կարելի է իհարկե քննարկել, մոտ չորս ամիս ծառայություն՝ երկու-երկու ամիս կտրվածքով, սա հնարավորություն է տալիս, որպեսզի ոչ թե մենք բուհը տանենք բանակ, այլ բանակը բերենք բուհ։ Այսինքն՝ չորս տարի ուսանողը լինում է ծառայության մեջ, միեւնույն ժամանակ նա համալսարանում շարունակում է իր կրթությունը», – պարզաբանեց Պետրոսյանը՝ առաջարկելով, որ եւս վեց ամիս էլ մագիստրատուրայի ընթացքում ծառայությունը շարունակվի։
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը քննարկման ժամանակ նկատեց, որ գնդակը կառավարության դաշտում է, եւ ուսանողների առաջարկները պետք է փաստաթղթավորվեն ու տեղ գտնեն կառավարության որոշումներում եւ ենթաօրենսդրական ակտերում:
Հավելենք, որ քննարկմանը մասնակցում էին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հինգ ներկայացուցիչ: ՀՀ իշխանությունները քննարկմանը ուղարկել էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ՀՀ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանին, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին, ՀՀ ԱԺ կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 

ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՈՒՄ
Շիրակի պետական համալսարանում ստուգումներն ավարտվել են, եւ ակտն ուղարկվել է համալսարան: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համալսարանի նախկին դասախոս Գագիկ Համբարյանը նշեց, թե ռեկտոր Սահակ Մինասյանն ակտը գաղտնի է պահում, եւ միայն կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարությունից հետո են իմացել տեղեկանքի առկայության մասին: «Նույնիսկ նախկին պրոռեկտոր Բագրատ Պողոսյանն ու ներկայիս պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը տեղյակ չեն, ես անձամբ եմ նրանց հարցրել: Մինչեւ հիմա էլ թաքուն են պահում», – նշեց նա՝ հավելելով, թե ստուգումների արդյունքները պետք է քննարկվեին գիտխորհրդում, սակայն դա էլ չի եղել: Համբարյանի խոսքով՝ այս ամենը նման է անձնական նամակագրության ռեկտորի եւ նախարարի միջեւ: Ինչպես հայտնի է՝ մոտ երկու ամիս առաջ դասախոսների բաց նամակին եւ ուսանողների հետ համատեղ բողոքներին հաջորդեցին ուսումնական ու ֆինանսական մասով ուսումնասիրությունները:

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի դրամական միջոցները տարեցտարի աճում են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ըստ պաշտոնական հայտարարագրի՝ պատգամավորն ունի երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, Mercedes-Benz E250 D մակնիշի մեկ ավտոմեքենա: Պատգամավորը մեկ ընկերությունում ունի 296 հազար 800 դրամի բաժնետոմս, իսկ մեկում էլ` 540 մլն դրամի բաժնեմաս: Նրա փոխառությունները տարեվերջին կազմել են մոտ 8 մլրդ դրամ, 144 հազար եվրո, 7 մլն 871 հազար դոլար: Բացի այս՝ պատգամավորը հայտարարագրել է, որ ունի 200 մլն դրամի եւ 7 մլն 199 հազար դոլարի չափով դրամական միջոց: Որպես եկամուտ հայտարարագրած աշխատավարձը ամսական գերազանցում է 520 հազար դրամը: Բացի այս՝ նա մեկ ընկերությունից ստացել է 4 մլն դրամի չափով շահաբաժին: Պատգամավորը մոտ 6 մլն դոլարի չափով «նվեր» է ստացել: Տրված փոխառության դիմաց ստացել է 445 մլն դրամ եւ 7 հազար դոլար: Ի դեպ, Արսենյանի տիկինը` Գայանե Մկրտչյանը եւս խեղճ չէ դրամական միջոցներից, որոնք կազմել են 400 մլն դրամ: Նա մեկ ընկերությունից ստացել է 94.6 մլն դրամի շահաբաժին: Կրտսեր Արսենյանի` Վահագնի փոխառությունները անցած տարեվերջին կազմել են մոտ 154.5 մլն դրամ, 114 հազար եվրո: Փոխառություններից նա ստացել է ավելի քան 58 մլն դրամ, 35 հազար եվրո, 279 հազար եւ 150 հազար դոլար: Այս պատկերը, թերեւս, պատահական չէ. Հայաստանում սոցիալական բեւեռացումը գնալով ավելի է խորանում, երբ հարուստները տարեցտարի ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ ավելի աղքատանում: Նշենք նաեւ, որ Աշոտ Արսենյանն իր 24-ամյա որդուն փորձում է առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում դարձնել Ջերմուկի քաղաքապետ՝ վերջնականապես իրենով անելով այդ քաղաքը: Ի դեպ, դատելով նրանց ունեցվածքից՝ այդ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու խնդիր Արսենյանները հաստատ չեն ունենա, եւ փողը կհոսի գետի նման:




Լրահոս