ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարները՝ պաշտոնական լրահոսից

2018թ. նոյեմբերի 22-ին՝ ՀՀ դրամի ծննդյան 25-ամյակին, շրջանառության մեջ կդրվեն երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ: Դրանք լինելու են 1000, 2000, 5000, 10000, 20000 եւ 50000 արժեքով թղթադրամներ: 1000 դրամանոց թղթադրամի վրա պատկերված է լինելու Պարույր Սեւակի դիմանկարը, 2000 դրամանոցի վրա՝ Տիգրան Պետրոսյանի պատկերը, 5000-անոցին՝ Վիլյամ Սարոյանինը, 10.000 դրամանոցին՝ Կոմիտաս վարդապետինը, 20.000-անոցը կլինի Այվազովսկու պատկերով, իսկ 50.000 դրամանոցին կլինի Գրիգոր Լուսավորչի նկարը՝ արված անհայտ նկարչի կողմից:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ բնակելի տների եւ բնակարանների գործառնական նշանակությունն ի՞նչ կարգով է փոփոխվում:

Մանուկ Հայրապետյան (43 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ բնակարանների գործառնական նշանակության փոփոխումը արտադրականի, հասարակականի կամ այլ գործառնական նշանակության իրականացվում է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդված):

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բնակավայրերի գլխավոր հատակագծերին եւ հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան կարող են սահմանափակվել պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողերից հողամասեր տրամադրելը, շենքեր եւ շինություններ կառուցելը, ինչպես նաեւ ներդրումային գործունեությունը: Ի դեպ, բնակավայրերի սահմանագծերում ընդգրկված հողերում բնական պաշարների օգտագործումն արգելվում է, եթե նման գործողությունները կարող են վտանգ ստեղծել մարդկանց կյանքի ու առողջության համար եւ վնաս պատճառել շրջակա բնական միջավայրին:

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հարկադիր կատարողն իրավունք ունի՞ բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի եւ նրա այլ եկամուտների վրա, թե՞ ոչ:

Հասմիկ Եղյան (50 տարեկան, բուժքույր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հարկադիր կատարողն իրավունք ունի օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում բռնագանձում տարածել պարտապանի աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարների, կուտակային եւ կամավոր     կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների, պետական կենսաթոշակների վրա, սակայն ոչ թե դրանց ամբողջ գումարի, այլ որոշակի տոկոսի վրա: Մասնավորապես`
-աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից, կուտակային եւ կամավոր կուտակային կենսաթոշակներից, կրթաթոշակի եւ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրություններից կարող է պահվել մինչեւ 75%, եթե բռնագանձումը կատարվում է ալիմենտ վճարելու կամ առողջությանը, կերակրողի մահվամբ պատճառված վնասը կամ հանցագործությամբ պատճառված վնասը հատուցելու նպատակով,
-այլ պահանջների բավարարման նպատակով նշված եկամուտներից կարող է պահվել մինչեւ 50%,
-պարտապանի պետական կենսաթոշակներից կարող է պահվել մինչեւ 30%:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հարկադիր կատարման ցանկացած միջոցի կիրառման համար հիմք է հանդիսանում դատարանից դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն ուղարկված կատարողական թերթիկը: Առանց կատարողական թերթիկի օրինական չեն կարող համարվել իրականացվող հարկադիր կատարման միջոցները: Կատարողական թերթիկը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ 3-օրյա ժամկետում:




Լրահոս