Օրենսդիրներին այս տարի եւս չի հաջողվի շուտ մեկնել արձակուրդ: Պարզվում է՝ դեկտեմբերի 12-ի արտահերթ նստաշրջանից բացի՝ պատգամավորներին եւս մեկ փորձություն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 19-ին եւս մեկ արտահերթ նիստ կգումարվի, որի օրակարգում բազմաթիվ հարցեր ընդգրկված կլինեն:
Չնայած օրակարգում այնպիսի հարցեր ընդգրկված չեն, որոնք կարող են երկարացնել նիստի ընթացքը, սակայն կրկին արտահերթ նիստի միտքը, բնականաբար, պատգամավորների սրտով չէ: Հավելենք, որ արտահերթ նիստի օրակարգում մոտ 14 հարց է ընդգրկված, որոնց թվում են նաեւ «Ռազմաարդյունաբերական համալիրի մասին» եւ «Պետական պարտքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը: Չի բացառվում, որ ընթացքում կառավարությունը այլ նախագծեր եւս հրատապ համարի եւ մինչեւ դեկտեմբերի 25-ը արտահերթ նիստեր գումարելու նախաձեռնությամբ հանդես գա: