Խնդիրը երեկ չի առաջացել, ստարտային պայմանները եղել են կատաստրոֆիկ վատ. Շիրակի մարզպետը՝ ամենաաղքատ մարզը լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզը, պաշտոնական տվյալներով, շարունակում է մնալ Հայաստանի ամենաաղքատ տարածաշրջանը` 45.5 տոկոս: «Ժողովուրդ»-ը փորձեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանից պարզել, թե իր կարծիքով՝ Շիրակի մարզն ինչու է մշտապես ամենաաղքատը:

-Պարո՛ն Խաչատրյան, Շիրակի մարզն արդեն որերորդ տարին է՝ աղքատության ցուցանիշով առաջին տեղում է: Ընդ որում, աղքատության ցուցանիշը մարզում 45 տոկոսից չի նվազում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Դրա համար կառավարությունը միջոցներ է ուղղել՝ Շիրակի մարզում տնտեսության զարգացումը խթանելու համար: Մասնավորապես մոտ երկու շաբաթ առաջ կառավարությունը «Շիրակ» հյուրանոցի նախկին տարածքը տրամադրեց գործարարի, որպեսզի այնտեղ հյուրանոց եւ առեւտրի կենտրոն կառուցի: Մինչեւ տարեվերջ եւս մեկ ընկերություն զգալի վարկային ռեսուրս կստանա՝ մարզում ներդրում իրականացնելու համար. ծրագիրն ունի գյուղատնտեսության արդյունավետության ուղղվածություն: Ընթացքում է գտնվում Արփի քաղաքում կառավարության բալանսի վրա գտնվող շենքը մեկ այլ գործարարի տրամադրելու գործընթացը, ինչի արդյունքում 600-700 հոգու համար աշխատատեղ կստեղծվի: Այսինքն՝ գիտակցում ենք, որ խնդիրը կա, եւ կառավարության օժանդակությունը էականորեն ուղղված է լինելու Շիրակի մարզում բիզնեսի զարգացմանը, որպեսզի կարողանանք ստեղծել աշխատատեղեր, մարդիկ չգնան երկրից դուրս, գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնենք, որպեսզի անմշակ հողատարածքները կրճատվեն:

-Պարո՛ն Խաչատրյան, մինչեւ Ձեզ Շիրակի բոլոր մարզպետներն էլ նույն բանն են ասել, բայց արդյունք չկա…

-Ինչպե՞ս: Աշխատատեղեր բացվել են, բացարձակ թվերով է պետք նայել. միայն համեմատենք Շիրակի մարզը 2017թ. եւ 2010 կամ 1997 թվականի հետ: Գյումրին էական փոփոխություններ է ապրում: Տեսե՛ք, նույն Ռուսթավելիի փողոցի վերականգնումը, զբոսաշրջիկների էական աճ ունենք: Վերակառուցման եվրոպական եւ Ասիական զարգացման բանկերից միջոցներ են ներգրավվել քաղաքի զարգացմանը:

-Բայց այսքան տարիների ընթացքում աղքատության ցուցանիշը մարզում էականորեն չի նվազում:

-Խնդիրը երեկ չի առաջացել, եւ լուծումը այդքան արագ չի լինի: Մյուս կողմից՝ Շիրակի մարզը ամենաշատ գումար ստացող մարզն է եղել, բայց ստարտային պայմանները եղել են կատաստրոֆիկ վատ: Գյումրին արդյունաբերական կենտրոնն է եղել, բայց մի քանի վայրկյանների ընթացքում ամեն ինչ կորցրել է, բնակֆոնդը՝ քայքայվել…

-Ձեր մարզը նաեւ մշտական բնակչության թվաքանակի նվազման տեմպերով է առաջատար: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այդպես:

-Բնականաբար, եթե աղքատության մակարդակն ամենաբարձրն է, ուրեմն արտահոսքի տեմպերն էլ ամենաբարձրը կլինեն: Այդ կատակին տեղյակ եմ, որ արտագաղթի մակարդակով էլ ենք չեմպիոն… դե, մենք ինչ անում ենք, ամենալավն ենք անում (ծիծաղում է-Ս.Հ.): Իհարկե, դա հետեւանք է, որ աղքատության մակարդակը բարձր է, եւ մարդիկ դուրս են գալիս: Բայց դրան գումարված է նաեւ այն, որ մարզի հյուսիսային շրջանում խոպան գնալը դեռ խորհրդային տարիներից է ավանդույթ:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս