ՎՊ ԾՐԱԳԻՐԸ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ու ՀՀ վերահսկիչ պալատի միջեւ սկիզբ առած սկանդալը երեկ հետաքրքիր լուծում ստացավ:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ի նիստում ԱԺ մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2018թ. տարեկան ծրագրին: Իր սկանդալային որոշումը հանձնաժողովը պատճառաբանել էր, թե պալատի ծրագիրը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Բանն այն է, որ հաջորդ տարվա ապրիլից, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, վերահսկիչ պալատը վերանվանվելու է հաշվեքննիչ պալատ, ըստ այդմ, վերջինիս հիմնական գործառույթը լինելու է պետական բյուջեի միջոցների ոչ թե վերահսկողությունը, այլ հաշվեքննություն իրականացնելը: Սակայն ՎՊ-ն իր ծրագրում օգտագործել էր «վերահսկողություն» բառը, եւ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ պնդել էր. «Հաշվեքննիչ պալատը վերահսկողական գործառույթ չի կարող իրականացնել, իր գործառույթը հենց հաշվեքննությունն է, մինչդեռ ՎՊ-ն իր՝ 2018 թվականի ծրագրում ներկայացրել է, որ ամբողջ տարվա համար պետք է վերահսկողություն իրականացնի, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»:
Միայն թե, նկատենք, ՎՊ-ն այս հարցում առաջնորդվել էր գործող օրենսդրությամբ: Նոր Սահմանադրության 13-րդ գլուխը, որ վերաբերում է հաշվեքննիչ պալատին, ուժի մեջ է մտնելու հանրապետության նորընտիր նախագահի լիազորությունները ստանձնելու օրը, այսինքն՝ 2018թ. ապրիլին: Մինչ այդ, անցումային դրույթների համաձայն, ՎՊ-ն առաջնորդվելու 2005թ. Սահմանադրությամբ ու ՎՊ մասին գործող օրենքով, եւ վերահսկողություն է իրականացնելու նաեւ հաջորդ տարի՝ մինչեւ ապրիլը: Այդ տրամաբանությամբ էլ ՎՊ-ն կազմել էր իր ծրագիրը:
Այս հարցի շուրջ հանձնաժողովի նիստում բուռն բանավեճ էր եղել Գագիկ Մինասյանի եւ ՎՊ փոխնախագահ Արա Նռանյանի միջեւ: Ու թեեւ վիճաբանություններին վերջ դնելու համար այդ օրը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորել էր հետաձգել ծրագրի քննարկումն ու խորհրդակցել իրավաբանների հետ, Գագիկ Մինասյանն անդրդվելի էր մնացել՝ հանձնաժողովում բացասական եզրակացություն տալով ՎՊ ծրագրին: «Իրենք պետք է բերեն այնպիսի ծրագիր, որը չի հակասի Սահմանադրությանը եւ նաեւ կընդունվի»,- ասել էր նա:
Տեղի ունեցածը պատահական չէր. «Ժողովուրդ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու ՎՊ-ի նկատմամբ տարիներ շարունակ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանի եւ Սամվել Նիկոյանի խիստ բացասական վերաբերմունքին. նրանք առիթը բաց չեն թողնում այդ կառույցի նկատմամբ խոչընդոտներ ստեղծելու հարցում: Այդ շարքից էր նաեւ ՎՊ ծրագրին բացասական եզրակացություն տալը /առավել եւս, երբ հաջորդ տարվանից արդեն հաշվեքննիչ պալատն ինքն է հաստատելու ծրագիրը, այլ ոչ թե ներկայացնելու ԱԺ/:
Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ,-ի աղբյուրները, հանձնաժողովի այս որոշումը Գագիկ Մինասյանի վրա «թանկ է արժեցել»: Այս քայլն ի սկզբանե նախատեսված չի եղել, եւ Գագիկ Մինասյանն ու Սամվել Նիկոյանը «վերեւների հետ» չեն համաձայնեցրել հանձնաժողովի որոշումը՝ այդպես փաստի առաջ կանգնեցնելով ՎՊ-ին: Դրանից հետո ՀՀԿ-ում բուռն քննարկումներ են եղել, Մինասյանին ու Նիկոյանին մեղադրել են ինքնագործունեության մեջ՝ ասելով, որ եթե ցանկանում էին խնդիրը լուծել, կարող էին ընդառաջել Շարմազանովի առաջարկին ու բացասական եզրակացության փոխարեն հարցը քննարկել իրավաբանների հետ: Ու հակառակ Մինասյանի հայտարարությանը, թե ՎՊ-ն պետք է Սահմանադրությանը չհակասող ծրագիր բերի, այնուամենայնիվ, իրավիճակից դուրս գալու պատասխանատվությունը դրվել է ԱԺ այդ հանձնաժողովի վրա, իսկ ՎՊ-ն իր ծրագիրը թողել է նույն տեսքով (պատահական չէր հանձնաժողովի երեկվա նիստում Շարմազանովի ներկայությունը՝ ընդ որում, հավաստիանալով, որ ՎՊ-ին առնչվող հարցերով ցանկալի որոշում կայացվեց, ԱԺ փոխնախագահը հանգիստ լքեց դահլիճը):
Հանձնաժողովի երեկվա նիստում Գագիկ Մինասյանը հայտարարեց, թե իրենք հետո քննարկումներ են անցկացրել սահմանադրագետների հետ եւ եկել այն եզրակացության, որ ԱԺ-ն ՎՊ տարեկան ծրագիրը հաստատելու մասին որոշումն ընդունի՝ այնտեղ սահմանելով եւս մեկ կետ. «նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից ծրագրում ընդգրկված թեմաներով իրականացվում է հաշվեքննություն»: Դրանից հետո հանձնաժողովի անդամները համաձայնեցին ՎՊ ծրագիրը ներառել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:
Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ ՎՊ-ն հաջորդ տարի նախատեսում է ստուգումներ անցկացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններում, քաղավիացիայում, ԵԱՏՄ-ում՝ բյուջետային միջոցների ձեւավորման, կառավարման եւ տնօրինման գործում, ԵԱՏՄ մաքսատուրքերի հաշվեգրման եւ բաշխման ոլորտում՝ տնտեսական այս միավորման անդամ մյուս երկրների վերահսկիչ պալատների հետ: ՎՊ այս ծրագիրն ԱԺ լիագումար նիստում պետք է հաստատվի մինչեւ տարեվերջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ԱԹՈՌԱԿՌԻՎ
Երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով հանձնաժողովի նիստի սկզբում հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Սովորաբար այս հանձնաժողովի նիստերում ԱԺ նախկին նախագահ, այժմ հասարակ պատգամավոր Սամվել Նիկոյանը նստում է իր ընկերոջ՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ձախ կողմում: Սակայն երեկ այդտեղ նստած էր Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը, ինչն էլ դուր չեկավ Սամվել Նիկոյանին: «Տեղս նստել են»,- դժգոհեց նա, եւ համառորեն կանգնած մնաց: Մինասյանն էլ ընկերոջ «սիրտը շահելու համար» նոր աթոռ բերեց, ու տեղադրեց գրեթե իր կողքին: Նշենք, որ երեկվա նիստին հանձնաժողովի տասնմեկ անդամներից մասնակցում էր միայն վեցը, այն էլ Էդուարդ Շարմազանովը միայն հինգ րոպեով եկավ նիստին եւ հեռացավ:

 

 

ԳԵՐԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՍՏԱՐԱՆ ԱՇՏԱՐԱԿՈՒՄ
Աշտարակի երիտասարդ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը որդեգրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործելաոճը: Նա եւս չի դադարում պետական միջոցները ծախսել՝ օրինակ՝ գերթանկարժեք նստարաններ ձեռք բերելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան է ձեռք բերել, որի յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը բազմիցս գրել է, որ «Նիկոլ Դուման, ԱԿ-ն իշխանության մաս կազմող ՀՅԴ-ինն է. հիմնադիրներն են Կառլեն Գեւորգյանը, Վարդան Վարդանյանը եւ Արսեն Հայրապետյանը: Կ. Գեւորգյանը ՀՀ քաղաքաշինության նախկին փոխնախարարն է, ԱԺ նախորդ ընտրություններում թիվ 12 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված պատգամավորության թեկնածու, ՀՅԴ անդամ: Իսկ ընկերության հիմնադիրներից Վ. Վարդանյանը քաղաքաշինության նախկին նախարարն է, ում պաշտոնավարման տարիներին էլ հենց աշխատել է Կ. Գեւորգյանը: Հիշեցնենք, որ քաղաքապետարանը այս օգոստոսին էլ 25 հատ թուջե ձուլվածքով նստարան էր գնել. 1 հատի արժեքը կազմում է 160 000 դրամ։ Միայն 25 հատ նստարանի համար քաղաքային բյուջեից ծախսվել է 4 մլն դրամ։

 

 

ԴՈԼԱՐՆԵՐՈՎ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ
Պարզվում է՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի 37-ամյա ղեկավար Արտավազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փեսան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz S550 եւ Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական միջոցները կազմել են 10 մլն 300 հազար դրամ, 216 հազար 800 դոլար: Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 637 հազար դրամ: Ի դեպ, Սարգսյանը ոչ միայն պատգամավորի փեսան է, այլեւ փոխքաղաքապետ Կամո Արեյանի քրոջ որդին: Ինչպես ասում են` թաղապետը ո՛չ պաշտոնյա բարեկամներից է խեղճ, ո՛չ էլ ունեցվածքից:

 

 

2,5 ՄԼՆ՝ ԱՆԱՆՈՒՆ ԲԱՐԵՐԱՐԻՑ
Կայացավ «Բերքառատ Արցախ» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը, որի ընթացքում հնչել է 12 մլն 505 հզ 456 ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստում, եւ հանգանակություն է կատարվել։ Գումարն ուղղվելու է երկու ծրագրի՝ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արեւային էներգետիկ կայաններ։ Նշենք, որ հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Այս տարվա խոշոր բարերարներն են՝ անանուն բարերար (ԱՄՆ)՝ 2.500.000 ԱՄՆ դոլար, Սամվել Կարապետյան՝ 2.250.000 ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան՝ 350.000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյան՝ 200.000 ԱՄՆ դոլար, Վարդանյանների ընտանիք՝ 125.000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյան՝ 100.000 ԱՄՆ դոլար, Բարսեղ Բեգլարյան՝ 100.000 ԱՄՆ դոլար, անանուն բարերար՝ /ԱՄՆ/ 100.000 ԱՄՆ դոլար, Բաղդասարյանների ընտանիք /ԱՄՆ/՝ 100.000 ԱՄՆ դոլար, Հենրիկ Տեր-Ղուկասյան /Իրան/՝ 100.000 ԱՄՆ դոլար, «Վալեքս Գրուպ»՝ 100.000 ԱՄՆ դոլար, Վահե Կարապետյան՝ 60.000 ԱՄՆ դոլար, Ժան Մարի Ատամիան՝ 50.000 ԱՄՆ դոլար, Ալբերտ Բոյաջյան՝ 50.000 ԱՄՆ դոլար։

 

 

ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
Ըստ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համապատասխան որոշման՝ Գառնիկ Ալեքսանյանն ազատվել է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Համայնքային զարգացման ծրագրերի գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից։

 

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Եվրամիության պայմանագրերը զգալի փոփոխությունների չեն հանգեցնի, քանի որ այդ երկրներում մեծ է Ռուսաստանի ազդեցությունը: Մերկելի խոսքով՝ կարեւոր է, որ ԵՄ-ը ասոցացման գործող համաձայնագրեր ունենա Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ: Միաժամանակ նա ընդգծել է, որ նմանատիպ համաձայնագրեր նախատեսվում են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որոնք, սակայն, «կտրուկ փոփոխությունների» չեն հանգեցնի: «Այդ երկրներում Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական դեր ունեն»,- ասել է կանցլերը, որը նաեւ նշել է, որ Եվրոպայի արեւելյան երկրների հետ հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն Եվրամիության անվտանգության համար:

 

 

ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձեւավորված կարգապահական հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Կարգապահական հանձնաժողովի անդամները նշանակվում են 3 տարի ժամկետով, եւ նոր անդամների նշանակումները կատարվում են կարգապահական հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը։




Լրահոս