Կոալիցիոն տրամաբանություն. եթե չլինեին ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների դեպքերը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ ընտրություններից հետո ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը հայտարարեց, որ ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են ընտրությունների ընթացքը:

Ամփոփելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունները` դիտորդական առաքելություն իրականացրած կառույցն իր հրապարակած հաղորդագրությունում նշել էր. «Չնայած դրական գնահատականի արժանացած օրենսդրական բարեփոխումներին եւ ընտրախախտումները նվազեցնելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ընտրակաշառքի, քաղծառայողների եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկատվությունը ստվերել է ընտրությունների ընթացքը»:

Այլ կերպ ասած՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները արձանագրել էին, որ եթե չլինեին ընտրակաշառքի եւ ընտրողների վրա ճնշումների դեպքերը, ապա հնարավոր կլիներ ասել, որ ընտրությունները անցել են ազատ, արդար եւ թափանցիկ:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին հայտարարությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

-Պարո՛ն Բաղդասարյան, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում խոսել է ընտրակաշառքի ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին, որոնք ստվերել են ընտրությունների ընթացքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս գնահատականը:

-Զեկույցում նշվում է, որ վստահության բարձրացում է պետք: Մենք ասում ենք՝ ինչքան էլ աշխատենք, ինչքան էլ ընտրություններ կազմակերպենք, միշտ պետք է աշխատենք, որպեսզի հանրության վստահությունը բարձրացնենք ընտրությունների հանդեպ: ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ը եւս արձանագրել է, որ այս ընտրությունները անհամեմատելի են նախորդի հետ, կա լուրջ առաջընթաց:

Եթե խոսում ենք թերությունների մասին, դուք պետք է ի նկատի ունենաք, որ ամբողջ ընտրական պրոցեսի ժամանակ որեւէ մի բողոք չի եղել քաղաքական ուժերի կողմից, որեւէ մեկ բողոք չի եղել վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների կողմից: Ընդամենը մի քանի բողոքներ եղել են դիտորդների կողմից, հետընտրական որեւէ հետեւանքներ չեն եղել:

Իսկ Սահմանադրական դատարան ընդամենը մեկ քաղաքական ուժ է դիմել երեք կետերով: Դա արդեն այն ցուցանիշներն են, որոնք խոսում են համեմատության մասին նախորդ ընտրությունների հետ:

-Սակայն խոսք է գնում վարչական ռեսուրսի կիրառման եւ ընտրակաշառքի մասին: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դա եւս արձանագրել է:

-Ինչ վերաբերում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այն արձագանքներին, որոնք վարչական ռեսուրսի կիրառման, քվեների գնման մասին են, ապա մենք ասում ենք, որ վարչական ռեսուրսները հարաբերական են:

Այսօր ՀՀԿ-ն իշխանություն է, եւ իշխանության մեջ գտնվող անձինք նույնպես կուսակցականներ են, եւ նրանք պետք է իրենց քաղաքական դիրքորոշումն արտահայտեն, ցուցաբերեն: Եթե դա դիտում են որպես վարչական ռեսուրս, ես այդքան համաձայն չեմ: Բոլորը ՀՀ քաղաքացիներ են եւ ընտրողներ են, այդտեղ մի քիչ վիճելի հարց կա:

Ինչ մնում է քվեների առուծախին, ապա ես էլի եմ կրկնում՝ արջի ծառայություններ մատուցածներ կլինեն, նման երեւույթները մենք չենք բացառում, որ եղել են: Սա առաջին քայլն էր նման տիպի ընտրությունների գնալու, որովհետեւ համակարգ է փոխվել: Համենայնդեպս, բոլոր միջազգային կառույցները դրական են գնահատել, բայց մենք աշխատելու տեղ ունենք: Եվ ընտրական օրենսգրքում, եթե եղել են բացեր, եթե անհրաժեշտություն կա, պետք է փոփոխություններ անել: Հաջորդ ընտրությունները պետք է ավելի բարձր մակարդակի վրա անցկացնենք:

-Խոսեցիք հասարակության վստահության բարձրացման մասին: Ժողովուրդը շարունակում է չվստահել ընտրությունների արդարությանը:

-Ամեն ինչ պետք է նայել համեմատության դաշտում: Չի կարելի համեմատել, քանի որ այդ վստահության պակասն էր, որ ժողովուրդը դուրս էր գալիս փողոց: Այսինքն՝ հետընտրական պրոցեսներ չլինելն արդեն խոսում է վստահության բարձրացման մասին: Լիարժե՞ք է այդ վստահությունը, ո՛չ:

-Բայց փողոց դուրս գալը խոսում է իշխանությունների հանդեպ վստահության բարձրացմա՞ն, թե՞ հիասթափության եւ համակերպվելու մասին:

-Դա կարող են վերագրել այդպես: Բայց ժողովուրդը նման մոտեցումներ չունի, որ ասի՝ վատ է, բայց հարմարվում ենք:

-ԵՄ-ն մշտապես կարեւորում է ազատ, արդար ընտրությունները: Այդպիսի ընտրությունները համապատասխանո՞ւմ են ՀՀ-ԵՄ համաձայնագրի պահանջներին:

-Իհարկե, համապատասխանում են: Եթե համեմատական ենք տանում, ապա այս ընտրություններում լուրջ առաջընթաց է եղել, բայց մենք աշխատելու տեղ ունենք:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյան

-Պարո՛ն Վարդանյան, ինչպես եք գնահատում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցում առկա գնահատականները:

-Յուրաքանչյուր նման վերջնական ամփոփումից հետո նրանք նաեւ հանձնարարականներ են առաջարկում, որոնք պետությունն իր քայլերում նկատի է ունենում:

Սա վերջնական զեկույցն է, մենք ունեցել ենք վեց ամսից ավելի շատ ժամանակ, եւ եթե նկատել եք, բոլոր քաղաքական ուժերի ելույթներում այդ ամեն ինչն արձանագրված էր: Կարծում եմ՝ մենք արդեն իսկ ունենք նախատեսված Ընտրական օրենսգրքի բարեփոխման դրույթ, որն ամրագրված է նաեւ կոալիցիոն հուշագրով եւ առաջիկայում անդրադարձ կկատարվի նաեւ այդ խնդիրներին:




Լրահոս