«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի քննարկումը խորհրդարանում բավական բուռն ընթացավ: Անցած ամիսներին այդ նախագծի շուրջ նաեւ հանրային բուռն քննարկումներ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի մի քանի գյուղապետերից փորձեց պարզել, թե նրանք ինչպես են վերաբերվում նման օրենք ունենալու գաղափարին:
ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով օրինագծին, հայտարարեց. «Կնոջը չեն ծեծում, այլ սիրում են: Ինչպե՞ս կարելի է կնոջը ծեծել: Մեր գյուղի բնակիչները 100 տոկոսով տեղյակ են, որ այլեւս չեն կարող ձեռք բարձրացնել իրենց երեխաների եւ կանանց վրա: Արդեն այնքան սիրալիր են իրենց կանանց հանդեպ, որ հնարավոր չէ պատկերացնել: Առանց կատակի, մեր գյուղերում նման բան չկա: Այնպես չի եղել, որ տղամարդը կին ծեծի, իսկ երեխաներին էլ` առավելեւս: Մենք մեր գյուղում օրենքը խախտողներ չենք ունենա»:
Այնուամենայնիվ, եթե գտնվի մեկը, ով կնոջը ծեծի, տավուշեցի գյուղապետը նրան «պատժելու է»: «Եթե ունենանք խախտողներ, ապա խիստ կպատժեմ` օրենքի սահմաններում: Մեր գյուղը փոքր է, ես գիտեմ, թե որի տանը ինչ ճաշ են եփում, ում հավը քանի ձու է ածում: Այնպես որ, ամեն ինչին տեղյակ եմ: Հետեւաբար ծեծի մասին էլ կիմանամ: Ես ինքս էլ օրենքը չեմ խախտի»,- վստահեցրեց գյուղապետը:
Սյունէ Համբարձումյան