ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում կոշտ քննադատության է ենթարկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին` նրան ըստ էության մեղադրելով անգործության մեջ:
Գյումրու նախկին քաղաքապետի գնահատմամբ` իր պաշտոնավարման ժամանակ քաղաքը մեծ թափով զարգացել է, իսկ այսօր Գյումրիում, կարծես, սարսափելի վիճակ է:
ArmLur.am-ը Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Սոնա Առաքելյանից հետաքրքրվեց` ինչ կասի այս կապակցությամբ:
«Ճիշտն ասած` հաղորդումը չեմ նայել, բայց Երևանից և Հայստանի մյուս մարզերից եկած արձագանքները ինձ` որպես գյումրեցի, ստիպեցին ամաչել, այո′, ամաչում եմ երբ մարդիկ հեգնանքով հարցնում են, թե այս անձին Երևան բուժվելու եք ուղարկել, ամաչում եմ, որ նման մարդը 13 տարի ղեկավարել է Գյումրին ու հիմա էլ ներկայացնում է արհեստների ու արվեստների մեր քաղաքը Ազգային ժողովում: Փաստորեն այս մարդը շարունակելու է խայտառակել Գյումրին»: