«Այսպես ապրել հնարավոր չէ. տան մի պատի մոտ գնում ենք, մյուս պատն էլ է փլվում». արծվաշենցիները գումար են պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 1992 թվականի օգոստոսի 8-ին հայրենի գյուղից բռնագաղթած արծվաշենցիները դեռ բնակարանային շատ վատ պայմաններում են ապրում եւ պահանջում են բարելավել իրենց վիճակը: Նրանց մի մասը երեկ այս պահանջով ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության շենքի առջեւ էր, մյուս մասը` ՀՀ նախագահականի: Բողոքի ակցիային մասնակցում էր մոտ 300 արծվաշենցի:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, որ պետությունն իրենց բնակարանային խնդիրները պետք է լուծեր դեռեւս 2010-2011 թվականներին, սակայն գործընթացը տարեցտարի հետաձգվել է: Հիմա արծվաշենցիները պնդում են, որ իրենք այլեւս ի վիճակի չեն ապրել նման պայմաններում: Նրանցից շատերն այսօր ապրում են Ճամբարակ քաղաքում` փայտե կամ կիսաքանդ տներում: Ըստ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի` կառավարության կողմից մի քանի անգամ մարդկանց մասնակի գումար է հատկացվել տները վերանորոգելու նպատակով:

«Հիմա բնակիչները պահանջում են նորից գումար հատկացնել իրենց կիսաքանդ տները վերանորոգելու նպատակով: Խոսքը 2700 բնակչի մասին է»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Նա հիշեց նաեւ, որ դեռեւս 2010 թվականին կառավարությունը որոշել է արծվաշենցիների խնդիրը լուծելու նպատակով 6 մլրդ դրամ հատկացնել, սակայն 2011-ին այդ գումարից միայն 700 մլն դրամն է տրամադրվել: Դրանից հետո այդ նպատակով այլեւս գումար չի հատկացվել: «Դեռ այն ժամանակ ընտանիքի մեկ շնչին բաժին հասավ 360 հազար դրամ: Բայց իր հերթին այդ ժամանակ պետությունը հայտարարեց, թե բնակարաններ կկառուցենք, ինչին չհամաձայնեցին բնակիչները եւ պահանջեցին գումարը տալ անմիջապես իրենց` տները կառուցելու նպատակով»,- պատմեց Մամիկոն Խեչոյանը: Մեր զրուցակիցը հայտնեց, որ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը պահանջել է ներկայացնել, թե քանի վթարային տուն կա, եւ ինչ կարելի է ձեռնարկել: Ըստ գյուղապետի` նախարարն իրենց ասել է, թե հարցը փակված չէ, եւ կառավարությունը պատրաստ է ընդառաջել:

Արծվաշենի բնակիչ Արիս Խեչոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գնում ենք Վաչե Տերտերյանի, Դավիթ Լոքյանի մոտ, ասում են, թե մեր ուժերից վեր է: Դրա համար բնակիչների մեծ մասը գնացել է նախագահական, դիմում են գրել, թողել: Թող պետությունը գումարը տրամադրի, մենք մեր ուժերով մեր տները կկառուցենք… մենք բոլորս էլ շինարար ենք: Թե չէ այսպես ապրել հնարավոր չէ. տան մի պատի մոտ գնում ենք, մյուս պատն էլ է փլվում…»:
Ի դեպ, այս խնդրի հետ կապված ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը երեկ հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի, Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի եւ Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի հետ: Հանդիպումից հետո գյուղապետ Խեչոյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ Լոքյանը խոստացել է խնդիրը մոտ օրերս ներկայացնել ՀՀ վարչապետին եւ Սերժ Սարգսյանին: Նա նաեւ ասաց, որ գումարային փոխհատուցման դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամին կհատկացվի 640 հազար դրամ: Իսկ նշված գումարը արդյոք կբավարարի, որպեսզի արծվաշենցին կարողանա իր տունը վերանորոգել, ցույց կտա ժամանակը:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արծվաշենցիների ցանկում, ում ՀՀ օրենսդրությամբ պետք է փոխհատուցում տրվի, կան նաեւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս