Սպորտի նախարարությանը պարգևատրման գումար է պետք. որքան կհատկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մտադիր է ՀՀ կառավարությունից 133 միլիոն 840 հազար դրամ խնդրել՝ 2017 թվականի ընթացքում սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում եւ համաշխարհային ունիվերսիադայում արդյունքներ ցուցաբերած մրցանակակիրներին պարգեւավճարներ հատկացնելու համար: ՀՀ կառավարության որոշման՝ շրջանառության մեջ դրված նախագծից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ նպատակի համար ընթացիկ տարվա պետական բյուջեում արդեն իսկ նախատեսված է 50 միլիոն դրամ: Սակայն այս տարվա ընթացքում արդյունքներ ցուցաբերած սպորտսմենների պարգեւավճարների ընդհանուր հանրագումարը կազմել է 183 միլիոն 840 հազար դրամ:

Ուստի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կառավարությունից խնդրում է պահուստային ֆոնդից լրացուցիչ գումար հատկացնել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ վերը նշված գումարով նախատեսվում է պարգեւատրել 105 մարզիկների, նրանց անձնական մարզիչներին, հավաքականների ավագ մարզիչներին, երկրորդ մարզիչներին եւ անգամ բժիշկներին: Մասնավորապես մարզիկների պարգեւատրման համար նախատեսվում է հատկացնել 79 միլիոն 250 հազար դրամ, անհատական մարզիչներին եւ հավաքականի ավագ մարզիչների պարգեւավճարները նույն չափի են լինելու ու ընդհանուր կազմելու են 39 միլիոն 625 հազար դրամ: Երկրորդ մարզիչները համեմատաբար համեստ պարգեւավճարներ կստանան՝ ընդհանուր 15 միլիոն 850 հազար դրամի չափով: Մեկ մարզիկի հաշվարկով բժիշկների գումարները ամենահամեստն են, սակայն եթե հաշվի առնենք, որ նույն բժիշկը մի քանի մարզիկի է սպասարկել եւ ըստ այդմ էլ պարգեւավճարներ է ստանալու, իրականում նրանցից մի քանիսի գումարները բավական պատկառելի են լինելու: Ընդհանուր բժիշկներին պարգեւատրելու համար կհատկացվի 9 միլիոն 490 հազար դրամ:

Ի դեպ, մարզիկների համար նախատեսված պարգեւավճարների առավելագույն չափը 5 միլիոն դրամն է, որը տրվելու է աշխարհի չեմպիոնի կոչում նվաճած մարզիկներին: Եվրոպայի չեմպիոնի համար նախատեսված է 3 միլիոն դրամ, եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղի համար 1 միլիոն 800 հազար դրամ է նախատեսված, 3-րդ տեղի համար՝ 1 միլիոն 200 հազար դրամ եւ այսպես շարունակ: Ի դեպ, սպորտաձեւով պայմանավորված եւս պարգեւավճարների չափերը տարբերվում են, օլիմպիական սպորտաձեւերի պարգեւավճարները ամենամեծն են:




Լրահոս