Գազի սպառումը կտրուկ աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ Հայաստան է ներկրվել 1 միլիարդ 689,2 միլիոն խորանարդ մետր բնական գազ: Անցած տարվա համեմատ գազի ներկրման ծավալները աճել են 273,5 միլիոն խորանարդ մետրով կամ շուրջ 18 տոկոսով: Ուշագրավ է, որ աճել են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իրանից ներկրվող բնական գազի ծավալները:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա ինն ամիսներին Ռուսաստանից ներկրվել է 1 միլիարդ 354,9 միլիոն խորանարդ մետր բնական գազ, իսկ Իրանից՝ 334,3 միլիոն խորանարդ մետր:

Անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից ներկրվել էր 1 միլիարդ 122,2 միլիոն խորանարդ մետր գազ, իսկ Իրանից՝ 293,5 միլիոն խորանարդ մետր: Նշված երկրներից ներկրվող բնական գազի ծավալների աճը համապատասխանաբար կազմել է 232,7 միլիոն եւ 40,8 միլիոն խորանարդ մետր:

Հիշեցնենք, որ իրանական բնական գազը ներկրվում է «Երեւան ՋԷԿ»-ի կարիքների համար: Ինչպես հայտնի է՝ «Երեւան ՋԷԿ»-ն իրանական գազով էլեկտրական էներգիա է արտադրում, եւ ԳԷՑ-ն էլէներգիայով էլ գազի դիմաց է վճարում՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 3 կիլովատ ժամ հարաբերակցությամբ:

Հարկ է նշել, որ բնական գազի սպառման բոլոր խմբերն էլ իրենց ծախսն ավելացրել են: Մասնավորապես բնակչությունը ինն ամիսներին սպառել է 448,6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, այս տվյալը անցած տարվա բուն ցուցանիշը գերազանցում է 82,6 միլիոն խորանարդ մետրով: Որոշ դիտարկումների համաձայն՝ բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է այս տարվա առաջին երկու ամիսների՝ հունվար-փետրվարի խստաշունչ ձմեռով, որը պահպանվեց նաեւ գարնան առաջին ամսին:

Այս գնահատականների ճիշտ կամ սխալ լինելը պարզ կդառնա եկող տարվա առաջին երեք ամիսների բնական գազի սպառման տվյալների ամփոփումից հետ:

Առավել ուշագրավ է այն փաստը, որ գրեթե կրկնակի ավելացել են էներգետիկ ոլորտի սպառած բնական գազի ծավալները: Անցած տարի էներգետիկ ոլորտը սպառել էր 152,6 միլիոն խորանարդ մետր բնական գազ, այս տարի այդ ցուցանիշը հասել է 300,5 միլիոն խորանարդ մետրի:

Հիշեցնենք, որ էներգետիկ նպատակներով բնական գազ օգտագործում են Հրազդան քաղաքի երկու ՋԷԿ-երը, որոնց արտադրած էլեկտրական էներգիան ամենաթանկերից է:

Ինչեւէ, արդյունաբերության ոլորտն այս տարվա ինն ամիսներին սպառել է 155,7 միլիոն խորանարդ մետր բնական գազ, որը անցած տարվա սպառածից ավել է 14,5 միլիոն խորանարդ մետրով:

Վ. Հ.




Լրահոս