«ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ»-Ի ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի խորհրդանիշ համարվող արձաններից մեկը՝ «Դվին» հյուրանոցի տարածքում թալանի ենթարկված «Լեռնային պար» արձանախումբը, արդեն երկու տարի է՝ վերականգնվել է, սակայն մինչ օրս մայրաքաղաքում իր տեղը չի գտել։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց արձանի հեղինակ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը։

Հիշեցնենք, որ դեռեւս 2013-ին արձանախմբի գոտկատեղից ներքեւ ընկած պղնձաձույլ ամբողջ հատվածը գողացվել էր: Քանդակագործը դրվագող վարպետի օգնությամբ Երեւանի գեղարվեստի կոմբինատում նորից քանդակել է նշված հատվածը, գիպսից կաղապար պատրաստել, բետոնապատել եւ նորից պղինձ տեղադրել: Արձանախմբի վերականգնումը Տիգրան Արզումանյանն ավարտել է 2015թ. դեկտեմբերին: Շուրջ 6 ամիս է պահանջվել՝ թալանի ենթարկված մասերը վերականգնելու համար։
««Դվին» հյուրանոցում տեղի ունեցած շինարարությունից հետո ամբողջ տարածքը զբաղեցվել է, այնպես է կառուցապատվել, որ հյուրանոցի տարածքում քանդակի համար տեղ չի մնացել։ Շենքի ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն առաջարկեց արձանախումբը տեղադրել շենքի հետեւամասում, այսպես ասած՝ օդի մեջ «թռած», բայց դա ինձ համար ընդունելի տարբերակ չէ»,-ասաց քանդակագործը։
Նրա խոսքով՝ իրեն առաջարկել են արձանախումբը տեղադրել Ավան վարչական շրջանում. «Այս քանդակը մեր Երեւանի այցեքարտերից մեկն է, որով տարբեր տարիներին հետաքրքրված են եղել զբոսաշրջիկները։ Սփյուռքում բոլորը հիշում են «Լեռնային պարը»։ Հիմա ես ինչո՞ւ պետք է այն տանեմ, դնեմ ծայրամասում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ քանդակը նպատակահարմար չէ ծայրամասում տեղադրել նաեւ անվտանգության նկատառումներից ելնելով։
Տիգրան Արզումանյանը շեշտեց, որ քանդակի տեղի հարցը պետք է լուծի Երեւանի քաղաքապետարանը. «Արձանախումբը «Դվինի» սեփականությունը չէ, այն պատկանում է քաղաքապետարանին, համարվում է պետության կողմից պահպանվող հուշարձան։ Այսինքն՝ մշակույթի նախարարությունը լուծում է քանդակի պահպանության հարցը, իսկ քաղաքապետարանն էլ պետք է լուծի տեղի հարցը (Ի դեպ, «Դվին» հյուրանոցի տնօրինությունը Տիգրան Արզումանյանին տրամադրել էր արձանի վերականգման համար անհրաժեշտ նյութերն ու ֆինանսական միջոցներ, սակայն դրանք չէին բավարարել՝ աշխատանքն ամբողջությամբ իրականացնելու համար: Ավելի ուշ արձանախումբը պատշաճ տեսքի բերելու համար ֆինանսական օժանդակություն էր տրամադրել նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունը)»։
Քանդակագործը պնդում է՝ «Լեռնային պարը» արժանի է, որ իր տեղը գտնի Երեւանի կենտրոնում. «Ինչքան այլանդակ ժամացույց կա, բերում, դնում են քաղաքում, իսկ այս քանդակի համար տեղ չկա՞»,-ասաց նա։
«Ժողովուրդ»-ը հարցմամբ դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ պարզելու՝ ինչո՞ւ արձանախումբը մինչեւ հիմա որեւէ տեղ չի տեղադրվել։ Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ քաղաքապետարանը որտեղ է նախատեսում տեղադրել քանդակը եւ երբ։
Այսպիսով՝ քաղաքապետարանից մեզ պատասխանեցին. ««Դվին» հյուրանոցային համալիրի տնօրինության նախաձեռնությամբ եւ ֆինանսական միջոցներով՝ վնասված արձանախումբը լիովին վերականգնվել է, եւ համալիրի տնօրինությունը բազմիցս հայտնել է իր հստակ պատրաստակամությունը՝ արձանախումբը հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքների ավարտից հետո տարածքում վերատեղադրելու մասին»։
Ինչ վերաբերում է արձանախմբի տեղադրման վայրին, քաղաքապետարանից տեղեկացրին. ««Դվին» հյուրանոցային համալիրի նախագծի հեղինակ Աշոտ Ալեքսանյանի կողմից տրված տեղեկության համաձայն՝ արձանախումբը նախատեսվում է տեղադրել հյուրանոցային համալիրի աջակողմյան հենապատերին կից՝ շեշտադրելով տարածքի մուտքը»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՕՐՈՐՈՑԱՅԻՆ ԵՐԳԵՐ՝ ՆՈՐՈՎԻ ՄԱՏՈՒՑՄԱՄԲ
Անուշիկ Ալավերդյանը աշխատում է հին հայկական օրորոցային երգեր ներառող ձայնասկավառակի վրա։ Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց ինքը՝ երգչուհին։
Հարցին, թե արդյո՞ք տեղյակ է, որ նմանատիպ ձայնասկավառակի վրա աշխատում է նաեւ երգչուհի Արփին, Անուշիկը պատասխանեց. «Իհարկե, ինքն է ինձ ասել այդ մասին։ Համոզված եմ՝ իր մոտ ամեն բան շատ լավ է ստացվելու։ Մենք, ի դեպ, շատ մտերիմ ենք, երկուսս էլ մայր ենք, երկուսս էլ երգում ենք մեր փոքրիկների համար, եւ բնական է, որ մեզ մոտ այդ թեմային անդրադառնալու ցանկություն է առաջացել։ Ամեն դեպքում, ես չգիտեմ՝ ինքը կոնկրետ որ երգերն է կատարելու, բայց չի բացառվում, որ մեր ձայնասկավառակներում ինչ-որ առումով կրկնվեն երգերը։ Պարզապես մատուցումն է տարբեր լինելու։ Դա ինձ համար շատ կարեւոր է։ Անհամբեր սպասում եմ ալբոմի թողարկմանը, կարծում եմ՝ մնայուն արժեք է ստեղծվելու»։ Երգչուհին հավելեց, որ ձայնասկավառակի պատրաստման հարցում իրեն մեծապես օգնում է ամուսինը՝ դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, որը զբաղվում է երգերի գործիքավորմամբ։ Անուշիկի խոսքով՝ առաջիկայում այդ երգերից մի քանիսի հիման վրա կնկարահանվեն նաեւ տեսահոլովակներ։
Հարցին, թե արդյո՞ք ամուսնու հետ հանդես գալու առիթներ առաջիկայում կլինեն, Անուշիկը պատասխանեց. «Նման համագործակցություններ միշտ էլ լինում են, առաջիկայում տեղի է ունենալու մեր հերթական ակումբային համատեղ համերգը։ Հիմա արդեն նախընտրում ենք հանդես գալ ավելի հազվադեպ, բայց մասշտաբային համերգներով»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ առաջիկայում սպասվում է արդյո՞ք դուետ քրոջ՝ երգչուհի Արեւիկ Ալավերդյանի հետ. «Պլաններում նման բան դեռ չկա։ Հրապարակավ մենք երբեք դուետով հանդես չենք եկել, բայց եղել է օրորոցային մի երգ, որը կատարել եմ Արեւիկի եւ հորս հետ (նա «Ակունք» ազգագրական համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանն է-հեղ.)։ Հնարավոր է՝ այդ կատարումը եւս ընդգրկվի ձայնասկավառակում։ Իսկ քրոջս հետ զուգերգի առիթ չի եղել, քանի որ մենք մշտապես հանդես ենք եկել երաժշտական տարբեր ոճերում»,-մեկնաբանեց Անուշիկը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, քրոջ հետ հաճախ է խորհրդակցում այս կամ այն հարցի շուրջ, լսում է նրա խորհուրդները՝ հատկապես հագուստի ընտրության հարցում։
Մենք մի փոքր էլ զրուցեցինք Անուշիկի անձնական կյանքից։ Ի դեպ, նրա եւ Կարենի դուստրն արդեն երկու տարեկան է. «Մեկ տարի շարունակ իմ ժամանակն ամբողջովին նվիրել էի դստերս՝ մոռանալով գործի մասին։ Մեկ տարի անց արդեն վերսկսեցի իմ աշխատանքը, հիմա արդեն կարողանում եմ ժամանակիս մեջ տեղավորվել»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս