ՈՒՆՔԸ ՍԱՐՔԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ԱՉՔԸ ՀԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդիրները լուծելու ուղղությամբ համակարգային աշխատանք չի տարվում, դա վաղուց հայտնի փաստ է: Բայց վերջերս մի քանի փոփոխություններ արվեցին, որոնց արդյունքում հաշմանդամներին լսողական սարք կամ սայլակ հատկացնելը շահառուների համար իսկական գլխացավանք է դարձել:

«Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ առաջ գրել էր, որ շահառուների մի մասը իր հասանելիք լսողական սարքերը պետք է ստանար դեռեւս օգոստոսին, սակայն չէր ստացել: Պատճառը նոր կարգն էր, որի մասին որոշումը կառավարության կողմից ընդունվել էր սեպտեմբերի 7-ին: Ըստ այդ նոր կարգի` շահառուներին հաշմանդամի սայլակ եւ լսողական սարք տրամադրվում է պետական հավաստագրերի հիման վրա:
Նշենք, որ պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը եւ պետական հավաստագրի ձեւը սահմանում է կառավարությունը: Իսկ հավաստագրի տրամադրման գործընթացն իրականացնում է «Հանգրվան» ՊՈԱԿ-ը: Իսկ հավաստագրի ամբողջ գաղափարն այն է, որ անձը կարողանա ընտրել իր համար համապատասխան վերականգնողական պարագա հարմար վայրից: Այսինքն` որակավորված կազմակերպությունը պետք է ունենա շենքային մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ երկու շաբաթ է` հավաստագրերը տրամադրվում են քաղաքացիներին: Սակայն խմբագրությունը արդեն մի քանի օր է, ինչ դժգոհություններ է ստանում այն մասին, որ հավաստագրերի տրամադրման վայրը նախ շատ հեռու է` Թբիլիսյան խճուղի 3/14, բացի այդ՝ շենքային պայմանները տեղաշարժվելու խնդիր ունեցող մարդկանց համար` անբավարար: «Ժողովուրդ»-ին զանգահարած քաղաքացիները տեղեկացրին, որ իրենք մեծ դժվարությամբ են գտնում «Հանգրվան» ՊՈԱԿ-ի գրասենյակ` հավաստագիր ստանալու համար: «Երկհարկանի շենքի նկուղային հարկում են տրամադրում հավաստագիրը, ճիշտ է՝ սալապատված է, պատերը՝ ներկված, բայց օդի պակաս են մարդիկ զգում: Հետո հերթերը շատ են, մեծ: Իսկ մարդկանց սպասարկում է մեկ հոգի, որը չի հասցնում, եւ հերթեր են գոյանում»,- մեզ հետ զրույցում դժգոհեց տիկին Սիլվան:
Նկատենք, որ հավաստագիր ստանալու համար Երեւան են գալիս նաեւ ՀՀ տարբեր մարզերից: Եւ եղել են քաղաքացիներ, որոնք հավաստագիր ստանալու համար երկու օր հերթ են կանգնել: Նրանց մեծ մասը անգամ գնացել է մարզ՝ իր համայնք, ապա հաջորդ օրը կրկին, մի կերպ վերադարձել:
Դժգոհող քաղաքացիներից մեկն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում զայրացած նկատեց. «10 հատ աթոռ կար տեղադրված, որոնք քիչ էին: Ես այդ մասին ասացի աշխատողներից մեկին, անունը Ֆելիքս էր, բայց նա շրջվեց ու ասաց` հիմա այսքանն է: Այնտեղ մեծ մասը կանգնած էին: Չէ՞ որ հաշմանդամություն ունեցող մարդիկ են, մեծ մասը` ծեր, ձեռնափայտով»,- դժգոհեց մեզ դիմած թոշակառուներից մեկը: Ի դեպ, վերջինս հավաստագիր ստանալու համար առավոտյան 11:00-ից սպասել է մինչեւ 16:00-ի սահմանները:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով բարձրացված դժգոհություններին, ասաց, որ կազմակերպման հետ կապված այդ ռիսկերը գնահատվել են: «Այդ ռիսկերը գնահատելով՝ մենք «Հանգրվան» ՊՈԱԿ-ից քաղաքացիներին նաեւ հեռախոսահամար էինք տալիս եւ խնդրում էինք, որպեսզի հավաստագիր ստանալու նպատակով ՊՈԱԿ մոտենալուց առաջ նախապես զանգահարեն եւ հստակ օր կամ ժամ պայմանավորվեն: Չեմ բացառում, որ կարող են լինել նմանատիպ դեպքեր: Այդ հարցը նախարարությունում մի քանի օր առաջ քննարկվում էր, մասնավորապես շենքի, տրանսպորտի հետ կապված հարցերը», – պարզաբանեց Մկրտչյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանի հետ քննարկվում է տվյալ հասցեով երթուղի ավելացնելու հարցը: «Կամ մի քանի մկրոավտոբուսներ պետք է այդ տարածքով անցնեն, որպեսզի տարեց, հաշմանդումություն ունեցող մարդկանց համար հեշտ լինի հասնել տվյալ վայրը: «Հանգրվան» ՊՈԱԿ-ը, որը կառավարության որոշմամբ պետք է այդ ծառայությունը մատուցի, իրենց շենքային պայմանները կոնկրետ հիմա այդ տարածքում է: Այսինքն՝ հնարավորությունը այս պահին այդ շենքային պայմաններն են: Մենք այդ թեմայով բողոքներ չենք ստացել, բայց չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն»,- նշեց Հայկ Մկրտչյանը:
Այս նոր կարգի կիրարկումն ինքնին բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Տրամաբանությունը ենթադրում է, որ ՀՀ կառավարությունը ամեն ինչ պետք է աներ, որպեսզի հաշմանդամների եւ թոշակառուների համար հեշտ լիներ լսողական սարքեր եւ սայլակներ ստանալը: Այլ կերպ ասած՝ գործընթացը այնպես կազմակերպեին, որպեսզի այն հնարավորինս մոտ լիներ շահառուներին: Սակայն հակառակ պատկերն ունենք: Այս իրավիճակում տպավորություն է ստեղծվում, որ կառավարության պատասխանատուներն ամեն ինչ անում են, որպեսզի հաշմանդամները հրաժարվեն հավաստագրեր ստանալու մտքից ու տանից դուրս չգան կամ էլ իրենց միջոցների հաշվին գնեն լսողական սարք կամ սայլակ: Արդյունքում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տարեվերջին կկարողանա հայտարարել, որ բյուջետային միջոցները խնայվել են:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿԸ 1 ՏԱՐՈՎ ԿՀԵՏԱՁԳՎԻ
ՀՀ կառավարությունը երեկ հավանություն տվեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որը առաջարկել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Ինչպես հայտնի է՝ հարկային նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու եկող տարվա հունվարի 1-ից: Ի թիվս այլ նորամուծությունների՝ հարկային օրենսգրքով նախատեսվում է նոր հարկատեսակ կիրառել, ըստ որի՝ շահաբաժինները եւս հարկվելու են: Այս նորամուծությունը վերջին մեկ տարվա ընթացքում բուռն քննադատությունների տեղիք է տվել: Բանը հասավ նրան, որ ՊԵԿ-ի ղեկավարությունը ոչ պաշտոնապես խոստովանեց, որ պարտադրված է այդ քայլին գնում՝ ֆինանսական միջազգային կազմակերպությունների պահանջով:
Երեկվա օրենսդրական նախաձեռնությամբ կարելի է ասել, որ շահաբաժնի հարկումը փաստացի մեկ տարով հետաձգվում է: Իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում առաջարկվում է հարկել 2018 թվականին եւ դրանից հետո կուտակված շահաբաժինը: Այսինքն՝ ՀՀ ռեզիդենտների դեպքում 2017 թվականի տնտեսավարման արդյունքում ձեւավորված շահաբաժնից, որը վճարվելու է եկող տարվա ընթացքում, հարկում չի իրականացվի:
Այսպիսով՝ փաստացի ստացվում է, որ դժգոհությունների առիթ դարձած նորամուծության գործնական կիրառումը եւս մեկ տարով կհետաձգվի: Մյուս կողմից հայտնի է, որ ֆինանսական միջազգային կազմակերպությունները ՀՀ կառավարությանը պարտադրել էին այդ գործիքը ներդնել, որպեսզի այդպիսով պետբյուջեն լրացուցիչ եկամուտներ ունենա, եւ Հայաստանի ստանձնած վարկային պարտավորությունների կատարումը երաշխավորվի: Ասել կուզի, եթե ինչ-որ մի հրաշքով եկող տարի Հայաստանի տնտեսությունը սկսի զարգանալ, եւ պետբյուջեի մուտքերը զգալի ավելանան, ապա բացառված չէ, որ ՀՀ իշխանությունները որոշեն նոր հարկատեսակից ընդհանրապես հրաժարվել:
Ինչեւէ, վերը նշված օրենսդրական նախաձեռնությունն, ի թիվս այլ օրենսդրական փաթեթների, Հայաստանի խորհրդարանում կքննարկվի դեկտեմբերի 12-ին՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրվելիք արտահերթ նստաշրջանի ընթացքում:




Լրահոս