«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով վերջին շրջանում փաստաբանների կալանավորման եւ նրանց կաշառքի մասով մեղադրանք առաջադրելու դեպքերին, ասաց. «Այս դեպքերը պետք է հաղորդագրություն լինեն դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին եւ ոստիկաններին՝ հեռու մնալ կոռուպցիոն սխեմաներից»:
Հիշեցնենք, որ 2016 թվականին կաշառք վերցնելու համար կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը, իսկ ահա կաշառքի միջնորդության համար մեղադրանք առաջադրվեց նաեւ փաստաբան Էլզա Զաքարյանին:
Սեպտեմբերի 17-ին հատուկ քննչական ծառայությունում կաշառքի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակում կալանավորվեց փաստաբան Գայանե Գուլոյանը:
Գեղարքունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի կաշառքի միջնորդության գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել փաստաբան Էդվարդ Չինարյանը:
Եվ վերջին դեպքը՝ նոյեմբերի 20-ին, կաշառքի միջնորդության գործով կրկին ՀՔԾ-ի կողմից կալանավորվեց փաստաբան Վաղինակ Աթոյանը, որի նկատմամբ երեկ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Փաստաբանների շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ:
-Պարո՛ն Զոհրաբյան, արդեն չորրորդ փաստաբանն է մեղադրյալի աթոռին հայտնվել: Պատճառը կաշառքի միջնորդությունն է, որպեսզի իրենց պաշտպանյալին մեղմ պատիժ նշանակեն: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:
-ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի համաձայն՝ անձն անմեղ է, քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճռով չի հաստատվել նրա մեղավորությունը: 2017թ. կաշառքին առնչվող երեք տարբեր քրեական գործերն առնչվում են երեք փաստաբանի հետ: Նշված փաստաբանների առնչությամբ քրեական գործերը դեռ չեն ավարտվել, հետեւապես չի կարելի ասել, որ նրանք հանցագործություն են կատարել: Իմ տեղեկություններով՝ մեկ գործն արդեն դատարանում է, իսկ մյուս երկու գործերը գտնվում են նախաքննության փուլում:
-Փաստ է, որ արդեն 4-րդ փաստաբանն է նման կոռուպցիոն դրսեւորման գնում, ինչի՞ հետեւանք կարող է լինել այս ամենը:
-Ընդհանրապես կոռուպցիայի՝ որպես երեւույթի մասին խոսելիս՝ պետք է արձանագրել, որ այն ներխուժել է հասարակական կյանքի համարյա բոլոր ոլորտները: Դատաիրավական համակարգում կոռուպցիայի դրսեւորումներն ավելի անհանգստացնող են: Մենք կոռուպցիայի դեմ պայքարի տեսակետից ունենք «ականներ» փաստաբանի վարքագծի կանոնագրքում, օրինակ՝ եթե փաստաբանը երաշխավորում է գործի ելքը, ապա դա հիմք է՝ արտոնագիրը դադարեցնելու համար: Փաստաբանական դպրոցում դասընթացների ժամանակ պարզաբանում ենք կոռուպցիոն երեւույթների վնասակար հետեւանքները: Այն ոչ միայն քրեաիրավական հետեւանքներով է վնաս տալիս, այլ նաեւ ոչնչացնում է փաստաբանի մասնագիտությունը: Հեշտ գումար աշխատելու ճանապարհն ընտրած մասնագետն այլեւս չի կարդալու գործի նյութերը, օրենսդրությունը, հետեւապես չի կատարելագործելու իր գիտելիքները, ինչն ի վերջո հանգեցնելու է նրա՝ որպես մասնագետի որակի անկմանը: Կոռուպցիայի պատճառները կապված են մարդու իրավագիտակցության մակարդակի, սոցիալական վիճակի եւ այլ հանգամանքների հետ: Այս տեսակետից պետք է բարելավել դատավորների նյութական պայմանները, իրազեկման աշխատանքներ կատարել քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց շրջանակում: Պարզ է, որ կաշառքն առաջանում է պահանջարկի եւ առաջարկի միաժամանակյա առկայության դեպքում: Հետեւաբար պետք է թիրախավորել երկուսն էլ: Եթե քաղաքացին գիտակցեց կաշառք տալու հետեւանքները եւ հասարակության բացասական վերաբերմունքը, ապա ձեռնպահ կմնա կաշառք տալուց: Եթե դատավորը գիտակցեց կաշառք վերցնելու իրավական հետեւանքները, այդ հարցում իր խոցելի լինելը եւ ամբողջ պետական համակարգի ու հասարակության բացասական վերաբերմունքը, ապա չի համաձայնի կաշառք վերցնել: Առաջարկի կամ պահանջարկի բացակայությունն արդեն կբացառի կաշառքի գործարքը՝ մյուս դերակատարներով հանդերձ:
-Այս գործընթացի տակ ինչ-որ միտում տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Տեսնում եմ իրավապահ մարմինների հետեւողական աշխատանքը կոռուպցիոն երեւույթները վերացնելու հարցում: Այս դեպքերը պետք է հաղորդագրություն լինեն դատավորներին, դատախազներին, փաստաբաններին, քննիչներին եւ ոստիկաններին հեռու մնալ կոռուպցիոն սխեմաներից:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՔԿՀ ՊԵՏ vs ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Տեւական ժամանակ է, ինչ դատապարտյալները բարձրաձայնում են «Հրազդան» ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Վահան Մարգարյանի գործունեության մասին աղմկահարույց մանրամասներ, ինչի առիթով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննություն է ընթանում:
Ու մինչ ՀՔԾ-ն քննում է դատապարտյալների այն պնդումները, որ ՔԿՀ ղեկավարությունը աչք է փակում քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակի վրա, որի արդյունքում դատապարտյալները ծեծվում են, մեզ քրեակատարողական հիմնարկում տիրող իրավիճակի մասով աղմկահարույց մանրամասներ են հայտնի դարձել:
Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ խիստ լարվել են «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանի եւ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հարաբերությունները, ինչի արդյունքում էլ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն ու կալանավորները հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ըստ լուրերի՝ ՔԿՀ պետի եւ վարչության պետի հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ իրավապահները կալանավորեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի ղեկավար Վահե Ախոյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա 2015 թվականի հուլիսի 02-ից մինչեւ նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով «Հրազդան» ՔԿՀ-ի օպերատիվ խմբի ղեկավարի պաշտոնը, կաշառք է պահանջել մեկ այլ անձի օգտին գործողություններ կատարելու համար եւ անձամբ ստացել է խոշոր չափերով՝ 727 հազար 600 դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ Վահե Ախոյանը, սակայն, պատահական մարդ չէ. վերջինս ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի քենակալն է: Ու հենց այս դեպքից հետո էլ, ՔԿՀ-ում տարածված լուրերի համաձայն, Արթուր Օսիկյանի եւ ՔԿՀ պետի հարաբերությունները լարվել են: Եւ հիմա մի շարք դատապարտյալներ ՔԿՀ պետի գործունեության մասով իրավապահներին են դիմում, իսկ ահա «Հրազդան» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանը իր շրջապատում հայտարարում է, որ իրենից վրեժ են լուծում այն բանի համար, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի քենակալը կալանավորվեց:
Թե որքանով են դատապարտյալների շրջանում տարածված այս խոսակցությունները համապատասխանում իրականությանը, ցույց կտա ժամանակը, բայց փաստ է, որ այս օրերին հատուկ քննչական ծառայությունում «Հրազդան» ՔԿՀ պետի՝ պաշտոնեական դիրքի չարաշահման մասով քրեական գործ է քննվում, որի մասին իրավապահներին հայտնել է ՔԿՀ-ում դաժան ծեծի ենթարկված դատապարտյալներից մեկը՝ Գ.Արսենյանը:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԸ ՄԵՐԺԵԼ Է
2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի եւ մյուսների գործով դատական նիստին ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Դավիթ Գյուրջյանը միջնորդել է, որպեսզի դատավորի պահանջով ներկայացվի նիստերի դահլիճում ներկա դատախազներից Արամ Արամյանի համապատասխան լիազորագիրը, որով նա այս գործով հանդես է գալիս որպես մեղադրող: Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը դատավոր Մեսրոպ Մակյանին հիշեցրել է, որ լիազորագիրը տրամադրվել է դեռեւս հունիսին: Դատավորը միջնորդությունը մերժել է, ինչից հետո Դ. Գյուրջյանը նրա դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ ընդգծելով, որ նա համապատասխան տեխնիկական խնդրին չցանկացավ լուծում տալ, էլ չասած՝ առաջիկա դատավարական կարեւոր գործողությունների մասին: «Դուք կանխակալ վերաբերմունք եք դրսեւորում եւ կոպիտ կերպով պատրաստ եք խախտել օրենքը, միայն թե մեղադրող կողմի համար ոչ ձեռնտու գործողություն չկատարեք»,-դիմելով դատավորին՝ ասաց Դ. Գյուրջյանը:
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԲԺՇԿԻՆ
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի՝ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը: 2016թ. հոկտեմբերի 18-ին հաղորդում էր ստացվել, որ ծննդատան բաժանմունքում մահացել է Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ, եւ կատարվել մեծածավալ քննչական գործողություններ՝ ծննդկանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բուժհաստատության ավագ մանկաբարձ-գինեկոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նոյեմբերի 21-ին որոշում է կայացվել «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Որոշումը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
ԶՈՀՎԵԼ ԵՆ
Նոյեմբերի 21-ին ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։