ՄԻ ԱՆԳԱՄ ԴԱՏՎԵՑ ԱՐՑԱԽՈՒՄ, ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի դատավարությունն ավարտվեց միանգամայն կանխատեսելի վերջաբանով: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով Բաբայանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման այն բանի համար, որ իբր դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել եւ պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր, ինչպես նաեւ հանցավոր ճանապարհով ստացել է եվրո թղթադրամներ: Բայց դատաքննության ողջ ընթացքում այդպես էլ չներկայացվեցին Բաբայանի մեղքն ապացուցող հիմնավոր փաստեր: Եւ, ընդհանրապես, ի սկզբանե պարզ էր, որ այս քրեական գործն իրականում քաղաքական բնույթ ունի. Բաբայանին կալանավորեցին ԱԺ ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ փուլում, քանի որ նա ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստվերային առաջնորդներից էր: Ենթադրվում էր՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած ՕՐՕ դաշինքն ԱԺ ընտրություններից հետո ծրագրել էր հետընտրական զարգացումներ, եւ Բաբայանին չեզոքացնելով՝ իշխանություններն այդ հարցը լուծեցին: Առավել եւս, երբ նա մեկ անգամ արդեն դատապարտվել էր Արցախում՝ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար: Դատավճռի հրապարակմանը զուգահեռ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի 5-րդ բրիգադի 25-ամյակի առիթով մի խումբ ազատամարտիկների պարգեւատրում էր:
Նկատենք նաեւ, որ Բաբայանի կողքին նույն ՕՐՕ դաշինքի առաջնորդները չկային. ո՛չ Ս. Օհանյանը, ո՛չ Ր. Հովհաննիսյանը, ո՛չ Վ. Օսկանյանը ներկա չէին դատավարությանը, նույնիսկ հետո գնահատականներ չհնչեցրին: Իսկ Բաբայանը դատավճիռն այսպես գնահատեց. «Պատվերը նորմալ կատարել են»: Նա ասաց, որ «այս երկրում մեկ մարդ է պատվիրում»: Լրագրողներից մեկի ճշտող հարցին՝ Սերժ Սարգսյանի՞ն նկատի ունեք, արձագանքեց. «Դուք ասացիք»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաբայանի փաստաբանը դիմելու է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով արդարացում:

 

 

 

2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը: Նկատենք՝ նոր Սահմանադրության համաձայն՝ երկրի փաստացի ղեկավարը լինելու ՀՀ վարչապետը: Ըստ այդմ, վարչապետի վրա է դրված երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության բնագավառների պատասխանատվությունը: Բայց «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում Կարեն Կարապետյանը երբեւէ չի անդրադարձել արտաքին քաղաքականությանը եւ ուժային կառույցների գործունեությանը առնչվող խնդիրներին: Նա երբեք չի խոսել այն մասին, թե ԼՂ խնդրի կարգավորումն ինքն ինչպես է պատկերացնում, չի խոսել ներքաղաքական կյանքի, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, թեեւ իշխող կուսակցությունում երկրորդ մարդն է եւ հավակնում է դառնալ առաջինը:

 

 

 

Հայաստանի իշխանությունները եկող տարի թերեւս ձեռնպահ կմնան բնական գազի գինը բարձրացնելուց: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ռուսաստանից Հայաստանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ կնքված հայ-ռուսական համաձայնագրում: Համապատասխան որոշման նախագիծն արդեն իսկ ընդգրկված է ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում: Ըստ այդմ, բնական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի սահմանին կարժենա 150 դոլար: Վերջին մեկ տարում բնական գազը Ռուսաստանից հենց այդ գնով է ներկրվում: Հարկ է նկատել, որ նշված համաձայնագիրը գործելու է մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Բնական գազի ներկրման գնի պահպանվելու պայմաններում առավել հավանական է, որ սպառողին մատակարարվող բնական գազի սակագինը եւս եկող տարի նույնը կմնա:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգեւներ եւ կոչումներ շնորհելու կարգը: Նախկինում ՊՆ-ն ազատամարտիկներին պարգեւներ եւ կոչումներ շնորհում էր իր հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ եւ երաշխավորությամբ: Հասարակական կազմակերպությունները ներկայացնում էին տվյալ ազատամարտիկի մարտական ուղին եւ կենսագրությունը, պաշտպանության նախարարը որոշում էր պարգեւատրել, թե ոչ: Այժմ նույն այդ հասարակական կազմակերպությունները, որպեսզի որեւէ ազատամարտիկի ներկայացնեն պարգեւատրման, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնեն նաեւ երեք անձի կողմից տրված երաշխավորագրեր: Երաշխավորագիր կարող են տալ ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչները, բարձրաստիճան հոգեւորականները եւ այլն: Գործնականում ստացվում է, որ ով ցանկանա՝ կարող է երաշխավորագիր տալ, պարզապես այն ընդունել-չընդունելը կորոշի պաշտպանության նախարարը: Իսկ մեդալ ստացողը որքանով է ազատամարտիկ, արդեն կարեւոր չէ:

 

 

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՃԱՌԵՐ
Իշխանություններն առանձնահատուկ ջանասիրությամբ սկսել են խոսել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Պատճառները միանգամայն հասկանալի են. սա ԵՄ-ի հետ ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի առաջնային պահանջներից է, որի դիմաց խոստացվել է ՀՀ-ին տրամադրվող ֆինանսավորման կտրուկ ավելացում: Երեկ էլ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելու հերթը Սերժ Սարգսյանին էր: ՀՔԾ կազմավորման 10-ամյակի առթիվ հանդիսավոր նիստում նա հայտարարել է. «Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երեւույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը»:
Սկսենք նրանից, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը շարունակում է իշխանության ղեկին մնալ հենց քաղաքական կոռուպցիայի արդյունքում: Հազիվ որեւէ մեկը մոռացած լինի ԱԺ վերջին ընտրություններում համատարած բաժանված ընտրակաշառքը: Դրանից հետո անգամ ՍԴ որոշման մեջ նշվեց, թե քաղաքական կոռուպցիան անվտանգության սպառնալիք է, եւ դրա արմատախիլ անելը իրավական անվտանգության օրակարգային առաջնահերությունն է:
Իսկ ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանն առաջին անգամը չէ, որ խոսում է: Իր նախագահության մոտ տասը տարիների ընթացքում նա ամեն տարի հայտարարել է կոռուպցիայի դեմ պայքարի, այդ պայքարը նոր թափով առաջ տանելու մասին: Հաճախ այս թեմայով նրա ելույթները հիշեցնում էին արմատական ընդդիմադիր առաջնորդների ճառերը: Օրինակ՝ 2012թ. էլ Ս. Սարգսյանը կառավարությունում եւ նախարարություններում կոռուպցիայի դեմ պայքարով խորհրդակցությունների շարք սկսեց՝ բացահայտ մեղադրանքներ հնչեցնելով նախկին վարչապետի ու նախարարների հասցեին: Բայց իրավիճակը, միեւնույն է, չի փոխվել:
«Ինչու» հարցի պատասխանը ժամանակին տվել է նույն Սերժ Սարգսյանը: Դեռ վարչապետության օրոք 2007թ. ապրիլին նա հետեւյալ միտքն էր հայտնել. «Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել, որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս…Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ»:
Փաստորեն, եթե նկատի ունենանք փաստը, թե այս տարիներին նա որքան շատ է խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, այնքան արտաքուստ ավելացել է պայքարը, զուգահեռ՝ կոռուպցիան:




Լրահոս