Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը երեկ հրապարակեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի դատավճիռը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի (ապօրինի զենք-զինամթերք պահելը, ձեռք բերելը, կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փողերի լվացում): Դատավոր Արշակ Վարդանյանը մեղավոր ճանաչեց Սամվել Բաբայանին եւ նրան դատապարտեց ազատազրկման 6 տարի ժամկետով։ Ի դեպ, մեղադրող կողմը պահանջել էր 7 տարվա ազատազրկում:
Նկատենք, որ ի սկզբանե Սամվել Բաբայանի ձերբակալումը բոլորը կապում էին ՕՐՕ դաշինքի հետ: Սակայն ո՛չ երեկ, ո՛չ դատական մյուս նիստերին դաշինքի առաջնորդները Բաբայանի կողքին չէին: Նույնիսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երբեւէ չայցելեց դատարան: Սամվել Բաբայանի վճռի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ազատամարտիկների դաշինք»-ի վարչության անդամ Գագիկ Մելքոնյանի հետ:
-Պարո՛ն Մելքոնյան, երեկ հրապարակվեց Սամվել Բաբայանի դատավճիռը, որով վերջինս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
-Եթե վերցնում ենք մեր իշխանությունների գործունեությունը՝ սկսած 100 տարի առաջ, նորից նույն բաները կատարվում են: Իշխանությունն իր վարվելակերպը չի փոխում: Հիմա Արցախյան ազատամարտի բոլոր հերոսներին դատում են, ձերբակալում: Դատարանը երեկ չապացուցեց Սամվել Բաբայանի մեղքը, բայց 6 տարի ժամկետով դատապարտեց: Նորից նույն պատմությունը շարունակվում է, «Սասնա ծռերի», Ժիրայր Սէֆիլյանի դատավարությունն է ընթանում, բոլորին էլ դատելու են, ու այսպես շարունակ: Կա՛մ պետք է թողնեն, Հայաստանից գնան, կա՛մ էլ պետք է բանտերում անցկացնեն իրենց օրերը:
-Սամվել Բաբայանի ձերբակալումը քաղաքակա՞ն հետապնդում եք համարում:
-Իհարկե, ես դա համարում եմ, որ քաղաքական հետապնդում է, քանի որ Սամվել Բաբայանն աջակցում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, եւ նրանք լիկվիդացրեցին Բաբայան Սամվելին, որպեսզի ՕՐՕ-ն շարքից դուրս գա: Մեր իշխանությունները պետք է վերջացնեն այս հետապնդումները: Հիմա մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք երկրում կատարելու, քան թե ձերբակալումները: Երկրի լուրջ խնդիրները թողած՝ ընկել են ձերբակալումների հետեւից:
-Սակայն այժմ ընտրություններն արդեն ավարտվել են, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրան ազատ չարձակեցին:
-Դա իրենց պետք է հարցնեք, ինչու ազատ չարձակեցին: Ամեն ինչ ավարտված է, իրենք հաղթանակած են, պետք է բարի կամքի դրսեւորում ցուցաբերեին, որպեսզի թողնեին այդ մարդկանց: Այստեղ ոչ ոք ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել, իշխանությունը նրանց ձեռքում է, ամեն ինչ նրանց ձեռքում է, երկիրն էլ ղեկավարում են: Սամվել Բաբայանը ոչ ոքի չէր կարող խանգարեր:
-Սամվել Բաբայանը տեղի ունեցածը որակեց իր դեմ պատվեր: Դուք գիտե՞ք՝ ո՞ւմ էր նա ակնարկում:
-Բաբայանն ասեց, թե դա ինչ պատվեր է, ես չեմ կարող ասել, թե ինքն ում նկատի ուներ: Ես ի սկզբանե ասել եմ, հիմա էլ եմ ասում, որ դա քաղաքական հետապնդում էր: Բաբայան Սամվելը սկզբում չէր ցանկանում, որ դա քաղաքական ձեւակերպվի, որովհետեւ ինքը դատարանում ապացուցեց, որ ինքն իրոք ոչ մի մեղք չի գործել: Դատարանում ապացուցեց ու բոլորին ապացուցեց, որ «ես մեղավոր չեմ, բայց ինձ դատապարտում են»: Նոր է ինքն արդեն ասում, որ պատվեր է:
-Դուք նշեցիք, թե նրա ձերբակալումը նպատակ ուներ թուլացնելու ՕՐՕ դաշինքը: Նրա ձերբակալումից հետո ականատես եղանք, որ դաշինքի առաջնորդներից ոչ ոք նրա կողքին չի եղել, նույնիսկ երեկ, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը: Դա ճի՞շտ եք համարում:
-Դա իրենց պետք է հարցնեք՝ ինչու այդտեղ չէին: Վերջապես այդ մարդն այն ժամանակ աջակցում էր, օգնում էր: Չեմ կարող իր տեղ պատասխանել: Սեյրան Օհանյանի հետ հանդիպում ենք, սակայն ոչ քաղաքական առումով: Ինքը, հնարավոր է, հանրապետությունից բացակայում էր եւ այդ պատճառով ներկա չէր դատավարությանը: Սակայն բոլոր դեպքերում առաջնորդները պետք է նրա կողքին լինեին:
ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳԻՐ ԿՏԱՍ, ՊԱՐԳԵՎ ՍՏԱՆԱՄ
Այն, որ Հայաստանում պետական պարգեւներ կամ կոչումներ տալիս են ում պատահի, հայտնի փաստ է: Բայց պարզվում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է է՛լ ավելի հեռուն գնալ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2017 թվականի նոյեմբերի 2-ին նախարարը մի հրաման է ստորագրել, որը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետական պարգեւով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելուն:
Մասնավորապես նախարարի հրամանում ամրագրված է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակակական կազմակերպությունների կողմից պարգեւատրման ներկայացվող անձանց դեպքում պետք է այլ փաստաթղթերից, մարտական ուղու նկարագրությունից զատ ներկայացվի նաեւ երեք երաշխավորագիր, հակառակ դեպքում նա չի կարողանա արժանանալ պարգեւի կամ կոչման:
Նախկինում տվյալ հասարակական կազմակերպությունները պարգեւատրման համար որպես հիմք ներկայացնում էին տվյալ անձի անցած մարտական ուղին: Իսկ այժմ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունները պետք է երեք հատ երաշխավոր գտնեն, որպիսիք կարող են լինել ԱԺ պատգամավորները, հանրությանը հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական, պետական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ եւ այլն:
ՀՀ ԱԺ պատգամավորների դեպքում ամեն ինչ ակնհայտ է, նրանք 105 պետական պաշտոնյաներ են, որոնց անունները բոլորին հայտնի են, եւ ոչ ոք նրանց պատգամավոր լինելը չի կարող կասկածի տակ դնել, ասել կուզի՝ նրանց երաշխավորագիրը չի կարող վիճարկվել: Սակայն նույնը չենք կարող ասել երաշխավորագիր տալու իրավունք ունեցող մյուս կատեգորիաների անհատների մասին: Օրինակ՝ ում են պաշտպանության նախարարությունում համարում հանրությանը հայտնի մշակութային գործիչ: Երգիչներ Ռազմիկ Ամյանը կամ Արմենչիկը վաստակավոր արտիստի կոչում ունեն: Բայց դժվար է ասել, ՊՆ-ի ղեկավարությունը նրանց կհամարի՞ հանրությանը հայտնի մշակութային գործիչ: Կամ, օրինակ, վաստակաշատ դերասան Երվանդ Մանարյանի երաշխավորագիրը ՊՆ-ի համար հիմք կհանդիսանա՞, թե՞ նրա ընդդիմադիր հայացքների պատճառով նրա երաշխավորածներին պարզապես կանտեսեն: Նույնը կարելի է ասել նաեւ բարձրաստիճան հոգեւորական եզրույթի պարագայում: Նախարարի հրամանը իրավական փաստաթուղթ է, սակայն ՀՀ օրենսդրության մեջ չկա բարձրաստիճան հոգեւորական բառակապակցության պարզաբանումը: Ասել կուզի՝ միայն ՊՆ ղեկավարությանն է հայտնի, թե իրենք ում կհամարեն բարձրաստիճան հոգեւորական, իսկ ում էլ՝ ցածրաստիճան կամ, այսպես կոչված, շարքային հոգեւորական:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այս օրերին շարունակում են հանրային քննարկումները: Ինչպես հայտնի է՝ նոյեմբերի 22-ին նախաձեռնության հինգ անդամները ԱԺ-ում հանդիպում ունեցան գործադիր եւ օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով արդեն իսկ ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերաբերյալ իրենց առաջարկությունները, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց 2 շաբաթ անց կրկին հանդիպել ու քննարկել արդեն առաջարկությունների պատասխանները: Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ուսանողները ձեռնունայն չեն նստում, շարունակում են հանրային քննարկումները՝ լսելով նաեւ իրենց առաջարկների վերաբերյալ մյուսների կարծիքները: Իսկ թե որքանո՞վ նրանց կհաջողվի հասնել ցանկալիին, որպեսզի իշխանություններն արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություններ կատարեն, դժվար է ասել, չնայած՝ այդ մասին «կես բերան» խոստումներ հնչել են:
ՀԻՄԱ ԷԼ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացումը նախատեսվում է դեկտեմբերին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը: Նշենք, որ Մեղրիի` Իրանի հետ հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերին: Երեկ, ի դեպ, Մեղրիում է եղել նաեւ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: «Շինարարության, չափագրումների հետ կապված դժվարություններ, փաստաթղթային խնդիրներ կային: Այսօր (նկատի ունի երեկ) վերջնական ասացին, որ դեկտեմբերի 15-ին կնշվի ազատ տնտեսական գոտու բացումը»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը: Նշենք, որ ազատ տնտեսական գոտու կառուցումը ենթադրում է փուլային բնույթ: Առաջին փուլում նախատեսված է կառուցապատել Մեղրիի մաքսային կետին հարակից տարածքը` ապահովելով հիմնական արտադրական եւ պահեստային տարածքները, ինչը հնարավորություն կտա անխոչընդոտ մուտք գործել դեպի իրանական շուկա:
«ԲՐԱԲԻՈՆՆ» ԸՆԴԴԵՄ ՊԵԿ-Ի
Պետական եկամուտների կոմիտեի եւ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ի միջեւ կռիվ է հասունանում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2017 թվականի նոյեմբերի 27-ին «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն ՀՀ վարչական դատարան ՊԵԿ-ի դեմ հայց է ներկայացրել: Պատճառն էլ 2017 թվականի հոկտեմբերի 26-ին պետական եկամուտների կոմիտեի իրականացրած ստուգումներն են եղել, որի արդյունքում «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ին մոտ 10 միլիոն դրամ տուգանել են: Ընկերության տնօրինությունն էլ, չհամակերպվելով հարկային մարմնի տուգանքի հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան: Ավելին՝ տեղեկացանք, որ բացի վարչական դատարան դիմելուց՝ ՍՊԸ-ի ղեկավարությունը դիմել է նաեւ ՊԵԿ գանգատարկման հանձնաժողով՝ կրկին 10 միլիոն տուգանքի որոշումը բողոքարկելու համար: