ԻՆՉ Է ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵԱՏՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կշարունակի քննարկել ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Նման քննարկում եղել էր նաեւ նախօրեին, այսօրվա քննարկմանը կհաջորդեն եւս երկուսը, որից հետո պայմանագիրը վավերացնելու հարցը կներառվի դեկտեմբերի 5-ին մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Նախօրեի նիստում քննարկվել էին օրենսգրքի առաջին չորս բաժինները: Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միությունում իրականացվում է միասնական մաքսային կարգավորում: Օրենքի նախագծի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, ի՞նչ է ենթադրում օրենքի նախագիծը:
-Այս մաքսային օրենսգրքի խնդիրը ընթացակարգերի սինխրոնիզացումն է, ներդաշնակեցումը: Այսինքն՝ այս ընթացակարգն անդրադառնում է մաքսային սահմանի վրա մաքսային գործառնությունների կատարման կարգին, մաքսային ապրանքները մաքսազերծելու կարգին: Այսինքն՝ ինքը հիմնականում կոչված է ունիֆիկացնելու ամբողջ Եվրասիական տնտեսական միության սահմանին մաքսային մարմինների գործընթացները: Ընթացակարգն ասում է, որ բոլոր երկրների մաքսավորներն աշխատում են նույն կարգով: Այս փաստաթղթի իմաստը կարգավորելն է, կանոններ սահմանելը:
-Մաքսային օրենսգիրքն ընդհանուր է լինելու Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում, արդյո՞ք դա չի ենթադրում դրույքաչափերի բարձրացում ՀՀ-ի համար:
-Այս մաքսային օրենսգրքի նպատակը դրույքաչափերի փոփոխությունը չէ: Եթե կան դրույքաչափեր, որոնք երրորդ երկրներից դեպի Եվրասիական տնտեսական տարածք մուտք գործելու առումով Եվրասիական տնտեսական տարածքի արտադրողներին ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու նպատակով տարբեր դրույքաչափեր է նախատեսել, դրանք ամեն ինչ արված են եղել, համաձայնեցված են եղել կողմերի միջեւ վաղուց: Կան ապրանքատեսակներ, որոնց երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն մուտքն ավելի բարձր մաքսատուրքով է նախատեսված, քան, ենթադրենք, նախկինում էր: Եթե ունենայինք գների աճ, դա արդեն պետք է իրեն զգացնել տար: Այսօր մեզանում, եթե նույնիսկ նկատվում է առանձին ապրանքատեսակների գնաճ, դա որեւէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միություն մուտք գործելու մաքսատուրքերի հետ: Իսկ այս նախագիծը ենթադրում է, որ բոլոր երկրների մաքսային ծառայությունները նույն կերպ են աշխատելու: Այսինքն՝ դուք որպես Հայաստանի ձեռներեց կամ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձ կիմանաք, թե երրորդ երկրից Հայաստանի սահման մուտք գործելուց ինչ ընթացակարգեր պետք է անցնել: Մենք Հայաստանի պարագայում բոլորը գիտենք, հիմա եթե մուտք գործեք ԵԱՏՄ տարածք Բելառուսից, ապա նույն գործընթացներն եք անցնելու, ոչ մի տարբերություն չի լինելու: Խոսքը սրա մասին է:
-Հայտնի է, որ հունվարի 1-ից այլեւս չի գործելու երրորդ երկրներից ավելի քան 800 անուն ապրանքատեսակների ներկրման արտոնյալ ռեժիմը: Ընդ որում, խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է: Սա չի՞ հանգեցնելու գնաճի:
-Անկեղծ ասեմ, որ այդ ապրանքախմբերի մասին տեղեկատվությանը չեմ տիրապետում, դրա համար կդժվարանամ մեկնաբանել: Նայած թե որ ապրանքների մասին է խոսքը: Այդ 800 անուն ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ, չեմ թաքցնում: Ես չեմ կարծում, որ ԵԱՏՄ անդամ պետությունները մաքսատուրք կսահմանեն, կբարձրացնեն այնպիսի ապրանքատեսակների վրա, որոնց իրենց սեփական արտադրությունը չունեն եւ իրենց սպառողներին կդնեն ծանր վիճակի մեջ: Ես այդ կարծիքին չեմ: Քանի որ ցանկը ձեռքիս տակ չկա, չեմ կարող մեկնաբանություններ անել, բայց ես ընդամենը ելնում եմ բանական մոտեցումից: Ինչու ՌԴ-ն պետք է փորձի իր սպառողների համար ծանրացնել, բարձրացնել կամ թանկացնել այն ապրանքները, որոնք ինքը չի արտադրում կամ ԵԱՏՄ տարածքում չի արտադրվում, հավատացեք, որ տրամաբանություն չկա:

 

 

 

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՅՍՕՐ

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր կայանալու է Արեւելյան գործընկերության երկրների գագաթնաժողովը: Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով երեկ արդեն մեկնել է Բելգիայի Թագավորություն: Բրյուսելում կայացած Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթնաժողովը խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթնաժողովից եւ 2016թ. նախարարական հանդիպումից հետո եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը:

Ըստ այդմ, սահմանված են 20 առաջնահերթ նպատակներ, սակայն ԱԼԳ 6 երկրներից յուրաքանչյուրի հետ Եվրամիությունն ունի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներից բաղկացած առանձնահատուկ օրակարգ: Արեւելյան գագաթնաժողովը տեւելու է մեկ օր, եւ ինչպես հայտնի է՝ նախատեսվում է ստորագրել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Սակայն այս առումով անորոշությունը դեռեւս պահպանվում է:
Ի սկզբանե հայտարարվել էր, որ գագաթնաժողովի ընթացքում կստորագրվի: Սակայն հետագայում Եվրամիության պատասխանատուները սկսեցին անորոշ պատասխաններ տալ համաձայնագրի ստորագրման օրվա վերաբերյալ հարցերին: Նման պահվածքի պատճառն Ադրբեջանն է: Բանն այն է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ԵՄ անդամ բոլոր 28 երկրների դեսպանները համաձայնության են եկել հռչակագրի շուրջ՝ բացի տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող պարբերությունից: Բանն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնագրի՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատվածի առնչությամբ մեկը մյուսին ակնհայտորեն հակասող ձեւակերպումներ են առաջարկում:
Ընդ որում, այս հարցերում ԵՄ-ն իսկապես մտահոգ է: Բոլորը հիշում են երկու տարի առաջ տեղի ունեցածը, երբ ղարաբաղյան խնդրի շուրջ տարաձայնությունների պատճառով հռչակագրի ընդունումը նույնիսկ հայտնվել էր տապալման եզրին: Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չէր կարողացել առաջ տանել Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող իր նախընտրած ձեւակերպումները եւ հրաժարվել էր գագաթնաժողովին մասնակցել: Իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էլ երկար ժամանակ չէր ստորագրում հռչակագիրը, նույնիսկ լքել էր նիստերի դահլիճը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը չկարողացավ հստակ ասել՝ ի վերջո, համաձայնագիրը կստորագրվի՞, թե՞ ոչ: «Եկեք, այս մեկ օրն էլ սպասենք, մեկ օր է մնացել, բոլոր հարցերի պատասխանը կլինի: Ինքնին համաձայնագիրը պարունակում է դրույթ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, եւ այդ ստորագրումն ապագայում նման հարցեր կհանի»,- նկատեց Շավարշ Քոչարյանը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

ՆՈՐ ՓԱԹԵԹ
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը հակված է համայնքների խոշորացման օրենսդրական փաթեթը ներկայացնել հաջորդ տարի՝ թերեւս հունվարին կամ փետրվարին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, սակայն խուսափեց հստակ ժամկետներ նշելուց: Նա նշեց, թե իրենք ավելի հակված են օրենսդրական փաթեթը ներկայացնել հաջորդ տարի: Հիշեցնենք, որ 2015 թվականից մեկնարկած համայնքների խոշորացման ծրագիրը կիսով իրականացվել է: Համայնքների մի մասը միավորվել է փնջային մոդելով, մյուսների դեպքում վերականգնվել են նախկին շրջանները:

 

 

ԿՍՏԱՆԱՆ 13-ՐԴ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ գրել էր, որ անցած տարեվերջին` Ամանորի նախաշեմին, Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ քաղաքապետարանի աշխատակազմին, այսպես կոչված, 13-րդ աշխատավարձ է հատկացվել: «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր քաղաքապետարան եւ հետաքրքրվել` այս տարի 13-րդ աշխատավարձի հատկացում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանից հայտնել են. «Ղեկավարվելով Համայնքային ծառայության մասին ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1 մասի բ) կետով` յուրաքանչյուր տարի (տարեկան 1 անգամ) ծառայողական պարտականությունները պատշաճ եւ որակյալ կատարելու համար քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին հատկացվում է միանվագ դրամական պարգեւատրում` 1 ամսվա աշխատավարձի չափով: Բացառություն են կազմում այն աշխատակիցները, որոնց նկատմամբ տվյալ տարվա ընթացքում կիրառվել է կարգապահական տույժ, եւ այն պարգեւատրման ժամանակահատվածում դեռեւս գտնվել է ուժի մեջ»։ Ասել է թե` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու իր տեղակալները եւս կստանան 13-րդ աշխատավարձ: Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ԱԺ աշխատակազմի շրջանում լուրեր են շրջանառվում, որ այս տարի իրենք չեն ստանալու 13-րդ աշխատավարձ: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին ԱԺ-ին հարցում էր ուղարկել, բայց Հանրային կապերի վարչությունը, սովորության համաձայն, ձգձգում է պատասխանի տրամադրումը: Չնայած չի բացառվում, որ ԱԺ նոր ղեկավարությունն այս տարի, այնուամենայնիվ, հատկացնի 13-րդ աշխատավարձը, որպեսզի հենց սկզբից «վատամարդ դուրս չգա»:

 

 

ԸՆԴԴԵՄ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համալսարանի նախկին աշխատակիցներից Մարինե Գրիգորյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի համալսարանի ռեկտորի՝ հունիս ամսին կայացրած որոշումը եւ իրեն վերականգնի նախկին աշխատանքում: Բանն այն է, որ հունիսի 19-ին Մարինե Գրիգորյանն ազատվել է աշխատանքից եւ հիմա այսպես փորձում է վերականգնել իր իրավունքները:




Լրահոս