ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Ռուբինյանց փողոցում

Այս շենքի աղբը, կարծես, մի քանի տարվա վաղեմություն ունենա։ Հետաքրքիր է՝ ի՞նչ պարբերականությամբ է աղբահանություն կատարվում այստեղ։ Չնայած պետք չէ զարմանալ. տեսարանը մեր Երեւանի համար փնթիության դասական օրինակ է:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` անձն իրավունք ունի՞ իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել, հետագայում վերացնել կամ փոխել կտակը: Նա կարո՞ղ է զրկել ժառանգությունից: Եթե այո, ապա խնդրում եմ` ասեք, ինչպե՞ս են ընթանում նման գործընթացները:

Գագիկ Հակոբյան (63 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, քաղաքացին իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած գույք կտակել ցանկացած անձի, ցանկացած ձեւով որոշել ժառանգությունում ժառանգների բաժինները, զրկել ժառանգությունից ըստ օրենքի ժառանգներին, վերացնել, փոփոխել կամ լրացնել կազմված կտակը: Ընդ որում, նա պարտավոր չէ որեւէ մեկին տեղեկացնել կտակ անելու, այն փոփոխելու կամ վերացնելու մասին:
Քաղաքացու այդ իրավունքը սահմանափակվում է միայն ժառանգության պարտադիր բաժնի կանոններով: Պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը՝ անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ՝ ըստ օրենքի ժառանգելու դեպքում:
Ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը եւ ծնողները:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ժառանգության ընդունման ժամկետ է սահմանված ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքը։ Եթե ժառանգության իրավունքը այլ անձանց համար ծագում է ժառանգությունից ժառանգների հրաժարվելու դեպքում, ապա կարող են ընդունել վեց ամսվա ժամետի մնացած մասով, իսկ եթե երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում։

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ո՞րն է համարվում գիշերային ժամանակ (ժամը քանիսից սկսած): Եվ խնդրում եմ ասեք՝ որքա՞ն է սահմանված արտաժամյա աշխատաժամանակի տեւողությունը:

Ժենյա Հարությունյան (43 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ժ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչեւ 6-ը: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 148-րդ հոդված)։ Հայտնում ենք նաեւ, որ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքն իրար հաջորդող երկու oրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իuկ տարվա ընթացքում` 180 ժամը: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդված)։

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գիշերային է համարվում այն աշխատանքը, եթե կատարվող աշխատանքի աշխատանքային երեք ժամերը համընկնում են գիշերային ժամանակին: Ի դեպ, գիշերային աշխատանքի ներգրավել չի թույլատրվում մինչեւ տասնութ տարեկան անձանց, ինչպես նաեւ այն աշխատողներին, որոնց գիշերային աշխատանքն արգելված է բժշկական եզրակացությամբ: Հղի կանայք եւ մինչեւ երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:




Լրահոս