Սերժ Սարգսյանը հունվարից գերի՞ կմնա իր խոստումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը հերթական անգամ խոստացավ կոռուպցիան արմատախիլ անել, այս անգամ արդեն համայնքների մակարդակով: Իհարկե, նրա խոսքում կոռուպցիայի դեմ պայքարի մասին ոչ մի խոսք չկա, բայց փաստն այն է, որ նրա նկարագրած անթույլատրելի երեւույթները համայնքային մակարդակում առկա կոռուպցիան է:

Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են՝ անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, որ տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, որ անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, եւ չմանրամասնեմ, որովհետեւ ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ:

Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա, ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է: Ով չի ուզում նոքար լինի, թող գնա, աղա դառնա, գնա ուրիշ գործի: Եվ խնդրում եմ, որեւէ մեկը Նոր տարուց հետո, լինի մարզպետ, լինի նախարար կամ ինձ մոտ մարդ, չմիջնորդի որեւէ համայնքապետի ներելու համար այդպիսի դեպքերում»:

Նկատենք, որ համայնքային մակարդակում առկա կոռուպցիան հենց այն է, ինչ նկարագրված է վերը բերված մեջբերումում: Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, պաշտոնավարումը ստանձնելու հենց սկզբից նման խոստումներ է հնչեցնում: Սակայն դրանք երբեք իրականություն չեն դառնում, եւ իրական կյանքում լրիվ հակառակն է տեղի ունենուն՝ հատկապես համայնքային մակարդակներում շարունակում են պաշտոնավարել այն անձինք, որոնք բնակչության փողերը տանում են տուն եւ դրանց մի մասը ծախսելով՝ կարողանում են իշխող ՀՀԿ-ի համար քվեներ ապահովել:

Ուստի Հայաստանի հանրության՝ քաղաքականությամբ ակտիվ հետաքրքրվող ոչ իշխանական հատվածի արձագանքը լրիվ արդարացված է: Մի մասը ծաղրում է, մյուսը մատնանշում է համայնքապետերի կողմից կատարված հանցանքները, որոնք այսօր էլ շարունակում են պաշտոնավարել եւ այսպես շարունակ: Սերժ Սարգսյանի նախկին խոստումները եւս նույն արձագանքին են արժանացել: Նման արձագանքներին, որպես կանոն, հաջորդում է կոնկրետ գործողության սպասելու փուլը:

Այնուհետեւ, երբ այդ գործողությունները չեն հետեւի, այսինքն՝ կոռուպցիան նախկինի պես կշարունակի իշխել Հայաստանում, բոլորին կմնա եւս մեկ անգամ արձանագրել, որ Սերժ Սարգսյանն իր խոսքի տերը չեղավ: Սերժ Սարգսյանի խոստումներին չվստահող արձագանքները չնայած, որ հիմնավոր են, բայց միեւնույն է՝ այդ մոտեցումը տանում է փակուղի, քանի որ արդյունքում Հայաստանի հանրային կյանքում ոչինչ չի փոխվում:

Թերեւս ժամանակն է, որպեսզի հատկապես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մոտեցումը վերանայեն: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Ամանորի տոներից հետո մոտեցումը փոխվելու է, կամ այլ կերպ ասած՝ մինչ այս համայնքապետերն ինչ արել-արել են, այսուհետ նրանք պետք է բնակիչների գումարները տուն չտանեն: Լավ: Սա նշանակում է, որ համայնքների՝ եկող տարվա ապրանքների եւ ծառայությունների գնումներին համայնքապետերի հետ փոխկապակցված ընկերություններ չպիտի մասնակցեն:

Ասել կուզի՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամ լրագրողները նման՝ թարմ դեպք բացահայտեն, ապա Սերժ Սարգսյանը պարտավոր է այդ փաստին ընթացք տալ՝ առնվազն քաղաքական պատասխանատվության ենթարկելով տվյալ համայնքապետին: Այսինքն՝ նա պարտավոր է լինելու կառավարությանը հանձնարարել պաշտոնանկ անել տվյալ համայնքապետին: Այս մարտավարությունը, սակայն, կարող է արդյունավետ լինել, եթե բացահայտված փաստերը գրավոր, անձամբ Սերժ Սարգսյանին ներկայացվեն:

Այդպիսով՝ Սերժ Սարգսյանը համայնքներում առկա կոռուպցիան վերացնել-չվերացնելու գործընթացում փաստացի դառնում է կողմ: Բնականաբար, ինչպես միշտ, նա չի կատարի իր խոստումը, այդ դեպքում գրավոր փաստեր ներկայացրած հասարակական կազմակերպությունը կարող է դատական կարգով պահանջել, որպեսզի նա իր խոստումը կատարի: Դատարանները նման հայցերն ընդունելուց կհրաժարվեն:

Բայց, միեւնույն է, այս ամենի արդյունքում փաստաթղթային բազա կձեւավորվի, որտեղ փաստաթղթերով կարձանագրվի, թե Սերժ Սարգսյանին քանի կոռուպցիոն փաստ է ներկայացվել, բայց նա իր խոստմանը տեր չլինելով՝ դրանց ընթացք չի տվել: Մի խոսքով, կստեղծվի մի իրավիճակ, որտեղ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընտրություն կատարել խոստմանը տեր լինելու կամ ստախոս լինելու մեջ՝ փաստաթղթավորված մեղադրվելով:

Արդյո՞ք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները իրենց ավանդական մոտեցումը կփոխեն եւ վերը բերված մարտավարություն կնախընտրեն, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս