
Լոնդոնում ավարտվեց London Chess Classic գերմրցաշարի շրջանակներում անցկացվող Chess Classic FIDE OPEN շախմատի միջազգային մրցաշարը (288 մասնակից, 9 տուր): Վերջին տուրից հետո միանգամից երեք գրոսմայստեր վաստակեց 7.5-ական միավոր:
Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող դարձավ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Երկրորդ տեղը զբաղեցրեց ազգային թիմի եւս մեկ անդամ՝ Հրանտ Մելքումյանը, որը մրցաշարի ամբողջ ընթացքում առաջատարի դիրքում էր:
Հայաստանցի գրոսմայստերները գերազանցեցին երրորդ հորիզոնականը զբաղեցրած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սեբաստիան Մազեին: