
Նախկինում «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է երկաթուղային «Այրում» կայարանի կոյուղագծի չգործելու, այնտեղ տիրող հակասանիտարական վիճակին: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Տավուշի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է եղել, ըստ որի՝ այդ գերատեսչությունը պետք է կազմեր երկաթուղային գծերի տակով ձգվող կոյուղագիծը վերագործարկվելու նախագիծը:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը եւս պետք է մասնակցեր այդ կոյուղագծերի վերագործարկման աշխատանքներին: Տարին ավարտվում է, սակայն կոյուղագծերի վերագործարկման աշխատանքները դեռեւս արված չեն: Արայիկ Պարանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Այրում կայարանում գտնվող բնակելի թաղամասի բնակիչներից ամսական 180 դրամ վարձավճար է գանձում, որի 27 դրամը ջրահեռացման՝ կոյուղու ծառայությունների վարձն է: Այսինքն՝ չմատուցվող ծառայության դիմաց վարձավճար է գանձվում:
Ոսկան Սարգսյան
Տավուշ