«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սպայկա» ընկերությունը սկսել է գնել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչների վարելահողերը: «Սպայկան» արդեն հասցրել է հաղթանակցիներից մի քանի տասնյակ հեկտար հողեր գնել, եւ այդ թիվը շարունակում է աճել: Հաղթանակ գյուղի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը հայտնեց, որ ընկերությունը Հաղթանակում հեկտարներով բողկ է ցանել, որի բերքը կստացվի 2018թ. առաջին ամիսներին: Նա ասաց, որ «Սպայկան» Հաղթանակում գնված հողերը ոռոգելու համար ջրամբար է կառուցել, որն ունի մոտ 50 մ երկարություն, 40 մետր լայնություն եւ 14 մ խորություն: Նախատեսվում է Հաղթանակում կառուցել եւս մեկ նման ջրամբար: «Սպայկայի» գնած հողերն անջրդի են: Ընկերության կողմից գործարկված ջրամբարում արդեն կուտակվում է Դեբեդ գետից պոմպերով մղված ջուրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Սպայկան» Հաղթանակում առաջիկայում պատրաստվում է սառնարանային տնտեսություն կառուցել:
Հաղթանակի վարչական ղեկավար Վահրամ Շարոյանը գոհ է իրենց գյուղում «Սպայկայի» ծավալած գործունեությունից, քանի որ այդ ներդրումների շնորհիվ մի քանի տասնյակ մարդ ապահովված է աշխատանքով: Ըստ նրա՝ նախկինում վարձու աշխատանք առաջարկողները օրավարձով բանվորներին օրական 3 հազար դրամ էին առաջարկում, իսկ «Սպայկան» 5 հազար դրամ է վճարում: Նոյեմբերյանի տարածաշրջանի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանը «Ժողովրդի» հետ զրույցում ասաց, որ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Բագրատաշենի հողերին: Դրանք համեմատաբար բարձրադիր այն հողատարածքներն են, որոնք Դեբեդ գետի ջրով չեն ոռոգվում:
Այդ պատճառով էլ սեփականատերերն այդ հողերը չեն մշակում: Բագրատաշենում համայնքին պատկանող հողերը քիչ են: Արկադի Մակյանի խոսքերով՝ «Սպայկան» մտադիր է բագրատաշենցիներից գնել չմշակվող հողերը, քանի որ մտադիր են այդ հողերում ջերմոցներ կառուցել, իսկ ոռոգման խնդիրը՝ ստորգետնյա ջրերով, որոնց վերհանման նպատակով հատուկ ջրհորեր են կառուցվելու: «Սպակայի» կողմից հողերի գնումը ավելացնում է Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքներում վարելահողերի մակերեսը, ինչի արդյունքում կավելանան համապատասխան համայնքների սեփական եկամուտները, քանի որ մասնավոր ընկերության կողմից հարկերի վճարման հետ կապված խնդիրներ չեն լինի: Մյուս կողմից էլ այն գյուղացիները, ովքեր հնարավորություն չունեն ոռոգելի դարձնել եւ մշակել իրենց հողերը, ստիպված դրանք «Սպայկային» վաճառելուց հետո կկարողանան օրավարձով զբաղվել հողագործությամբ: Սակայն կլինեն նաեւ մարդիկ, որոնք չեն ցանկանա օրավարձով հողագործությամբ զբաղվել եւ հավանաբար կհեռանան իրենց գյուղից:
Ոսկան Սարգսյան
Տավուշ