ԿՈՂՄԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է հրապարակել նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ ստորագրված ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 60
1. Կողմերն ընդունում են բաժնետիրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքի եւ կորպորատիվ կառավարման, ինչպես նաեւ՝ հաշվապահական հաշվառման եւ աուդիտի, գործող շուկայական տնտեսության ոլորտներում գործուն նորմերի եւ գործելակերպերի փաթեթի կարեւորությունը՝ կանխատեսելի եւ թափանցիկ գործարար միջավայրի հետ մեկտեղ, եւ ընդգծում այդ ոլորտներում կարգավորիչ համապատասխանեցման գործընթացը խթանելու կարեւորությունը։
2. Կողմերը պետք է համագործակցեն հետեւյալի շուրջ՝
ա) գրանցված ընկերությունների կազմավորմանը եւ ներկայացմանն առնչվող տեղեկությունների մատչելիության եւ հասանելիության ապահովման վերաբերյալ լավագույն գործելակերպերի փոխանակում՝ թափանցիկ եւ մատչելի ձեւով.
բ) կորպորատիվ կառավարման քաղաքականության հետագա զարգացում՝ միջազգային եւ մասնավորապես՝ ՏՀԶԿ-ի ստանդարտներին համապատասխան.
գ) ցուցակված ընկերությունների համախմբված ֆինանսական հաշվետվություններին առնչվող ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների (ՖՀՄՍ) իրականացման եւ հետեւողական կիրառման խթանում.
դ) աուդիտորի եւ հաշվապահի մասնագիտական գործունեության կարգավորում եւ դրա նկատմամբ վերահսկողություն.
ե) աուդիտի միջազգային ստանդարտները եւ Հաշվապահների Միջազգային Դաշնության (ՀՄԴ) Էթիկայի կանոնագիրքը՝ նպատակ ունենալով մասնագիտացված կազմակերպությունների, աուդիտորական կազմակերպությունների եւ աուդիտորների կողմից ստանդարտների եւ էթիկայի նորմերի պահպանման միջոցով կատարելագործել աուդիտորների մասնագիտական մակարդակը։
ԳԼՈՒԽ 7
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԿԱՅԻՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 61
Կողմերը համաձայնում են գործող օրենսդրության եւ գործելակերպերի կարեւորության հարցում եւ պայմանավորվում են համագործակցել ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ հետեւյալ նպատակներով՝
ա) ֆինանսական ծառայությունների կարգավորման գործընթացի կատարելագործում,
բ) ներդրողների եւ ֆինանսական ծառայություններն սպառողների արդյունավետ եւ համարժեք պաշտպանության ապահովում,
գ) գլոբալ ֆինանսական համակարգի կայունությանը եւ ամբողջականությանը նպաստում,
դ) ֆինանսական համակարգի տարբեր սուբյեկտների, այդ թվում՝ կարգավորում եւ վերահսկողություն իրականացնողների միջեւ համագործակցության խթանում,
ե) անկախ եւ արդյունավետ վերահսկողության գործընթացի խթանում։
ԳԼՈՒԽ 8
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
ՀՈԴՎԱԾ 62
Կողմերը պետք է խթանեն տեղեկատվական հասարակության զարգացման շուրջ համագործակցությունը՝ հօգուտ քաղաքացիների ու բիզնես գործունեությունների՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) լայնածավալ հասանելիության եւ մատչելի գներով ծառայությունների ավելի լավ որակի ապահովման միջոցով։ Այդ համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի էլեկտրոնային հաղորդակցության շուկաների հասանելիությունը դյուրացնելուն եւ խթանի այդ ոլորտում մրցակցությունն ու ներդրումները։
ՀՈԴՎԱԾ 63
Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետեւյալ թեմաները՝
ա) տեղեկատվական հասարակությանն առնչվող ազգային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ տեղեկությունների եւ լավագույն գործելակերպերի փոխանակում՝ ներառելով, ի թիվս այլնի, լայնաշերտ հասանելիությունը, ցանցային անվտանգության բարելավումը եւ հանրության համար առցանց ծառայությունների զարգացումը խթանելուն միտված նախաձեռնությունները.
բ) տեղեկատվության, լավագույն գործելակերպերի եւ փորձի փոխանակում՝ նպատակ ունենալով խթանել էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող համապարփակ կարգավորիչ շրջանակի մշակման գործընթացը եւ մասնավորապես՝ ամրապնդել կարգավորում իրականացնող ազգային անկախ մարմնի վարչական կարողությունը, խթանել սպեկտրի ռեսուրսների բարելավված օգտագործումը եւ նպաստել Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրոպական միության հետ ցանցերի միջեւ փոխգործողությանը։
ՀՈԴՎԱԾ 64
Կողմերը պետք է խթանեն էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում Եվրոպական միության կարգավորում իրականացնողների եւ Հայաստանի Հանրապետության կարգավորում իրականացնող ազգային մարմնի միջեւ համագործակցությունը։
ՀՈԴՎԱԾ 65
Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության՝ V հավելվածում նշված ակտերին ու միջազգային փաստաթղթերին՝ այդ հավելվածի դրույթներին համապատասխան։
ԳԼՈՒԽ 9
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈԴՎԱԾ 66
Կողմերը պետք է համագործակցեն զբոսաշրջության ոլորտում՝ նպատակ ունենալով ամրապնդել մրցակցային եւ կայուն զբոսաշրջային արդյունաբերության զարգացումը՝ որպես տնտեսական աճի, հզորացման, զբաղվածության եւ արտարժույթի պահուստների գեներատոր։
ՀՈԴՎԱԾ 67
Երկկողմ, տարածաշրջանային եւ եվրոպական մակարդակով համագործակցությունը պետք է հիմնվի հետեւյալ սկզբունքների վրա՝
ա) տեղական համայնքների, մասնավորապես՝ գյուղական վայրերում, ամբողջականության եւ դրանց շահերի նկատմամբ հարգանքը,
բ) մշակութային ժառանգության կարեւորությունը, եւ
գ) զբոսաշրջության եւ շրջակա միջավայրի պահպանման միջեւ դրական փոխազդեցությունը։

Շարունակելի…

 

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Արտագաղթի պատճառով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը խիստ նվազել է: Արտագաղթի պատճառով ծնելիության մակարդակը եւս իջնում է, իսկ մահվանը՝ ավելանում: Ասել է, թե հույս չկա նաեւ, որ ապագայում իրավիճակը կշտկվի, եւ աշակերտների թիվը կավելանա:
Սակայն ուշագրավն այն է, որ պաշտոնական վիճակագրությունը, ինչպես միշտ, չի արտացոլում իրականությունը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակչությունը 2016թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էր 938 մարդ, իսկ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը`108 էր: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ իրականում այժմ Ոսկեպարի բնակիչների թիվը շուրջ 700 է, իսկ գյուղի դպրոցի աշակերտների թիվը՝ 53: Ոսկեպարի միջնակարգ դպրոցը 108 աշակերտ ունեցել է 2010 թվականին: Հարկ է նշել, որ, օրինակ 1970-ական թվականների վերջին Ոսկեպարի ութամյա դպրոցն ունեցել է մոտ 330 աշակերտ:
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ մեկ այլ՝ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների թիվը, ըստ Տավուշի մարզպետարանի կայքի, 35 է: Այնինչ՝ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ իրականում ներկայումս Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորում է 19 աշակերտ: Սահմանամերձ Կոթի գյուղի դպրոցի աշակերտների պաշտոնական թիվը նշված է 205, իրականում այն 199 է: Սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների պաշտոնական թիվը 95 է, իսկ իրականում այդ գյուղի դպրոցն այժմ ունի 60 աշակերտ: Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակչների պաշտոնական թիվը նշված է 918, դպրոցի աշակերտներինը` 135: Իրականում Բաղանիսի փաստացի բնակիչների թիվը 840 է, իսկ գյուղի դպրոցում սովորում է 102 աշակերտ:
Տավուշի սահմանամերձ այլ բնակավայրերի բնակչության եւ աշակերտների թվերը եւս պաշտոնական տվյալներում ուռճացված են ներկայացված: Սակայն ստեղծված իրավիճակում ամենամտահոգիչն այն է, որ արտագաղթի դինամիկան չի նվազում, եւ մարդիկ շարունակում են իրենց հայրենի գյուղերը թողնել ու Ռուսաստանի տարբեր բնակավայրերում բախտ որոնել:
Արդյունքում, սահմանամերձ գյուղերի զարգացում եւս տեղի չի ունենում, ու կենցաղային պայմանները գնալով ավելի անբարենպաստ են դառնում: Այդ գյուղերում այլեւս անարդյունավետ է համարվում ճանապարհներ կառուցել, խմելու եւ ոռոգման ջրագծեր անցկացնել, նոր մանկապարտեզներ կառուցել կամ եղածները նորոգել: Ինչպես հայտնի է՝ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե իշխանությունների երկարաժամկետ ծրագրերով նախատեսվում է, որ 2040 թվականին Հայաստանը պետք է 4 միլիոն բնակչություն ունենա: Սակայն իրականում իշխանությունների բոլոր գործողությունները դեռեւս միայն նպաստում են արտագաղթի տեմպերի աճին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ԿԴԱՌՆԱՆ
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմիկ ռիսկի նվազեցման վարչությունն ու շենքերի եւ շինությունների սեյսմակայունության բաժինը միաձուլման ձեւով վերակազմակերպվել է սեյսմիկ ռիսկի գնահատման եւ նվազեցման բաժնի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենի արդյունքում կրճատվել է 10 հաստիք: Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեում կառաջանա ֆինանսական միջոցների խնայողություն, տնտեսում: Իսկ ահա նախագծի ընդունումը այս եւ այլ տարիների պետական բյուջեում առաջացնում է 4 մլն 143 հազար դրամի տնտեսում: Բանն այն է, որ ՀՀ վարչապետը հանձնարարել էր քննարկել եւ ներկայացնել առաջարկություններ` հանրապետական գործադիր մարմնի ենթակայության տակ գործող մարմինների եւ կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարության, թվաքանակի կրճատման, օպտիմալացման վերաբերյալ:

 

 

ՇԵՆՔԸ ԿՕՏԱՐՎԻ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պատրաստվում է առաջիկայում մրցույթով օտարել Երեւանի Լեոյի փողոց թիվ 54 հասցեում գտնվող 2503.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը եւ 55.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տվյալ անշարժ գույքն այժմ ամրացված է պետական գույքի կառավարման վարչությանը, իսկ նախկինում այն զբաղեցրել է արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը: տեղեկացնենք, որ այս տարվա օգոստոսի 23-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 515 մլն 890 հազար դրամ: Ի դեպ, մրցույթի հաղթողը պետք է վճարի նաեւ շենք, շինությունների համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը 30 մլն 420 հազար դրամը: Բացի այս՝ հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը կնվազեցվի վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գնորդը պարտավոր է շենքի ամրացման եւ վերանորոգման նպատակով իրականացնել առնվազն 1 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում:




Լրահոս