«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրվելիք Եվրամիության հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
ԳԼՈՒԽ 3
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ
ՀՈԴՎԱԾ 45
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով տնտեսության էկոլոգիացման եւ կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։ Ակնկալվում է, որ շրջակա միջավայրի ընդլայնված պաշտպանությունից կշահեն Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու բիզնես գործունեությունները, այդ թվում՝ հանրային առողջության բարելավման, բնական պաշարների պահպանման եւ տնտեսական ու բնապահպանական արդյունավետության բարելավման, ինչպես նաեւ առավել կայուն արտադրության կառուցվածքների ապահովմանը նպաստող ժամանակակից, ավելի մաքուր տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Կողմերի միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը եւ այդ ոլորտում գործող բազմակողմ համաձայնագրերը։
ՀՈԴՎԱԾ 46
1. Համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի շրջակա միջավայրի պահպանությանը, պաշտպանությանը, բարելավմանը եւ որակի վերականգնմանը, մարդու առողջության պաշտպանությանը, բնական պաշարների կայուն օգտահանմանը եւ տարածաշրջանային կամ գլոբալ բնապահպանական հիմնախնդիրներին առնչվող՝ միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումների խթանմանը, այդ թվում՝ ստորեւ նշված ոլորտներում՝
ա) բնապահպանական կառավարում եւ հորիզոնական հարցեր՝ ներառյալ ռազմավարական պլանավորումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը եւ շրջակա միջավայրի ռազմավարական գնահատումը, կրթությունն ու վերապատրաստումը, մոնիթորինգն ու շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվական համակարգերը, տեսչական ստուգումներն ու գործողությունների իրականացումը, բնապահպանական պատասխանատվությունը, բնապահպանական հանցագործությունների դեմ պայքարը, անդրսահմանային համագործակցությունը, հանրության համար շրջակա միջավայրին առնչվող տեղեկությունների հասանելիությունը, որոշումների կայացման գործընթացները եւ վարչական ու դատական վերանայման արդյունավետ ընթացակարգերը,
բ) օդի որակ,
գ) ջրի որակի եւ պաշարների կառավարում՝ ներառյալ հեղեղումների ռիսկի կառավարումը, ջրի սակավություն ու երաշտները,
դ) թափոնների կառավարում,
ե) բնության պաշտպանություն՝ ներառյալ անտառաբուծությունը եւ կենսաբանական բազմազանության պահպանումը,
զ) արդյունաբերական աղտոտում եւ արդյունաբերական վտանգներ,
է) քիմիական նյութերի կառավարում։
2. Համագործակցությունը պետք է նաեւ նպատակաուղղված լինի շրջակա միջավայրը, բնապահպանական քաղաքականությունից բացի, այլ ոլորտային քաղաքականությունների մեջ ինտեգրելու գործընթացին։
ՀՈԴՎԱԾ 47
Կողմերը, ի թիվս այլնի, պետք է՝
ա) փոխանակեն տեղեկությունները եւ փորձառությունը,
բ) համագործակցեն տարածաշրջանային եւ միջազգային մակարդակով՝ հատկապես Կողմերի վավերացրած բնապահպանական բազմակողմ համաձայնագրերի մասով, եւ
գ) անհրաժեշտության դեպքում, համագործակցեն համապատասխան գործակալությունների շրջանակներում։
ՀՈԴՎԱԾ 48
Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ նպատակները՝
ա) Հայաստանի Հանրապետության համար շրջակա միջավայրին առնչվող ընդհանուր ազգային այնպիսի ռազմավարության մշակում, որն ընդգրկում է՝
բ) ծրագրված ինստիտուցիոնալ բարեփոխումներ (ժամանակացույցերով)՝ բնապահպանական օրենսդրության կիրարկումն ու իրականացումն ապահովելու նպատակով,
գ) բնապահպանական վարչարարության իրավասությունների բաշխում՝ ազգային, տարածաշրջանային եւ համայնքային մակարդակներով,
դ) որոշումներ կայացնելու ընթացակարգեր եւ որոշումների իրականացում,
ե) այլ ոլորտային քաղաքականությունների մեջ շրջակա միջավայրի ինտեգրման գործընթացը խթանելու ընթացակարգեր,
զ) կանաչ տնտեսությանը եւ էկոնորարարությանն ուղղված միջոցառումների խթանում, մարդկային եւ ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսների եւ վերահսկողության մեխանիզմի բացահայտում, եւ
է) Հայաստանի Հանրապետության համար ոլորտային այն ռազմավարությունների մշակում (այդ թվում՝ գործողությունների իրականացման հստակ սահմանված ժամանակացույցերը եւ հենանիշները, վարչական պատասխանատվությունները, ինչպես նաեւ՝ ենթակառուցվածքներում ու տեխնոլոգիաներում ներդրումների ֆինանսավորման ռազմավարությունները), որոնք առնչվում են՝
(ա) օդի որակին,
(բ) ջրի որակին եւ պաշարների կառավարմանը,
(գ) թափոնների կառավարմանը,
(դ) կենսաբազմազանությանը, բնության պահպանմանը եւ անտառաբուծությանը,
(ե) արդյունաբերական աղտոտմանը եւ արդյունաբերական վտանգներին, եւ
(զ) քիմիական նյութերին։
ՀՈԴՎԱԾ 49
Սույն գլխով նախատեսված հարցերի շուրջ պետք է կազմակերպվի կանոնավոր երկխոսություն։
ՀՈԴՎԱԾ 50
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ III հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 4
ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 51
Կողմերը պետք է մշակեն եւ ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում։ Համագործակցությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության եւ փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաեւ այդ ոլորտում երկկողմ եւ բազմակողմ հանձնառությունների միջեւ գոյություն ունեցող փոխկախվածությունը։
Շարունակելի…
ՏԱՐԱԾՔԸ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Նոյեմբերյան համայնքի ավագանու եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ ծագած վեճին: Հիշեցնենք, որ Նոյեմբերյան համայնքի ավագանին 2017թ. հոկտեմբերի 30-ի նիստում որոշել էր Ոսկեվան գյուղում գտնվող խնամքի կենտրոնի շենքը եւ նրա հարակից 1900 քառակուսի մետր մակերեսով հողամասը հետ վերցնել «Սլովակիա» ՍՊԸ-ից: Երեք տարի առաջ շենքը որպես նվիրատվություն էր տրվել, իսկ տարածքը՝ վաճառվել:
Համայնքի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով ընկերությունը մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրո ներդրում պետք է կատարեր, շենքը վերանորոգեր եւ գարեջրի ու հոնի օղու արտադրություն հիմներ: Անցած տարիներին շենքը նորոգվել է, նաեւ նոր մասնաշենք է կառուցվել: Սակայն գարեջրի եւ հոնի օղու արտադրամաս այդպես էլ չի հիմնվել, ինչի արդյունքում էր կայացվել է Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ վերը նշված որոշումը: «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Բարսեղյանը, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման, հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում շենքը վերադարձնել համայնքին: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ Ոսկեվանի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Նելլի Գեւորգյանը ձգձգել է շենքից ամբուլատորիայի դուրս գալու եւ տարածքը «Սլովակիա» ՍՊԸ-ին հանձնելու գործընթացը, ինչի պատճառով էր գարեջրի գործարան հիմնելու իրենց ծրագրերը չեն իրականացել:
Սերյոժա Բարսեղյանը տեղի ունեցածի համար մեղադրեց Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանին եւ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Ըստ Ս. Բարսեղյանի՝ իրենք պայմանավորվել են, որ պետք է գարեջրի գործարան հիմնվի, իսկ արտադրանքը արտահանվի Ռուսաստան: Սակայն շենքը իրենց ուշ հանձնելու պատճառով «Սլովակիա» ՍՊԸ-ն ամսական 6 հազար եվրո վնաս է կրել, սլովակիացի ներդրողները հիասթափվել են: Գործարանի հիմնադրմանը նաեւ խանգարել են ադրբեջանականցիների կողմից Ոսկեվանի պարբերաբար կրկնվող գնդակոծությունները, ինչի արդյունքում ֆորս մաժորային իրավիճակ է ստեղծել: Բարսեղյանի խոսքերով՝ իրենք Ոսկեվան են տեղափոխել 1990-ական թվականների արտադրության կարի մեքենաներ, որոնք, սակայն, օգտագործված չեն, եւ մտադիր են նշված տարածքում կարի արտադրամաս գործարկել: «Սլովակիա» ՍՊԸ-ի տնօրենի խոսքերով՝ տարածքը իրենց տրամադրելու շուրջ 2014 թվականին կնքված պայմանագրում նշված չէ, որ այնտեղ անպայման գարեջրի գործարան է լինելու, այլ նշվել է այդտեղ արտադրություն կազմակերպելու մասին: Ըստ Ս. Բարսեղյանի՝ իրենք Ոսկեվանում 300 հազար դոլարի ներդրում են կատարել. շենք են նորոգել, հարակից հողամասն են գնել, ավտոմեքենաներ են ձեռք բերել եւ մտադիր չեն առանց իրենց ներդրումները ետ ստանալու տարածքը վերադարձնել: Նա հավաստիացրեց, որ եթե տարածքը իրենցից ետ վերցնելու համար Նոյեմբերյանի համայնքապետարանը որոշի դատարան դիմել, ապա իրենք պատրաստ են պաշտպանելու իրենց իրավունքը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՈՒՄԱՐ Է ԽՆԴՐՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմին ներքին գործուղումների նպատակով հատկացված գումարները ամբողջությամբ սպառվել են: Ինչի արդյունքում ԲՆ աշխատակազմը չի կարող շարունակել ստուգումները: Հետեւաբար չեն կարող ֆինանսավորվել քրեական գործերի շրջանակներում եւ այլ հիմքերով ապօրինի անտառհատումների` հատկապես ամանորյա տոների նախօրեին փշատերեւ ծառատեսակների եւ որսագողության` սիգ ձկան ձվադրման ժամանակահատվածում ստուգումներ իրականացնելու նպատակով` վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործուղումները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բնապահպանության նախարարությունը դիմել է կառավարությանը եւ խնդրել այդ նպատակով իրենց հատկացնել 22 մլն 435 հազար դրամ:
ՁՈՒՆ ԷԼ ԹԱՆԿԱՑԱՎ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակները օր օրի թանկանում են: Կարագի, կաթնամթերքի գնաճին հաջորդել է ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ձվի շուկայում արձանագրվել է գնաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձուն թանկացել է 3.1 տոկոսով: Ի դեպ, տեղեկացնենք, որ ձուն ավելի բարձր գնով վաճառվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորում, իսկ ցածր գին ունեցել է Վանաձորում: Իսկ երեկ արդեն երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ հավկիթի գինը սկսում էր 70 դրամից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 585 մլն 400 հազար հատ ձու, իսկ ներմուծվել է 1 մլն հատիկ: Նկատենք, որ սեպտեմբերին երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում ձվի 10 հատանոց տուփը 630 դրամից թանկացել է՝ դառնալով 640-650 դրամ: Երեկվա դրությամբ խանութներում ձվի գինը նոր ռեկորդներ սահմանեց. տեղ-տեղ այն արդեն վաճառվում էր 90-ից 100 դրամ: