ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՀԱՄԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի «Ելք» խմբկացության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ԱԺ միջանցքում Արտաշես Գեղամյանը բռունցքներով հարձակվեց ինձ վրա: Հաջողությամբ պաշտպանվեցի»: Արտաշես Գեղամյանը հերքել էր տեղեկությունը՝ ասելով, որ եթե ինքը հարվածած լիներ, Նիկոլ Փաշինյանը կլիներ հիվանդանոցում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ականատես եղած մարդկանցից միջադեպի մանրամասները պարզել էր. «Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց, վայ արա՛, էս ինչ ես անում, ուզում էս՝ ձեռ-մեռ քցե՞ս: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է՝ չընգավ, մեծ մարդ էր… Առանց կատակի, մի 5-6 րոպե իրար՝ է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, ա՛յ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում ոտով, ձեռքերով»:
Տեղի ունեցած միջադեպի վրա աչք փակեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը՝ նշելով, թե կատարվածը կրում է մասնավոր հետապնդման գործի բնույթ. «Ուստի եւ ներառված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի բողոքի հիման վրա հարուցվող քրեական գործերի շարքում: ՀՀ գլխավոր դատախազությունում ենթադրյալ միջադեպի մասնակիցներից քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ բողոք կամ հաղորդում չի ստացվել, ուստի դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ չի սկսվել»:
Դատախազության պատասխանը, ինչքան որ սպասելի էր, այնքան էլ՝ անակնկալ, ինչո՞ւ, որովհետեւ տեղի է ունեցել ակնհայտ խուլիգանություն (դեռ ծեծը չհաշված), որը քրեորեն պատժելի արարք է՝ հատկապես եթե կա այդ մասին հրապարակային հայտարարություն: Սակայն դատախազությունը ոչինչ չարեց, քանի որ դժվար կլիներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորին զրկել խորհրդարանում անձեռնմխելիությունից՝ իրավական գործընթաց սկսելու համար: Այս առիթով փաստաբան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե չի կարելի իրավաբանությունն այս աստիճան ոտնատակ տալ եւ օրենքով մանիպուլյացիաներ անելով՝ ճշմարտանման պատասխան ներկայացնել: Ըստ փաստաբանի՝ առնվազն խուլիգանության հատկանիշներով քրեական գործ պետք է հարուցվեր:
Ու մինչ իրավապահ համակարգը աչք է փակում կատարվածի վրա, խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորները որոշել են միջադեպը դարձնել էթիկայի հարցով ժամանակավոր հանձնաժողովի քննարկման թեմա. «Նոր կանոնակարգով էթիկայի հանձնաժողովը պետք է ստեղծվի որպես ժամանակավոր հանձնաժողով՝ ըստ պահանջի: Հիմա դրա պահանջը կա, եւ մենք նախաձեռնությամբ հանդես կգանք ստեղծելու այդ հանձնաժողովը, որը կհետազոտի, կհետաքննի դեպքը եւ համապատասխան եզրակացությամբ հանդես կգա»:
Իսկ ի՞նչ է անում այս առիթով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչո՞ւ օմբուդսմենը որեւէ կերպ չարձագանքեց միջադեպին, ի վերջո, պատգամավորի վրա հարձակում էր եղել, ու այդ մասին պատգամավորը հայտարարել էր Ազգային ժողովի ամբիոնից:
-Պարո՛ն Թաթոյան, ինչո՞ւ չարձագանքեցիք Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ հարձակվել են իր վրա: Որպես պաշտպան՝ որեւէ գնահատական չտվեցիք կատարվածին:
-Ինչ վերաբերում է ցանկացած տեսակի բռնությանը, Մարդու իրավունքների պաշտպանի համար չի կարող ընդունելի լինել, ցանկացած տեսակի:
-Այդ դեպքում ինչո՞ւ չարձագանքեցիք:
-Կոնկրետ իրավիճակի հետ կապված չենք տվել գնահատական, որովհետեւ միջադեպի մանրամասներին տեղյակ եմ մամուլից, լրատվամիջոցներից, եւ կարծում եմ՝ այդ պահին Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների գործադրման որեւէ առիթ կամ անհրաժեշտություն չի եղել:
-Մամուլի հրապարակումը հիմք չէ՞ր Ձեզ համար՝ խորանալու կատարվածի մեջ, եթե մամուլն է գրել, Դուք էլ անելիք չունե՞ք:
-Շատ լավ, հետագայում, եթե չեմ սխալվում, պարոն Փաշինյանը դիմել էր…, թե չէ, չեմ հիշում այդ պահը, բայց Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից այդտեղ լիազորությունների գործադրման անհրաժեշտություն չի եղել:
-Այսինքն՝ ստացվում է, եթե ես Ազգային ժողովում ցանկանամ, կարող եմ հարձակվել ու բռունցքներով հարվածել ցանկացած մեկի՞: Ու եթե տվյալ անձը չբողոքի, ես կմնամ անպատի՞ժ:
-Չէ՛, չեղավ:
-Ինչո՞ւ չեղավ:
-Պետք է կոնկրետ հանգամանքների մեջ խորանալ, հասկանալ, թե քննարկում եղե՞լ է, չի՞ եղել, դիմում եղե՞լ է, չի՞ եղել, դա արդեն ուրիշ հարց է:
-Ի՞նչ քննարկում, ի՞նչ դիմում, պատգամավորը հստակ ասել է՝ ինձ վրա հարձակվել են բռունցքներով:
-Տեսե՛ք, մարդու իրավունքների պաշտպանին ո՛չ հասցեագրված դիմում է եղել, ո՛չ էլ ակնկալիք կա այդ իմաստով:
-Պարտադի՞ր է Ձեզ դիմում լինի, քաղաքացին հայտարարել է հրապարակավ:
-Բա իհարկե, խոսքը, եթե վերաբերում է քաղաքական մարմնում տեղի ունեցած հնարավոր միջադեպին, ասենք, թեկուզ լրատվամիջոցներից ենք տեղեկանում, եթե մենք դիմում չունենք, առավելեւս եթե մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդտեղ չեն ունեցել առիթ միջամտելու, այդ դեպքում ինչպե՞ս կարող է Մարդու իրավունքների պաշտպանը կոնկրետ դեպքին արձագանքել:
-Չե՞ք կարծում, որ կատարվածին համարժեք գնահատական չտալը կարող է նոր այդպիսի դեպքերի առիթ դառնալ. ով ում վրա ցանկանա, հարձակվի եւ բռունցքներով հարվածի:
-Չէ՛, իհարկե չէ, ես որքան գիտեմ՝ դա հարթվել է, ուշադիր չենք եղել, այս պահին չեմ հիշում: Բայց միջադեպով պայմանավորված՝ որեւէ զարգացում էլ չեղավ, որովհետեւ, որքան հիշում եմ, քննարկվել, լուծվել էր պատգամավորների միջեւ, եթե չեմ սխալվում: Դրանով պայմանավորված՝ մեր միջամտության անհրաժեշտությունը չի էլ եղել:
-Արդյո՞ք Արտաշես Գեղամյանի անձը չէ պատճառը, որ չարձագանքեցին կատարվածին:
-Չէ՛, չէէէ, իհարկե չէ: Ինձ համար որեւէ նշանակություն չունի՝ կոնկրետ սուբյեկտն ով է: Ինձ համար կարեւորը՝ իրավիճակը վերաբերելի լինի մեր իրավասությանը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԻՆ
Երեկ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՔԾ կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին եւ անդրադարձել հատուկ քննիչների գործունեությանը: Ու մինչ խոսքերի բովանդակությանն անդրադառնալը, նկատենք, որ Սարգսյանը բավականին նուրբ է արտահայտվել ՀՔԾ-ի մասին՝ ի տարբերություն մյուս ուժային կառույցների՝ դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի եւ ոստիկանության համակարգում եղած նմանատիպ խորհրդակցությունների ժամանակ ունեցած ելույթների: Նա քննադատել էր բոլոր կառույցներին:
Իսկ երեկ ՀՔԾ-ում Ս. Սարգսյանը ասել է. «Հարգելի՛ քննիչներ, բնականաբար, չեմ կարող նաեւ չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ձեր լիազորությանը: Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի: Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ եւ ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլեւ օրինական եւ տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը»:
Ս. Սարգսյանը հավանաբար նկատի ունի այն փաստը, որ ՀՔԾ քննիչները կարողացան ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները «զտել» եւ դրանց մի փոքր մասին ընթացք տալ: Օրինակ՝ հարուցված քր. գործերի մի զգալի մասը 2-3 ամիս անց կարճվեցին, իսկ այն դեպքերն էլ, որոնց մասով հարուցվեց քր. գործ, ընտրակեղծարարաները, բացառությամբ մեկ անձի, ազատազրկման ձեւով պատժի չդատապարտվեցին:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններում արձանագրված ընտրախախտումների գործով դատարան է ուղարկվել 14 քր. գործ, որոնց 8-ի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում 2 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, իսկ ահա երկու անձի նկատմաբ պատիժ սահմանվեց տուգանք 50 հազարից մինչեւ 500 հազար դրամի չափով: Աժ ընտրություններում կրկնակի քվեարկության համար միայն Արագածոտնի բնակիչ Աշոտ Առաքելյանը ազատազրկման դատապարտվեց 2 տարի ժամկետով, իսկ Երեւանի բնակիչ, կրկնակի քվեարկության փորձ կատարած Դավիթ Սիմոնյանի գործով դատաքննությունը շարունակվում է:
Իրավապահ կառույցները ներողամիտ գտնվեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության դիմած անձանց նկատմամբ: Բանն այն է, որ ավագանու ընտրություններում խախտումների մասով հարուցվել էր 10 քր. գործ, բայց կարճ ժամանակ անց դրանցից 7 կարճվել է, մեկ քր. գործը՝ կասեցվել, եւ դատարան է ուղարկվել միայն երկուսը, որոնք կատարած անձինք տուգանվեցին 700 հազար դրամով:
Կարճ ասած՝ Ս. Սարգսյանը շնորհակալություն էր հայտնում քննիչներին՝ ընտրակեղծարարներին «տիրություն» անելու եւ «ջրից չոր դուրս բերելու» համար:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՄԵԾ ՄԱՍՆԱԲԱԺԻՆ
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով՝ գնաճն այսօր մեր հասարակությանը հուզող թեմաներից մեկն է, քանի որ այն ոչ միայն տնտեսական երեւույթ է, այլեւ սոցիալական: Գնաճի հետեւանքը Հայաստանում ավելի ցայտուն է արտահայտվում, քանի որ հասարակության մոտ 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքեւ, եւ փոքր թանկացումները կարող են ունենալ լուրջ սոցիալական խնդիր: «Այսօր հասարակության մոտ 1 միլիոն քաղաքացի վաստակում է օրական 1000-1500 դրամ, եւ նույնիսկ մեկ ապրանքի թանկացումը 100-200 դրամով նրա ծախսերի մեջ ունենում է բավականին մեծ մասնաբաժին»,- նշել է տնտեսագետը:

 

 

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով՝ ՀՀ-ում տրանսպորտի ոլորտը վնասով չի աշխատում: Նրա խոսքով՝ մեկ միկրոավտոբուսը օրական 30 հազար դրամ եկամուտ է ապահովում: «Միկրոավտոբուսների հարկը ֆիքսված է: Այսպես՝ մեկ միկրոավտոբուսի համար 300 դրամ է վճարվում»,-նշել է Պողոսյանը՝ հավելելով, որ երթուղային գծերի տերերը դրա հաշվին հսկայական շահույթ են ունենում: Ըստ փորձագետի՝ Հայաստանում սոցիալական պայթյուն տեղի կունենա, եթե միկրոավտոբուսները փոխարինվեն ավտոբուսներով եւ տրոլեյբուսներով: Դա կհանգեցնի միկրոավտոբուսների վարորդների զանգվածային գործազրկության: Նրանց թիվը կարող է հասնել 2500-ի:

 

 

ԴԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ Հայաստանի գրասենյակի միջնորդությամբ ադրբեջանցի զինվորականի դին հանձնվել է ադրբեջանական կողմին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին ՀՀ պետական սահմանի հարավ-արեւմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ ԶՈՒ զինծառայողները նույն օրվա առավոտյան հայտնաբերել էին ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատարն էր, որը զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:




Լրահոս