Ի՞ՆՉ ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՄԲ ՀՀ-Ն ԿԿԱՏԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանություններն արդեն մի քանի օր է՝ աննկարագրելի հրճվանքի մեջ են. Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ՝ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ:

Ստորագրված այս փաստաթուղթն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, եւ ըստ համաձայնագրի՝ Հայաստանը ԵՄ-ի առաջ ստանձնել է բոլոր ոլորտներում բարեփոխումներ անելու պարտավորություններ, որոնք, սակայն, իրագործելն այնքան էլ հեշտ չէ՝ հաշվի առնելով այս իշխանությունների բնույթը:
Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում ստորագրված փաստաթուղթը: Համաձայնագրի սկզբում առաջին հերթին ուշադրություն է դարձված տարածաշրջանային համագործակցության, բարիդրացիական հարաբերությունների զարգացման եւ տարածաշրջանում անվտանգության մակարդակի բարձրացման վրա: Բացի այդ՝ համաձայնագրով Հայաստանը ստանձնել է ներքին բարեփոխումներ իրականացնելու պարտավորություններ՝ այդ հարցում համագործակցելով ԵՄ-ի հետ: Ըստ փաստաթղթի՝ ՀՀ-ն ու ԵՄ-ն համագործակցելու են ժողովրդավարական հաստատությունների կայունության ու արդյունավետության, իրավունքի գերակայության զարգացման եւ ամրապնդման շուրջ, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքն ապահովելու շուրջ, դատական եւ իրավական բարեփոխումների հետագա առաջընթացի շուրջ «այնպես, որ ապահովվի դատական համակարգի, քրեական հետապնդման եւ իրավապահ համակարգի անկախությունը, որակն ու արդյունավետությունը»:
ՀՀ-ն ու ԵՄ-ն համագործակցելու են վարչական կարողությունն ամրապնդելու եւ իրավապահ մարմինների անկողմնակալությունը եւ արդյունավետ աշխատանքը երաշխավորելու շուրջ, պետական կառավարման ոլորտում բարեփոխում շարունակելու եւ հաշվետու, արդյունավետ, թափանցիկ եւ մասնագիտացված քաղաքացիական ծառայություն ձեւավորելու շուրջ:
Առանձնահատուկ կարեւորություն է տրված կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետության ապահովմանը, ընդ որում, այստեղ խոսվում է ե՛ւ ակտիվ, ե՛ւ պասիվ կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նաեւ շեշտված է այն մասին, որ Հայաստանը պետք է համագործակցի ՄԱԿ-ի՝ 2003թ. «Կոռուպցիայի դեմ» կոնվենցիան կյանքի կոչելու ուղղությամբ գործընթացին: Հայաստանը նաեւ հանձն է առել ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը, բարձրացնել էներգիայի մատակարարման անվտանգության եւ ապահովության մակարդակը՝ դյուրացնելով համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը: ՀՀ-ԵՄ համաձայնագրում խոսք կա տնտեսական երկխոսության մասին, ըստ որի՝ խթանեն տնտեսական բարեփոխումների գործընթացը, եւ ՀՀ-ն պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու եւ իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները համապատասխան դեպքերում ԵՄ տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։ Նաեւ անդրադարձ կա տրանսպորտի ոլորտին, ըստ որի՝ ՀՀ-ԵՄ համագործակցությունը պետք է նաեւ միտված լինի ուղեւորների եւ ապրանքների տեղաշարժի բարելավմանը, խթանեն արդյունավետ, ապահով եւ անվտանգ տրանսպորտի աշխատանքը եւ այսպես շարունակ:
Նկատենք, որ համաձայնագրի հավելվածներում հստակ նշված են վերջնաժամկետները, որի ընթացքում պետք է ՀՀ-ն համապատասխանեցնի չափանիշները: Ըստ այդմ, օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կոնվենցիայի դրույթները պետք է կիրարկվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից: Դատական համակարգի վերաբերյալ համաձայնագրի դրույթները պետք է կիրարկվեն 2 տարվա ընթացքում: Տրանսպորտային ոլորտի հետ կապված պարտավորությունները պետք է կիրարկեն մինչեւ 5 տարվա ընթացքում: Հավելվածների համաձայն՝ էներգետիկ անվտանգության վերաբերյալ դրույթները պետք է կիրարկվեն 4-5 տարվա ընթացքում, եւ այսպես շարունակ:
Կգնան իշխանություններն այս քայլին, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա իշխանություններն ունակ չեն եղել բովանդակային փոփոխություններ իրականացնելու, այլ արվել են ընդամենը կոսմետիկ փոփոխություններ: Մինչդեռ այս դեպքում նրանք ստիպված են լինելու որոշ դեպքերում իրենք իրենց դեմ դուրս գալ: Ու երբ երեկ ասուլիսի ժամանակ Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Պյոտր Սվիտալսկուն լրագրողները հարցրել են՝ եթե ՀՀ-ն չկատարի պարտավորությունները կամ թերի կատարի, ի՞նչ է լինելու. «Թույլ տվեք նշել, որ համաձայնագիրը համագործակցային բնույթի է, սա նշանակում է, որ այն մեր համատեղ ջանքերի ու պարտականությունների մասին է, երկուսն էլ հանձնառություն են վերցրել՝ ինտենսիվացնել իրենց հարաբերությունները, այստեղ տարբեր ոլորտների մասին խոսք կա, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, դեմոկրատիայի, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ այսպես մենք միատեղում ենք մեր ջանքերը։ Եվրամիությունը քաջալերում է, աջակցում է, բայց երբեք չի պարտադրում։ Այնպես որ, վստահ ենք, որ լավ ոգով կկատարվեն այդ հանձնարարականները։ Հարկ չեմ համարում խոսել ձախողումների մասին այս պահին, որովհետեւ շատ լավատես եմ, որ այս համաձայնագիրը նոր որակ կբերի մեր հարաբերություններին, նաեւ շատ լավատես եմ իրագործման առումով»,- ասել է դեսպանը։
Հ.Գ. Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, երեկ Սվիտալսկին ասել է, թե դա հնարավոր է մի շարք պայմաններ կատարելու դեպքում: «Վիզաների ազատականացումը պահանջում է հսկայական, իսկապես ջանասիրաբար աշխատանք մեր հայ գործընկերների կողմից: Վիզաների ազատականացումն էլ իրավունք չէ, այլ արտոնություն, եւ եվրոպական քաղաքացիները պետք է իմանան, որ այն երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն որպես իրական եվրոպացիների, եւ ցանկանում են ապրել եվրոպական չափորոշիչներով ու նորմերով եւ ունեն իսկապես եվրոպական մտածելակերպ: Սա է այն առանցքային պահանջը, որ պետք է հիմք հանդիսանա Հայաստանի համար»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՄԱՆՈՐ
Վանաձորի քաղաքապետարանը հուլիսի 21-ին պայմանագիր է կնքել «Սմարթ Սոլուշնս» ընկերության հետ եւ ձեռք բերել մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի կարիքների համար մշակութային միջոցառումների կազմակերպման համար հատկացվել է 17.4 մլն դրամ: Նշված գումարից քաղաքապետարանը պատրաստվում է 5 մլն 480 հազար դրամ ծախսել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար: Ի դեպ, նշենք, որ սեպտեմբերի 21-ի համար քաղաքապետարանը ծախսել է 500 հազար, «Ծաղկի եւ երգի տոն» համաքաղաքային միջոցառման կազմակերպման համար` 1 մլն 490 հազար, «Վանաձորի օր» տոնակատարության համար՝ 6 մլն 980 հազար դրամ: Այս գնումները կատարվում են համայնքի ավագանու որոշումներով, դրա հիման վրա քաղաքապետարանը պայմանագրեր է կնքում ընկերությունների հետ: Բայց այս դեպքում, ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական է ճանաչել, հետեւաբար հակասահմանադրական են նրանց կայացրած որոշումները եւս:

 

 

 

ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԳԱՂՏՆԻ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած կրակոցների գործով Վրաստանում հայտնաբերված հետախուզվողներ Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի տեղափոխումը ՀՀ հնարավոր է՝ իրականացվի գաղտնի` ելնելով քրեական գործի հանգամանքներից եւ տվյալ անձանց անվտանգությունից: Ինչպես հայտնի է՝ իրավապահները հոկտեմբերի 29-ին վերոնշյալ անձանց հայտնաբերել էին Վրաստանում, եւ վաղը կլրանա հայտնաբերման մեկ ամիսը, սակայն մեզ հայտնի դարձավ, որ նրանց դեռ չեն տեղափոխել Հայաստան: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը եւ Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից եւ «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով մեկ մարդ սպանվել էր:

 

 

13-ՐԴ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Ազգային ժողովի աշխատակազմն անորոշության մեջ է, քանի որ տեղյակ չեն՝ տարեվերջյան պարգեւավճարները, որոնք ընդունված է անվանել 13-րդ աշխատավարձ, այս տարի ստանալո՞ւ են, թե՞ ոչ: Ուստի լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է՝ ԱԺ նոր ղեկավարությունն այս անգամ նրանց զրկի պարգեւատրումներից: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ԱԺ աշխատակազմը պարգեւատրումից օգտվելու է, թե ոչ հարցին ի պատասխան՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը պատասխանել է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատողները մշտապես օգտվում են օրենքով նախատեսված իրավունքից»: Անորոշ պատասխանից կարելի է ենթադրել, որ ԱԺ ղեկավարությունը դեռեւս հստակ որոշում չունի՝ կվճարի՞ 13-րդ աշխատավարձը, թե՞ ոչ:

 

 

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ
Այսօր Երեւան է ժամանում Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Զարիֆը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, վարչապետի եւ արտգործնախարարի հետ:

 

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
«Ելք» դաշինքի առաջարկով «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրից Հայաստանի դուրս գալու գործընթացի մեկնարկի մասին» լսումների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ասել է. «Հայաստանի տնտեսական գրավչության անկումը պայմանավորված է ԵՏՄ փակ լինելու հանգամանքով: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նույնպես հարված են հասցրել ԵՏՄ-ին եւ բացասական հետեւանքներ ունեցել Հայաստանի տնտեսական վիճակի վրա: Ես իրոք կարծում եմ, որ մենք 2 տարուց դուրս կգանք այդ կազմակերպությունից, կամ այն առհասարակ չի լինի»:

 

 

 

ԿՈՐՑՐԵԼ Է ԴԻՐՔԵՐԸ
«2017թ. առաջին կիսամյակում ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել 451 հազար դոլարի չափով մոտ 19600 տոննա ծիրան»,-ասել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ նախորդ տարվա այդ նույն ժամանակահատվածում ՀՀ-ից Ռուսաստան է արտահանվել մոտ 6 մլն դոլարի 6200 տոննա ծիրան: «Այսինքն՝ Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանումը 3.8 անգամ կրճատվել է, իսկ գնային առումով՝ 5.8 անգամ: Քիչ է, որ Հայաստանը չի ամրացրել իր դիրքերը ռուսական շուկայում, մի բան էլ սկսել է կորցնել դրանք: Ն. Փաշինյանը նշել է, որ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության առաջին տարում օտարերկրյա ներդրողները երկրում 164.7 մլրդ դրամի ներդրում են կատարել, իսկ երկրորդ տարում՝ 118.4 մլրդ դրամի, իսկ երրորդ տարում՝ 81 մլրդ դրամի:
 

 

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՓԱՅՏԻԿ ՉԷ
Ըստ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը պատրաստակամ է անելու ամեն ինչ` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների իրականացումն ապահովելու համար: «Ես եւ պատվիրակության մեր գործընկերները պատրաստ ենք անելու առավելագույնը համաձայնագրի իրականացման համար: Համաձայնագիրը չի պարունակում որեւէ կախարդական փայտիկ, որը մի գիշերվա մեջ ամեն ինչ կփոխի: Բայց այն առաջ կբերի շոշափելի բարելավումներ սովորական քաղաքացու տեսանկյունից»,-ավելացրել է Պ. Սվիտալսկին: Նրա դիտարկմամբ` համաձայնագրի իրականացումը կարող է բերել նաեւ տնտեսական օգուտներ:




Լրահոս