ԿՌՈՒ-Ն ՄՏԵԼ Է ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը (ԿՌՈՒ)` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:

Բանն այն է, որ այս տարվա մայիս եւ ապրիլ ամիսներին ՀՀ ֆինանսների նախարարության ԿՌՈՒ-ն մանրակրկիտ ստուգումներ է կատարել Հայաստանի ազգային պատկերասրահում, հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգտագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, եւ ըստ այդմ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլիոն դրամ: Բայց քանի որ պատկերասրահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան` պահանջելով կայացված ակտերն անվավեր ճանաչել:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
-Պարո՛ն Արամյան, ազգային պատկերասրահի եւ նախարարության վեճը հասել է դատարան, Ազգային պատկերասրահը դատարանի միջոցով է փորձում հասնել արդարության, ի՞նչ կասեք այս մասին:
-Դժվարանում եմ ասել, ես չէի ասի, որ այստեղ արդարության խնդիրն է: Հնարավոր է, որ լինեն տարբեր տեսակետներ, դա նորմալ է, երբ լինում է ակտ եւ բանավեճ: Բայց իրականում ակտի վերաբերյալ ստորագրվել է, առանց ստիպողաբար է ստորագրվել: Ուզում եմ՝ այս բանը բոլորի համար շատ պարզ լինի. ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության վարչությունը մեկ մանդատ ունի, նա պատժող գործիք չունի, նա պատժող չէ, ինքը գնում է բյուջետային կանոնների հետեւից, ինքը գնահատականը չի տալիս, թե այս ծրագիրը արդյունավե՞տ է, թե՞ արդյունավետ չէ, սա վերահսկիչ պալատի գործառույթն է: Նա ուղղակի ունի հստակ նախագծված կանոններ, բյուջետային գործընթացներ, թե ինչպես պետք է ծրագրվի յուրաքանչյուր դրամը, եւ ինչպես պետք է ծախսվի, եւ նա արձանագրում է, թե այս ամբողջ կանոններին հետեւե՞լ են, թե՞ ոչ: Հիմա ինչ ունենք պատկերասրահում… դիտարկվել են, որ բյուջետային կանոնների խախտում կա:
-Կոնկրետ կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ կանոն են խախատել:
-Ասենք, վարձավճարներ պետք է հավաքեր այն օպերատորներից, որոնց թույլատրել են իրենց կառույցի տանիքում կամ իրենց կառույցի որեւէ մեկ այլ տեղում մի սարք տեղադրեն: Կառավարությունը սահմանել է վարձավճարների օգտագործման կարգ, թե ինչպես է պետք ցանկացած ՊՈԱԿ որոշակի կարգով ծախսի այդ գումարը, եւ այդ կարգը խախտվել է: Հիմա մենք ասում ենք՝ եղբա՛յր, դու կարգը խախտել ես եւ այն գումարը, որ դու ծախսել ես, մենք չենք ասում, որ դու ծախսել ես ու գնացել, ինչ-որ ավտոմեքենա ես գնել, դրա մասին չէ խոսքը, ՊՈԱԿ-ի կարիքների համար է ծախսվել, բայց որպեսզի նա կարողանար այդ իրավունքը ունենար, պետք է համապատասխան գործընթաց անցներ:
-Այսինքն՝ ՊՈԱԿ-ը համապատասխան գործընթացը չէ՞ր անցել:
-Այո՛, իրենք չեն իրականացրել, ու խոսքը նման այլ բաների մասին է: Ինչի ենք մենք ուզում այս ամենով հասնենք՝ կարգապահության:
-Կա՞ն այնպիսի գերատեսչություններ, որոնք եւս նման խախտումներ են արել, կամ այլ խախտումներ եք հայտնաբերել, կնշեք կոնկրետ:
-Իհարկե, կան, օրինակ՝ մենք նայել ենք սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությանը, նորից եմ կրկնում՝ ոչ թե միտումնավոր մտադրված քայլ են արել, այլ գործընթացների մեջ կարգեր են խախտել: Սպորտի եւ երիտասարդության նախարարությունում արձանագրել ենք, որ պրոբլեմը կառավարության որոշման մեջ է եղել, որը ընդունված է եղել 2004 թվականին եւ դրանից հետո չի թարմացվել, բայց այսօրվա դրությամբ բավականին շատ բան է փոխվել: Ասենք՝ օրապահիկի համար դու չես կարող 4000 դրամով որեւիցե հյուրանոցում սպորտսմեններին տանես եւ կարողանաս տեղափորել, հնարավոր չէ, դա անհեթեթություն է:
-Այլ որտե՞ղ եք խախտումներ գտել:
-Գնացել ենք մարզպետարաններ, մարզպետարանների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներ: հիմա կրթության ոլորտ ենք մուտք գործել, այնտեղ ենք նայում: Օրինակ՝ այդ վերահսկողության արդյունքում մեկ բան ծնվեց, որ 2013 թվականից հետո, երբ կառավարության որոշում էր կայացվել՝ նոր եկամտային հարկի մուտքի հետ կապված, պետք է ճշգրտումներ կատարվեր, համատարած թերացումներ էր կատարվել, եւ այդ ճշգրտումները ճիշտ չէին արել, որը հետեւանքներ էր առաջացրել՝ սխալ ծրագրավորման, սխալ իրականացման, եւ հիմա մենք ասում ենք՝ հետ բերեք, եւ արդյունքում հիմա այդ գումարները վերականգնվում են:
Օրինակ՝ մեկ այլ կառույցում մարդիկ գնացել են գործուղումների, գնացել են այլ ձեւաչափով, բայց այդ մարդը գնացել է այն ծրագրի համար, որը անհրաժեշտ է եղել պետության համար: Բայց ինքը իրականում պետք է գնար վարչապետի որոշումից հետո, գործընթացը մեկ այլ ձեւաչափ է սահմանում, սխալ են արել, եւ դա հանգեցրել է որոշակի գումարների, որ ոչ թե վերականգնման ենթակա է, այլ ճիշտ պետք է հետագայում ծախսել:
Ուստի որպեսզի գործընթացը ճիշտ իրականացնեն, պետք է գնան, կառավարությունով պտտվեն, նոր գնան գործուղում: Այսինքն՝ ոչ խնդիր է եղել, որ այդ գործուղումը անհրաժեշտ էր, թե անհրաժեշտ չէր, քանի որ այն իրականում կապված էր այն ծրագրի հետ, որը հաստատել էր կառավարությունը, եւ երկրորդը՝ այդ գումարը պետք է հետ վերականգնվեր: Պատկերացրեք՝ պետական ծառայողին ոչ իր կամքով ասում ենք՝ գնա, այս միջոցառմանը մասնակցի, պարտավոր ես այնտեղ լինել, եւ հիմա որքանով է ճիշտ՝ մենք ասենք՝ այդ գումարը վերականգնման ենթակա է, արդյո՞ք պետական ծառայողը իր գործուղման ծախսերը պետք է վերադարձնի իր եկամուտի հաշվին, դա անհեթեթություն է:
-Այդ դեպքում ո՞րն է լուծումը:
-Տարբերակ առաջին, եթե այդ գործընթացը արդյունավետ է, ուրեմն պետք է ճիշտ կատարվի, հետեւյալ նախարարությունում հետագայում պետք է հետեւեն այդ պահանջներին, եթե այնպես է, որ այդտեղ կան գործընթացի խնդիրներ, հետագայում մենք պետք է առաջարկներ ներկայացնենք, որ գործընթացը շտկվի:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

4 ՏԱՐԻ ՊԱՀԱՆՋԵՑ
Առաջիկայում կհրապարկվի քաղբանտարկյալ Ժիրայր Սէֆիլյանի գործով մեղադրյալներից Արթուր Մովսիսյանի դատավճիռը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեղադրող դատախազը Արթուր Մովսիսյանի համար դատարանից պահանջել է ազատազրկում 4 տարի ժամկետով:
Ինչպես հայտնի է՝ 2016թ. մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի՝ Արթուր Մովսիսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որին ավելի ուշ հայտնաբերեցին Ռուսաստանի Դաշնությունում եւ 2016 թվականի նոյեմբերին տեղափոխեցին Հայաստան:
Վերջինիս հայտնաբերելուց հետո իրավապահ համակարգը որոշում կայացրեց Արթուր Մովսիսյանի մասով հարուցված քրեական գործը չմիացնել Ժիրայր Սէֆիլյանի քրեական գործին, եւ Արթուր Մովսիսյանի մասով քրեական գործը քննվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ու հիմա մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը դատարանից պահանջել է Արթուր Մովսիսյանին ազատազրկման դատապարտել 4 տարի ժամկետով: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արթուր Մովսիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ դատարանից պահանջելու են արդարացման դատավճիռ. «Արթուրը դատարանում հայտնել է, որ մեղադրանքը շինծու է, եւ նա այս ամենի հետ կա չունի: Սպասենք դատարանի որոշմանը»:

 

 

 

ԴԵՍՊԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԵՐԸ
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի գումարները փոշիացնելու դրսեւորումները շարունակվում են: Այս տարվա հունվարին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Ջերմուկ ինթերնեյշնլ Պեպսի-կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն անհատ ձեռներեցների դեմ թվով 7 դատական հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իրեն հասանելիք գումարը: Իհարկե, գումարները այնքան էլ մեծ չեն՝ 7 հայցը միասին վերցրած ընդամենը մեկ միլիոն դրամ, բայց խնդիրն այն է, որ գերհարուստ Արմեն Սարգսյանը սկսել է կորսված մանր գումարների հավաքագրումը:
Օրերս «Ջերմուկ Ինթերնեյշնլ պեպսի-կոլա Բոթլեր» ընկերությունը կրկին դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Վիգա» ՍՊԸ-ի՝ վերջինից պահանջելով մատակարարված ապրանքի գումարը, որը կազմում է 200 հազար դրամ:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԴԻՄՈՒՄԸ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող կողմի իրավահաջորդները երկրորդ դիմումն են ներկայացրել Սահմանադրական դատարան: Այս դիմումով դիմումատուները վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնց հիման վրա դիմումատուները զրկվել են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնելու հնարավորությունից: Դիմումն արդեն իսկ ՍԴ-ն վարույթ է ընդունել եւ նշանակել առաջին դատական նիստը, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 13-ին՝ ժամը 10:00-ին: Սույն գործով պատասխանող կողմում դատավարությանը ներգրավվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը` ՀՀ Ազգային ժողովը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հրաժարվել էր վարույթ ընդունել Ռուսաստանի Դաշնության դեմ ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ ներկայացված քաղաքացիական հայցը։

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆՔ
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրել է խաղալիքների շուկան։ Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս նշել է, որ Հայաստանը որդեգրել է սերտիֆիկատի վերահսկման մեխանիզմը, սակայն սերտիֆիկատացման ոլորտում մենք խնդիրներ ունենք, կան դեպքեր, երբ որոշ տնտեսվարողներ չունեն սերտիֆիկատներ: Իսկ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լեւոն Խալիկյանը նշել է, որ իրենց նպատակը մեկն է՝ ունենալ անվտանգ շուկա։ Նա չի ժխտել, որ իրականում տնտեսվարողների մոտ սերտիֆիկատի բացակայության խնդիրը կա։ Նրանք կարեւոր են համարում նաեւ ապրանքի մակնշման խնդիրը։ Բ. Պիպոյանի խոսքով՝ երբ ԵԱՏՄ-ից ապրանք է բերվում, մի կողմից՝ այն միասնական շուկայի համար է, մյուս կողմից էլ՝ տնտեսվարողը հայտ է տալիս, որ իրացումը կատարվելու է Հայաստանում, այսինքն` մակնշումը պետք է լինի հայերեն։




Լրահոս