Հայաստանն արդեն մոտ երկու ամիս է՝ թեւակոխել է գնաճերի փուլ: Թանկացումների վերջը դեռեւս չի երեւում: Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները է՛լ ավելի են վատթարացնում Հայաստանի սոցիալապես անապահով մոտ մեկ միլիոն բնակչության վիճակը: Ի՞նչ են անում կամ պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ այս իրավիճակը մեղմելու համար, եւ ինչպես պետք է հասարակ սպառողը դիմակայի թանկացումներին. այս հարցերի պատասխանները ArmLur.am-ը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանից:
-Պարո՛ն Հակոբյան, Հայաստանում գնաճը շարունակվում է: Ինչպե՞ս պետք է քաղաքացին դիմակայի թանկացումներին:
-Դիմակայել թանկացումներին պետք չէ: Պետք է դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին, թանկացումներն ընդամենը դրանց մի փոքր մասն են:
Մեզ մոտ սովորույթ կա, որ դեկտեմբերին ամեն ինչ սկսում է թանկանալ մինչեւ դեկտեմբերի երեսունմեկը, հետո սկսում են իջնել: Եթե մի քանի տեսակի ապրանքատեսակներ թանկանում են, ապա դա քիչ ազդեցություն կունենա ընդհանուր ընտանեկան զամբյուղի վրա, որովհետեւ նվազագույն զամբյուղը հաշվում է 430 ապրանքների համար, եւ մեկ ապրանքի թանկացումը քիչ էական ազդեցություն կունենա ընդհանուր զամբյուղի արժեքի վրա:
Թանկացումն ինքը վատ բան է, որովհետեւ ինքն առաջին պատճառն է աղքատ շերտին հարվածելու: Ես, ճիշտն ասած, չեմ սպասում, որ թանկացումներն այնպես լինեն, որ կառավարությունը ստիպված լինի անդրադառնալ աղքատության նվազագույն զամբյուղի կամ նպաստների վերանայման քաղաքականությանը:
-Բայց երկրում աղքատության այդպիսի մակարդակ է, գնաճն էլ շարունակվում է: Ինչպե՞ս պետք է մարդիկ ապրեն:
-Դուք պետք է հաշվի առնեք հետեւյալը. աղքատը քիչ է ծախսում, հետեւաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձեւով խուսափելու է թանկացած ապրանքներից:
Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց: Դա ինքնապաշտպանության ինստիկտ է:
-Բայց այդ թանկացումները չեն խորացնի՞ արդեն տիրող աքատությունը:
-Ցանկացած թանկացում խորացնում է աղքատությունը: Ինքը միգուցե չավելացնի, բայց հաստատ կխորացնի աղքատությունը:
-Թանկացումները Ձե՞զ վրա չեք զգում:
-Ես առեւտուր չեմ անում, շուկա չեմ գնում: Տունը երեւի կզգան: Նախատոնական առեւտուրը որ սկսեցին, կասեն՝ ինչն ինչոց է: Ցանկացած մեկը չի ուզում թեկուզ մեկ ապրանքի համար հազար դրամ ավել վճարել:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: