ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղքատության մակարդակն իջել է. ԱԺ պատգամավոր, սոցապ նախկին փոխնախարարը չի զիջում Հակոբ Հակոբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդեն մոտ երկու ամիս է՝ թեւակոխել է գնաճերի փուլ: Թանկացումների վերջը դեռեւս չի երեւում: Հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները է՛լ ավելի են վատթարացնում Հայաստանի սոցիալապես անապահով մոտ մեկ միլիոն բնակչության վիճակը: Ի՞նչ են անում կամ պատրաստվում անել ՀՀ իշխանությունները՝ այս իրավիճակը մեղմելու համար, եւ ինչպես պետք է հասարակ սպառողը դիմակայի թանկացումներին. այս հարցերի պատասխանները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ ՀՀ ԱԺ  պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանից։

-Տիկի՛ն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման արդյունքում Հայաստանի բնակչության աղքատների պաշտոնական թիվն ավելացել է մոտ 100 հազարով, իսկ ոչ պաշտոնապես՝ մոտ կես մլն-ով: Ի՞նչ է արվում՝ պատկերն ավելի չխորացնելու համար:

-2018 թվականի բյուջեում երկարաժամկետ ծրագրեր են դրված: Այսինքն՝ դա կայունացման, դա այն բյուջեն է, որը նախատեսում է՝ ինչ անել, որ վաղն այդ աղքատ մարդկանց կարողանանք ապահովել: Ոչ թե միայն դրամական վճարներով է մարդ կարող ապրել, այսինքն՝ միայն դրանով չես դու աղքատությունը նվազեցնում, որ արտաքին պարտքով դու այսօր կենսաթոշակ կամ նպաստ ավելացնես: Այ, տեսե՛ք, գյուղատնտեսության ոլորտում. հիմնականում վատ ապրող, աղքատ մարդիկ այսօր գյուղերում են: Գյուղատնտեսության ոլորտում ծախսերը, գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ոռոգման համակարգի միջոցները եթե համեմատենք նախորդ տարվա հետ, վաթսուն տոկոսով ավելանում է: Ի՞նչն է լինելու արդյունքը, գյուղարտադրանքի բարձրացումն է, որը բերելու է նաեւ գների իջեցման:

-Այսօր մենք տեսնում ենք՝ միսը, կարագը թանկանում են: Դուք օրենսդիր մարմնի ներկայացուցիչ եք, ի՞նչ եք անում՝ դրա դեմ պայքարելու համար:

-Այսօր ես չեմ կարող այնպես անել, որ միսը թանկ չլինի: Բայց բոլորս էլ գիտենք, որ դեկտեմբերին գնաճ լինում է: Դա Նոր տարվա հետ է կապված, բոլորս էլ գիտենք դրա մասին: Բայց ի՞նչ ենք անում այսօր մենք, այո՛, քննարկում ենք եւ փորձում ենք փոփոխություններ մտցնել, նախատեսել երկարաժամկետ ծրագրեր, որ երկու-երեք տարի հետո Դուք նույն հարցը չտաք:

-Նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիներն այս գնաճի պայմաններում ինչպե՞ս ապրեն:

-Չեմ ասում, որ դա հեշտ է: Այն ընտանիքները, որոնք անապահովության գնահատման համակարգում նպաստ են ստանում, պետությունն այլ միջոցներ է նախատեսում: Ով ասեց, որ կենսաթոշակն ու աշխատավարձն այսօր բավարար է: Ես դրա մասին չեմ ասում, ես ասում եմ՝ ինչ է արվում, որ հետագայում մարդկանց կյանքն ավելի լավ լինի:




Լրահոս