Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինության եւ ՀՀ ֆինանսների նախարարության կռիվը հանգուցալուծվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ այս տարվա մայիսին եւ ապրիլին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է իրականացրել Հայաստանի ազգային պատկերասրահում եւ հայտնաբերել, որ պետական բյուջեից հատկացված գումարները ճիշտ նպատակներով չեն օգտագործվել, եւ խախտումները արձանագրող ակտ է կազմվել:
Ավելին՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը պետք է վերականգնի ֆինանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ մոտ 40 միլիոն դրամ է կազմում: Բայց պատկերասրահի ղեկավարությունը նախարարության աշխատակիցների կազմած ակտի հետ համաձայն չի եղել, եւ այն դատական կարգով բողոքարկել են՝ պահանջելով ակտերն անվավեր ճանաչել:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրինությունը, մինչեւ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել՝ նախարարության հետ հաշտության եզրեր գտնելու համար, սակայն ապարդյուն:
Բայց ինչպես պարզվում է՝ դատարան դիմելն էլ լուծում չի եղել, կամ էլ այդ քայլի արդյունքում այլ լուծում է գտնվել: Բանն այն է, որ հայցադիմումը ներկայացնելուց 10 օր անց՝ դեկտեմբերի 6-ին, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան եւ հայտնել, որ իրենք հրաժարվում են իրենց հայցից ու խնդրել են գործի վարույթը կարճել։
Արդյունքում՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանը, ուսումնասիրելով գործի նյութերը եւ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդությունը, որոշում է կայացնում վարչական գործի վարույթը կարճելու մասին:
ՀՀ վարչական դատարանում «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Սաթենիկ Գասպարյանից փորձեցինք պարզել, թե ինչու է հայցը հետ վերցվել, ֆինանսների նախարարությո՞ւնն է համաձայնել ակտը փոխել, թե՞ իր վստահորդներն են համաձայնել, որ իրենց կողմից խախտումներ են թույլ տրվել: Վերջինս մեզ հայտնեց, որ որքանով իրեն է հայտնի՝ ՊՈԱԿ-ը դեռես չի վճարել նախարարության 40 միլիոն դրամը, իսկ թե ինչ հանգամանքներում է ՊՈԱԿ-ը հրաժարվել հայցից, ինքը տեղյակ չէ:
Ուշագրավն այն է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունում եւս տեղյակ չէին, թե Հայաստանի ազգային պատկերասրահն ինչու է հրաժարվել իր հայցադիմումից:
Քնար Մանուկյան