Հայաստանի օլիմպիական չեմպիոնները դատապարտում են դոպինգի օգտագործումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի օլիմպիական չեմպիոնները, մեդալակիրները, օլիմպիական խաղերի մասնակիցները, մարզիչները միանում են ՀԱՕԿ-ի ու Սպորտի եւ երիտասարդություն հարցերի նախարարության հայտարարությանը, որով դատապարտվում է դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը:

Նրանք նույնպես գտնում են, որ անարդարացի կլինի անբարեխիղճ մարզիկների պատճառով արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին պատժելը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը լավ է հասկանում մարզիկների զգացողությունները: 1992 թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերում նա իր ոսկին նվաճել էր ԱՊՀ դրոշի ներքո.

«Օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնելը մեծ պարծանք է յուրաքանչյուր մարզիկի համար: Շատ ցավալի է, որ մաքուր մարզիկները նույնպես պատժվում են՝ Խաղերում զրկվելով իրենց դրոշից, օրհներգից: Ամեն մի մարզիկ պայքարում է եւ իր եւ երկրի համար: ԽՍՀՄ փլուզումից հետո մենք Բարսելոնայում հանդես էինք գալիս ԱՊՀ դրոշի ներքո, սակայն իմ մարզաշապիկի վրա գրված էր «ARMENIA»: Ես դրանով հպարտանում էի: Կարծում եմ՝ արդարացի չէ, որ անմեղ մարզիկները Հարավային Կորեայում մասնակցեն օլիմպիական դրոշի ներքո»,- նշեց Իսրայել Միլիտոսյանը:

Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի կարծիքով ստեղծված իրավիճակի համար պետք է պատժվեն միայն մեղավորները.

«Ես գտնում եմ, որ մաքուր մարզիկներին պետք է աջակցեն բոլորը: Նույն իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած երկիր: Ի՞նչ է նշանակում՝ մաքուր մարզիկը չմասնակցի օլիմպիական խաղերին կամ հանդես գա չեզոք դրոշի ներքո: Ինչո՞ւ պետք է մեղավորների պատճառով տուժեն անմեղ մարզիկներ: Սա շատ վիրավորական է: Բոլոր ազգային օլիմպիական կոմիտեները մերժում են արգելված նյութերի օգտագործումը, մարզիկներին բացատրում, որ դա անթույլատրելի է»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Մի քանի օր առաջ ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանին 2018 թ. օլիմպիական ձմեռային խաղերից: Սակայն, մաքուր մարզիկներին թույլ տվեց հանդես գալ Փհենչհան-2018-ում՝ չեզոք դրոշի ներքո:




Լրահոս