ԳԱԶԸ ԵԿՈՂ ՏԱՐԻ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանին բնական գազի գինը եկող տարի եւս կլինի 150 դոլար` հազար խորանարդ մետրի դիմաց:

Բանն այն է, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է համաձայնություն տալ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ մեր հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն առաջարկել է վերը նշված համաձայնագրում սահմանել, որ 2018 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ բնական գազի գինը ՀՀ սահմանին լինելու է 150 դոլար` հազար խորանարդ մետրի համար:
Բացի այդ՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը կառավարության հաստատմանն է ներկայացրել նաեւ «Հայռուսգազարդ» ընկերության` ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերը ռուսական «Գազպրոմին» վաճառելու մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի նախագիծը: Ըստ այդմ, կողմերը պարտավորվում են՝ ոչ ուշ՝ մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ը մշակել եւ հաստատել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գազամատակարարման եւ էլեկտրամատակարարման համակարգից ստացվող դրամական հոսքերի հաշվարկի նոր մոդելները:
Եթե առաջին համաձայնագիրը վերաբերում է սոսկ գազի գործող գինը եկող տարի անփոփոխ պահելուն, ապա երկրորդ փաստաթուղթը ավելի շատ ապագային է միտված:
Հիշեցնենք, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի համաձայնագիրը ստորագրվեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երեւանյան այցի ընթացքում: Մինչ այդ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 20 տոկոսը պատկանում էր ՀՀ կառավարությանը: Սակայն այդ բաժնեմասը տրվեց «Գազպրոմին» 155 մլն դոլարի պարտքի դիմաց, որը գոյացել էր ռուսական գազի մատակարարման արդյունքում: Հիշեցնենք, որ 2009-ից Ռուսաստանը պարբերաբար բարձրացրել էր Հայաստանին մատակարարվող գազի գինը: Բաժնետոմսերի առքուվաճառքի ժամանակ գազի հազար խորանարդ մետրը ՀՀ սահմանին 270 դոլար էր: Հետագայում, երբ արդեն «Հայռուսգազարդն» ամբողջությամբ դարձավ ռուսական ընկերություն, եւ անվանափոխվեց «Գազպոմ Արմենիայի», ռուսական կողմը գազի գինն աստիճանաբար սկսեց նվազեցնել: Ի վերջո, 2016 թվականի ապրիլին` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այցի ընթացքում, հայտարարվեց հազար խորանարդ մետր գազի գինն 165 դոլարից 150 դոլար դարձնելու մասին: Այս քայլը ներկայացվեց իբրեւ Հայաստանին արված լավություն: Հիշեցնենք ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի խոսքերը գազի գնի մասին. «Մենք նման համաձայնության ենք հասել` չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ պայմանավորվել էինք այլ պարամետրերի անցնելու մասին։ Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավմանը»: Մի խոսքով, ռուսական կողմը բաց տեքստով ասում էր, թե շնորհակալ եղեք, որ գազի գինը 150 դոլար ենք սահմանում: Սա այն դեպքում, երբ ԵԱՏՄ անդամակցությունից հետո հայտարարվում էր, թե իբր ռուսական գազը Հայաստանին մատակարարվելու է Ռուսաստանի ներքին գներով, սակայն այդ խոստումն այդպես էլ իրականություն չդարձավ:
Ինչ վերաբերում է եկող տարվա համար գազի գինն անփոփոխ պահելուն, այս քայլը նաեւ քաղաքական նշանակություն է ունենալու: Հիշեցնենք, որ եկող տարվա գարնանը Հայաստանը կառավարման կիսանախագահական համակարգից անցում է կատարելու խորհրդարանականի: Այս փոփոխության հետ կապված՝ Հայաստանի տնտեսությունում եւս անորոշություն է: Հատկապես խոշոր ներդրողները ցանկանում են հասկանալ, թե Հայաստանին ինչպիսի ապագա է սպասվում, եւ իրենց ներդրումները որքանով երաշխավորված կլինեն: Ուստի գազի գինը անփոփոխ պահելով՝ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը փորձում է կայունության տպավորություն ստեղծել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԻԺԸ ԿԽՍՏԱՑՎԻ
ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը: Այս նախագծերի անհրաժեշտությունն, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության, պայմանավորված է այն փաստով, որ վերջին շրջանում Հայաստանում ապօրինի անտառհատման եւ ՀՀ Կարմիր գրքերում գրանցված կենդանիների որսի բազմաթիվ դեպքեր արձանագրվեցին: Ուստի բնապահպանության նախարարությունն առաջարկում է այդ արարքների համար պատիժները խստացնել: Մասնավորապես առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 295-րդ, 296-րդ եւ 297-րդ հոդվածներոում: ՀՀ ՔՕ 295 «ՀՀ Կարմիր գրքում գրանցված օրգանիզմների բնակության անհետացող կամ հազվագյուտ վայրերի ոչնչացումը» հոդվածը ներկայումս որպես պատիժ նախատեսում է տուգանքով՝ 200 հազարից 600 հազար դիամի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նախագծով առաջարկվում է այս հոդվածի պատժաչափերը տուգանքի դեպքում դարձնել 400 հազար դրամից մինչեւ 1 միլիոն 200 հազար դրամ, իսկ ազատազրկումը` մինչեւ չորս տարի: ՀՀ ՔՕ 296-րդ «Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը» հոդվածն ունի չորս մասեր, որոնցով սահմանված են ապօրինի ծառահատման եւ անտառահատման համար պատիժները: Այս դեպքում եւս պատիժները էապես խստացվում են: ՀՀ ՔՕ 297-րդ հոդվածը` «Անտառները ոչնչացնելը կամ վնասելը», ներկայումս անտառների ոչնչացման համար առաջին մասով սահմանում է տուգանք՝ 300 հազար դրամից 500 դրամի չափով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, նույն դրույթի երկրորդ մասով անտառները հրդեհելու համար որպես պատիժ նախատեսված է երեքից ութ տարվա ազատազրկում: Առաջին մասով պատիժը տուգանքի մասով առաջարկվում է դարձնել 700 հազարից մինչեւ մեկ միլիոն դրամ, իսկ ազատազրկումը մինչեւ երեք տարի: Իսկ նույն դրույթի երկրորդ մասի` պատիժը նախատեսվում է դարձնել չորսից ութ տարվա ազատազրկում, ինչպես նաեւ ավելացվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու հանգամանքը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններով էլ առաջարկվում է խստացնել վարչական իրավախախտումների տեսքով անտառահատումների համար սահմանված տույժերի չափերը: Նախագծի հեղինակների կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունների ընդունելով Հայաստանի Հանրապետությունը կապահովի մարդու իրավունքների պաշտպանության՝ իր պոզիտիվ պարտականությունը: «Բացի այդ՝ նախագծերի ընդունմամբ կստեղծվեն շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված անհրաժեշտ պատժիչ քաղաքականության նախադրյալներ՝ ապահովելով էկոլոգիական բացասական հետեւանքների դեմ պայքարի քառաստիճան համակարգի կետերից յուրաքանչյուրի իրականացումը»,- նշված է բնապահպանության նախարարության հեղինակած նախագծի հիմնավորումներում:

Վ. Հ.

 

 

 

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՅՈԹ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻ

ՀՀ կառավարությունը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ յոթ երիտասարդների:

Մասնավորապես առաջարկվում է մինչեւ 2018 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ 1992 թվականին ծնված Վարդան Գրիգորի Պողոսյանին: Իսկ 1995 թվականին ծնված Մարտին Արմենակի Գեւորկյանին, Սերոբ Դավիթի Գրիգորյանին եւ Արտյոմ Վրույրի Սիմոնյանին, 1997 թվականին ծնված Դավիթ Մհերի Մարտիրոսյանին, Միխայիլ Լեւոնի Մարտիրոսյանին ու 1996 թվականին ծնված Իվան Ռոմանի Մամախանովին նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տալ մինչեւ 2020 թվականի ձմեռային զորակոչը:
Կառավարության որոշման նախագծի հեղինակը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է: Այդ գերատեսչությունը նման որոշման անհրաժեշտությունը պատճառաբանել է այն հանգամանքով, որ վերը նշված բոլոր երիտասարդները Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներ են: Ի դեպ, նրանց բոլորի հաշվառման հասցեն Խանջյան 27 է: Ինչը ենթադրում է, որ այդ երիտասարդները Հայաստանում չեն բնակվում, այսինքն՝ այստեղ մշտական հաշվառման հասցե չունեն, եւ զուտ իրավական ընթացակարգերի համար նրանց գրանցել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակի հասցեում:
Ի դեպ, այս որոշման նախագիծը եւս մեկ անգամ փաստում է, որ այն պնդումները, թե պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումը վերացվում է, այդքան էլ այդպես չէ: Պարզապես այսուհետ այդ արտոնությունից օգտվելու են միայն ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած երիտասարդները: Իսկ օլիգարխներին մնում է մտածել, թե իրենց զավակներին որ սպորտաձեւի ազգային հավաքականում ընդգրկեն:

Վ. Հ.




Լրահոս