ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Տավուշի մարզում

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ համայնքի երկու ընտանիք հրդեհի հետեւանքով դարձել է անօթեւան: Այս տանը բնակվում էր երկու ընտանիք։ Տան գույքը, հագուստը, փաստաթղթերը, ամբողջն այրվել է: Բարեբախտաբար ընտանիքները կարողացել են դուրս գալ տնից: Նշենք, որ նրանք սոցիալապես անապահով պայմաններում էին ապրում նաեւ մինչեւ հրդեհը:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե անձն ունի հաշմանդամություն (3-րդ խումբ) եւ աշխատում է, ապա նա կարո՞ղ է օգտվել որեւէ արտոնությունից, եթե այո, ապա ինչպիսի՞:

Հեղինե Հարությունյան (53 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի` հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված): Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի: Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցություն» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ մասնագիտական դպրոց-ստուդիաների, ակումբների եւ նմանատիպ կենտրոնների կրթական գործունեությունն ի՞նչ կարգով է իրականացվում: Այսինքն՝ ուզում եմ տեղեկանալ՝ դա լիցենզավորման ենթակա գործունեությո՞ւն է, թե՞ ոչ:

Մարինե Մխիթարյան (37 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ լիցենզավորման ենթակա են այն կրթական ծրագրերը, որոնք նշված են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի «9.Կրթություն բնագավառ» բաժնում:
Կրթական ծրագրերն են`
հանրակրթական ծրագրեր՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ,
մասնագիտական կրթական ծրագրեր` նախնական (արհեստագործական), միջին, բակալավրի, մագիստրոսի:
Միաժամանակ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` կրթական ծրագիրը սահմանում է որոշակի մակարդակ եւ ուղղվածություն ունեցող կրթության բովանդակությունը, անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների ծավալը: Մասնավորապես մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական եւ մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների եւ հմտությունների ձեւավորմանը, գիտելիքների ծավալի ու որակավորման բարձրացմանը:
Վերոգրյալ հաստատությունները հանդիսանում են լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող միավորներ, որոնց գործունեությունը նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս սովորողների կրթական պահանջմունքների բավարարմանը, նրանց որակավորման բարձրացմանը, ուստի այն չի հանդիսանում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ լիցենզիաների ձեւերը պետք է ունենան ՀՀ կառավարության կողմից արժեթղթերի համար սահմանված պաշտպանվածության աստիճան, հանդիսանում են խիստ հաշվառման փաստաթղթեր, ունեն հաշվառման համար սերիա: Լիցենզիաների ձեւերի ձեռքբերումը, հաշվառումը եւ պահպանումն իրականացնում են լիցենզավորող մարմինները:




Լրահոս