Քեռու տղա՞ն է սպանել. Մալաթիայում տեղի ունեցած սպանության մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 6-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 13/2 հասցեի մոտ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել էր Երեւանի բնակիչ Արշակ Գալստյանի դին՝ հրազենային վնասվածքներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի են դարձել տեղի ունեցած սպանության մանրամասները:

Նախ՝ պաշտոնապես

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 00:05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հարավ-արեւմտյան Բ-4 թաղամասի ծննդատան մոտակայքում ավտոմեքենա է այրվում, սրահում մահացած մարդու դի կա: Դեպքի վայր ժամանած ոստիկանները Բաբաջանյան փողոցի թիվ 13/2 հասցեի մոտ, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են 1979թ. ծնված Արշակ Գալստյանի դին` հրազենային վնասվածքներով:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ: Մասնավորապես Արշակ Գալստյանի ուղղությամբ հրազենից կրակել են մեկ այլ ավտոմեքենայի միջից: Ավտոմեքենայի մակնիշը եւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել են. վերջինս Երեւանի բնակիչ է, 1986 թվականին ծնված: Հայտնաբերվել էր նաեւ հանցագործության գործիք հանդիսացած հրազենը:

ՀՀ քննչական կոմիտեն սպանության փաստի առթիվ հարուցել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք, զինամթերք կրելը: Ենթադրյալ հանցագործի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը եւ հետախուզում էր հայտարարվել:

4-րդ գյուղի Ջոնիկը

Նկատենք, որ իրավապահ մարմինները չէին հրապարակել ենթադրյալ սպանություն կատարողի անունը: Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ սպանված Արշակ Գալստյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչ է եղել: Նա վերջին շրջանում տեւական ժամանակ իր քեռու տղայի հետ հակասությունների մեջ է եղել: Քեռու տղայի անունը Կարեն է, նա նույնպես բնակվում է Հաղթանակում, սակայն թաղամասում առավել հայտնի է Ջոնիկ անունով:

Հաղթանակ թաղամասում տարածված լուրերի համաձայն՝ ազգականների միջեւ հակամարտությունը սկսվել է ինչ-որ գումարի հետ կապված խնդրի պատճառով: Ըստ լուրերի՝ Ջոնիկը պարտքով գումար է տվել իր հորաքրոջ տղային` Արշակ Գալստյանին, մոտ 15 հազար դոլար: Սակայն Արշակ Գալստյանը չի կարողացել վերադարձնել պարտքը, եւ նրանց միջեւ ծագած վեճը գնալով ավելի է սրվել: Հաղթանակի բնակիչներից մեզ հայտնեցին՝ Արշակը եւ Ջոնիկը վերջին շրջանում տարբեր վայրերում մեկը մյուսի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել: Միջադեպի օրը Արշակ Գալստյանը տանն է եղել, եւ վարկածներից մեկով՝ նրան զանգահարել ու դուրս են հրավիրել: Իսկ թե ով է եղել Արշակ Գալստյանին զանգահարողը եւ դուրս հրավիրողը, դեռ հայտնի չէ:

Ներկայումս հայտնի է, որ իրավապահները կարողացել են պարզել սպանության շարժառիթները եւ դրա պլանավորված լինելը: Այսինքն՝ սպանությունը տեղի չի ունեցել վեճի արդյունքում կրքերի բորբոքման հետեւանքով: Իրավապահները Արշակ Գալստյանի սպանությունը կատարելու մեջ կասկածում են նրա քեռու տղային՝ Կարենին:

Լքել է երկիրը

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքից հետո իրավապահները բացահայտել են, որ Կարենը լքել է Հայաստանը: Նրա ավտոմեքենան հայտնաբերել են օդանավակայանի մոտ կայանված: Ավտոմեքենայի խուզակության արդյունքում իրավապահները այնտեղ հայտնաբերել են «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգ, որը ենթադրվում է՝ հանցագործության գործիքն է:

Որքանով են Հաղթանակ թաղամասում տարածված լուրերը համապատասխանում իրականությանը, պարզ կլինի քննության արդյունքում:

Հ.Գ Երեկ երեկոյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ այս գործով եւս մեկ անձի՝ 23-ամյա երիտասարդի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության հանցակից): Քննչական կոմիտեն դատարանին միջնորդել է երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Քնար Մանուկյան




Լրահոս