Gallup International Association կազմակերպությունը սոցիոլոգիական հարցում է ներկայացրել, որի համաձայն՝ վերջին ամիսներին Կարեն Կարապետյանի վարկանիշը նվազում է, իսկ Սերժ Սարգսյանինը, հակառակը, աճում: Ըստ այդմ, Կարեն Կարապետյանի վարկանիշը, անցած տարվա համեմատ, գրեթե 30 տոկոսով նվազել է:
Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, թե միշտ թերահավատորեն է վերաբերվում հարցումներին եւ կարծիք հայտնել, թե անփոխարինելի մարդիկ չկան, եւ Կարեն Կարապետյանն էլ կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: «Անփոխարինելի անձինք չկան: Ինչո՞ւ չէ, Կարեն Կարապետյանը ցույց է տվել, որ չի՞ կարող, այդպիսի բա՞ն ենք տեսել»,- նշել է նա:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության հնաբնակներից պարզել, թե իրենք ինչպես են վերաբերվում սոցիոլոգիական հարցման արդյունքներին, եւ արդյո՞ք Սերժ Սարգսյանն իրենց համար շարունակում է անփոխարինելի մնալ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյան
-Պարո՛ն Սահակյան, ըստ սոցիոլոգիական հարցումների՝ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալի անկում է ապրել, իսկ Սերժ Սարգսյանի վարկանիշը՝ աճել, հավատո՞ւմ եք այդ տվյալներին:
-Ես կարծում եմ՝ բոլորիս վարկանիշների մասին կարելի է խոսել, բայց նախագահի վարկանիշի մասին պետք է չխոսվի, որովհետեւ նա առանձնահատկություն է այն տեսանկյունով, որ մասնակցել է Հայաստանի՝ դեպի ապագա տանող բոլոր ճանապարհների կառուցմանը:
-Կարեն Կարապետյանի վարկանիշի առումով անկման հիմքեր տեսնո՞ւմ եք:
-Չեմ կարծում, որովհետեւ օր ու գիշեր աշխատում է, եւ պետք է վարկանիշը լավ լինի:
-Օրինակ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է, որ անփոխարինելի անձինք չկան, եւ Կարեն Կարապետյանը կարող է փոխարինել Սերժ Սարգսյանին: Ձեզ համար Սերժ Սարգսյանին կարելի՞ է փոխարինել:
-Գիտեք, անփոխարինելի մարդիկ չեն լինում: Մեր ներկա իրավիճակում, առաջիկայում՝ 2018 թվականին, բնականաբար, երկրի հիմնական ղեկը կլինի Սերժ Սարգսյանի ձեռքում:
-Ստացվում է՝ ամեն դեպքում անփոխարինելի՞ է:
-Ոչ թե անփոխարինելիություն, այլ քաղաքական նախապայմանն այսօր այդպիսին է: