
Ազգային ժողովը ծխելու դեմ պայքարի յուրօրինակ ձեւ է ընտրել: Վերջերս խորհրդարանի ողջ շենքում չծխել գրությամբ ցուցանակներ են հայտնվել: Նաեւ հատուկ տեղ է նախատեսված՝ ԱԺ աշխատակիցների կամ օրենսդիրների ծխելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նույնիսկ կան հատուկ աշխատակիցներ, ովքեր «կարգազանցներին» պետք է զգուշացնեն, որ տվյալ տարածքներում ծխել չի կարելի:
Սակայն այդ գրությունները կամ զգուշացումները պատգամավորներին այնքան էլ չեն անհանգստացնում, եւ վերջիններս շարունակում են ծխել չնախատեսված վայրերում՝ արհամարհելով պահանջը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, հարցն ավելի խիստ է դրվել՝ նախարար, թե պատգամավոր, կապ չունի, բոլորը հավասար են եւ չպետք է ծխեն, «կարգազանցներ»-ն էլ ավելի խիստ կզգուշացվեն: