ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԴԱՏԱԽԱԶԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 5 տարի հետախուզման մեջ գտնվող Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին հայտնաբերեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:

Նախ՝ ամենասկզբից
Այս տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ-ում «Ինտերպոլի» ԱԿԲ-ի միջոցով Ուկրաինայի իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին Ուկրաինայի Կիեւ քաղաքում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր 37-ամյա Խաչատուր Բ.-ն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Խաչատուր Բ.-ն 2012թ. սեպտեմբերի 10-ից ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Նկատենք, որ ՀՀ ոստիկանությունը չէր գաղտնազերծել, թե ով է Խաչատուր Բ-ն, որին իրավապահները կաշառքի գործով հայտնաբերել էին:

Ով է Կիեւում հայտնաբերվածը
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 5 տարի հետախուզման մեջ գտնվող անձը Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանն է:
Իսկ 2012 թվականին իրավապահները ի՞նչ էին բացահայտել Խաչատուր Բաղդասարյանի գործունեության մասով, որ նրա նկատմամբ հետախուզում էին հայտարարել ու 5 տարի փնտրում էին ու փնտրում:
Պարզվում է՝ Կոտայքի մարզի բնակիչ Ս. Ափոյանը 2012 թվականի մայիսի 8-ին վարկային կազմակերպություն է ներկայացրել տան նկատմամբ սեփականության իրավունքի՝ նախապես կեղծված վկայականն ու նույն տան գնահատման տեղեկանքը եւ այն գրավադրելով իր ծանոթի անվամբ՝ որպես վարկ ստացել է 4 մլն 400 հազար դրամ ու խաբեությամբ հափշտակել: Օրեր անց՝ մայիսի 31-ին, Ս. Ափոյանը նույն վարկային կազմակերպություն է ներկայացրել մեկ այլ տան նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, գնահատման տեղեկանքն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր, որը գրավադնելով իր մեկ այլ ծանոթի անվամբ՝ ստացել է 43 հազար դոլարի վարկ եւ հափշտակել: Օգոստոսի 31-ին նույն անձը փորձել է նույն վարկային կազմակերպությունից նույն եղանակով ստանալ եւս 40 հազար դոլարի վարկ մեկ ուրիշ անձի անվամբ, սակայն գործարքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ այն իրավապահները բացահայտել էին:
Սակայն այս պատմության ամենաաղմկալի բացահայտումն այն է, որ Կոտայքի բնակիչ Ափոյանը տանիք է ունեցել, որ հանգիստ, խարդախությամբ հափշտակություններ է կատարել: Ըստ մամուլի հրապարակումների՝ պարզվել է, որ խարդախներին հանցակից է եղել ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը, ով կեղծ գործարքներին ընթացք չտալու պայմանով Ափոյանից պահանջել էր 9 հազար դոլար կաշառք:
Ո՞վ է բացահայտել գործը
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս աղմկահարույց բացահայտումը իրականացրել էր ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը, սակայն վերջինիս բացահայտումից հետո ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանին ձերբակալել հնարավոր չէր եղել, քանի որ նա կարողացել էր փախուստի դիմել Հայաստանից:
Ասել է, թե ավագ դատախազը տեղեկացված է եղել, որ մի խումբ մարդիկ կեղծ փաստաթղթերով վարկային կազմակերպություններից խաբեությամբ խոշոր գումարներ են ստանում եւ հափշտակում: Սակայն հանցագործության մասին իմանալով՝ ոչ թե համապատասխան ընթացք է տվել, այլ մի բան էլ հանցավոր խմբավորման հետ գործարքի էր գնացել եւ համապատասխան գումար պահանջել:
Նկատենք, որ դեռես 2012 թվականին այս աղմկահարույց բացահայտումը դատախազության ներսում ներքին տարաձայնության պատճառ է դարձել:
Ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազությունում քննարկել են, թե ինչպես փրկեն իրենց ավագ կոլեգային, սակայն, ըստ ամենայնի, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Հրաչյա Բադալյանը իրավիճակի մասով այլ կարծիք է ունեցել եւ որոշել է գործին ընթացք տալ:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը հափշտակության մեջ մենակ չի գործել. կոլեգա օգնական էլ է ունեցել, բայց նրա մասնակցության հարցը այդպես էլ չի հաստատել, քանի որ Խաչատուր Բաղդասարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, եւ նրա նկատմամբ 2012 թվականին հայտարարվել է հետախուզում:
Այսպիսով՝ 5 տարի անց ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը հայտնաբերվեց, իսկ թե հետո ինչ բացահայտումներ կլինեն, սպասենք զարգացումներին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԴԱՏԱՎՈՐԸ ՎԱԽ ՉՈՒՆԻ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը չի կիսում ՀՀ արդարադատության խորհուրդի որոշումը:
Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Կենտրոնի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ նկատողություն էր հայտարարվել, բացի այդ՝ նա 6 ամիս կզրկվի աշխատավարձի 25 տոկոսից: Այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն էր ներկայացրել արդարադատության խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչն էլ, ըստ էության, բավարարվեց:
Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի հետ:
-Պարո՛ն Մելքումյան, Ձեզ նկատողություն են հայտարարել եւ զրկել են 6 ամիս աշխատավարձի 25 տոկոսից, կիսո՞ւմ եք արդարադատության խորհրդի որոշումը:
-Չէ՛, չեմ կիսում, բայց ամեն դեպքում, եթե խորհուրդը այդպես է որոշել, բան չունեմ ասելու, իհարկե, չեմ կիսում:
-Ի՞նչ որոշում էիք կայացրել, որ արդարադատության խորհուրդը որոշեց պատժել Ձեզ:
-Ճիշտն ասած՝ չեմ ցանկանա մեկնաբանել:
-Ձեր դեմ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի բողոք ներկայացնողը քաղաքացի՞ է եղել, թե՞ այլ անձ, քանի որ եղել են դեպքեր, որ անգամ դատավորներն են իրենց կոլեգաներին պատժելու համար դիմել հանձնաժողով:
-Քաղաքացու բողոքն է եղել:
-Արդարադատության խորհրդի որոշումները դատավորին դաս տալի՞ս են, հետեւություն անո՞ւմ եք, որ էլ նման բան չկրկնվի:
-Բնականաբար այո, բայց չեմ ցանկանա մեկնաբանել, եթե խորհուրդը նման բան է որոշել, ավելացնելու բան չունեմ, եթե ճիշտը դա է, ուրեմն դա է:
-Դուք չեք կիսում որոշումը, եւ չե՞ք փորձել ապացուցել Ձեր ճշմատացիությունը, թե՞ վախենում եք:
-Չէ՛, ոչ մի վախ չկա, ուղղակի, եթե խորհուրդը գտել է, որ ճիշտը նման բան կիրառելն է, ես չեմ կարող վիճարկել կամ համաձայն չլինել, բայց ներքուստ չեմ կիսում, քանի որ կարծում եմ՝ պատիժը ավելի մեղմ պետք է լիներ: էլի եմ կրկնում, խորհուրդը որոշել է, ուրեմն դա է ճիշտը:
-Դուք նիստին մասնակցե՞լ եք, գոնե այնտեղ կարծիք հայտնե՞լ եք, որ չեք կիսում իրենց տեսակետը:
-Այո՛, եղել եմ, իմ դիրքորոշումն էլ եմ ասել, բացատրել եմ, ամեն դեպքում որոշողը խորհուրդն է եղել եւ կայացրել է որոշում, ուղղակի չեմ ցանկանա մեկնաբանել:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է. «Ես պնդում եմ, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ԵԱՏՄ-ն չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին»: Ս. Գրիգորյանը նշել է որ ԵԱՏՄ խաղի կանոնները հետզհետե կյանքի են կոչվում, եւ մեր վիճակը վատանում է, օրինակ` Վրաստանից լոլիկ բերող գյուղացու մանր առեւտուրը փակվեց, մեկ տարուց մեքենա ներկրելու սահմանափակումը կմտնի, եւ վիճակն ավելի կվատանա: Անդրադառնալով Իրանի հետ Հայաստանի ազատ առեւտրի սահմանափակմանը` վերլուծաբանը նկատել է, որ ԵԱՏՄ խաղի կանոնների համաձայն՝ Իրանի նավթամթերքները չեն համապատասխանում ԵԱՏՄ չափորոշիչներին, եւ դրանց մուտքը Հայաստան եւս սահմանափակվել է:

 

 

ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐ
«Իգլա»-ի գործով ամբաստանյալները նիստում հանդես են եկել վերջին խոսքով: Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն եւ պահելուն: Ամբաստանյալներից Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Մեղադրանքը չեմ ընդունում ու չեմ ընդունելու, ուղղակի ամաչում եմ ընտանիքիցս, որդիներիցս, մեղադրողից, այս դահլիճում հավաքվածներից»: Մյուս ամբաստանյալ Կարեն Քոչարյանն էլ դատավոր Արշակ Վարդանյանին կոչ է արել օրենքից բացի՝ մարդկային խղճով առաջնորդվել վճիռը կայացնելիս: Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանն էլ իր հերթին դատավորին հորդորել է մաքուր եւ արդար լինել: Սամվել Բաբայան էլ ասել է, որ արդեն իսկ ամեն ինչ բացատրել է. «Ավելացնելու ոչինչ չկա»: Իսկ մյուս ամբաստանյալները չեն ցանկացել օգտվել վերջին խոսքի իրավունքից:

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՍՐԱՀՈՒՄ
Ախալքալաքում թալանել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահը: Նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտյան գողերը ջարդել են Չարենց եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը եւ ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12.000 դոլար կանխիկ գումար: Գողերը իրենց հետ են տարել նաեւ կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն:




Լրահոս