Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան բողոքի ակցիա է անցկացրել ՀՀ կառավարության շենքի առջեւ: Նրանք բողոքում են, որ ՀՀ կառավարության նախորդ նիստում՝ նոյեմբերի 16-ին, ընդունվել է ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագիծը, որի անվանումը փոխվել է եւ այն հիմա ունի հետեւյալ անվանումը. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին»: Այս առնչությամբ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիայի ժամանակ իրավական վերլուծության փաթեթ է հանձնել ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին:
ՀԱՐՑ. Մեր տունը եղել է սկեսուրիս անունով, որը մահացել է: Ունի մեկ աղջիկ եւ 2 տղա: Տղաներից մեկը սեփականության մեջ չկա գրանցված, մյուսն էլ ամուսինս է, որը 1 տարի առաջ մահացել է: Մնացել է աղջիկը, որ ապրում է այլ հասցեում: Նա գրանցված է հենց իր բնակարանում: Ուզում եմ տունը դարձնել իմ անունով: Խնդրում եմ ասեք՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ մանրամասն ներկայացնել կարգը: Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նշեմ, որ ունեմ 3-րդ կարգի հաշմանդամություն, ունեմ 2 անչափահաս երեխաներ եւ ստանում ենք նպաստ:
Էմմա Հայրապետյան (42 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների օբյեկտները (այդ թվում՝ ցանկացած անշարժ գույքը) կարող են ազատորեն օտարվել կամ անցնել մեկ անձից մյուսին համապարփակ իրավահաջորդության կարգով (ժառանգում) կամ այլ եղանակով:
Ինչ վերաբերում է ժառանգությամբ ընդունված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կարգին եւ վճարներին, ապա հայտնվում է, որ նշված դեպքերում անհրաժեշտ է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով (օրենքի 24-րդ հոդված) Կադաստրի մարմնին ներկայացնել ժառանգությունն ընդունելու մասին իրավահաստատող փաստաթուղթ (ըստ օրենքի կամ ըստ կտակի՝ ժառանգության իրավունքի վկայագիր), ինչպես նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 36-րդ մասի 1-ին կետով (1000 ՀՀ դրամ) եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (25000 ՀՀ դրամ) նախատեսված վճարի մուծման անդորրագրերը:
Նշենք նաեւ, որ պետական գրանցման մասով արտոնություններ սահմանված են միայն ՀՀ կառավարության սահմանած ցանկերում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դեպքում (նշված վճարները գանձվում են 50 տոկոսի չափով):
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պարտապանի մահվան դեպքում պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում իրենց պահանջները ներկայացնել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին։
ՀԱՐՑ. Թույլատրվո՞ւմ է պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում տարածել։
Անահիտ Խաչատրյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2017թ. մարտի 1-ից ուժի մեջ են մտնելու «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնց համաձայն՝ պարտապանին պատկանող միակ բնակարանը, որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության կողմից սահմանված միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից, համարվում է բռնագանձման ոչ ենթակա գույք, ուստի այն չի կարող իրացվել պարտապանի պարտավորությունների համար:
Իսկ եթե միակ բնակարանն իրացվի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա ՀՀ կառավարության սահմանած, միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը կվերադարձվի պարտապանին:
Այս կանոնները չեն գործելու այն դեպքերում, երբ.
-բնակարանը գրավադրված է պահանջատիրոջ պահանջի ապահովման համար,
-բավարարվում են ալիմենտային, կյանքին կամ առողջությանը կամ հանցագործության պատճառված վնասների հատուցման պահանջները:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշված օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո` չորս ամսվա ընթացքում, կառավարությունը պետք է սահմանի միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը: