Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ծրագիրը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն իր խոսքում նշեց, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:
Նրա խոսքով, ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: «Գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար»,- ասաց նախարարը:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ Կարայանը նշեց, որ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա ԱՏԳ-ի բացումը: