«Համախմբման» անդամներն առանձնանում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ գործիչները վերջին ամիսներին շատ հատուկենտ են իրենց մասին հիշեցնում: Փաստացի վեց ամսից ավել Հայաստանի լրահոսում չհայտնվելուց հետո օրերս հայտնի դարձավ, որ ՕՐՕ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության մի քանի անդամներ ստեղծել են «Այլընտրանքային նախագծեր» անունով հասարակական կազմակերպություն: Հիշեցնենք, որ դաշինքը ԱԺ ընտրություններում ստացել էր 2 տոկոս քվե, այնինչ՝ նվազագույնը շեմը հաղթահարելու եւ խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար անհրաժեշտ էր նվազագույնը յոթ տոկոս ձայն ստանալ:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանի հետ, որը նոր հասարակական կազմակերպության համահիմնադիրներից է:

-Պարո՛ն Մարգարյան, որպես արտախորհրդարանական ուժ՝ «Համախմբում» կուսակցությունն այժմ ի՞նչ գործունեություն է ծավալում:

-«Համախմբում» կուսակցությունը հետեւյալ վիճակում է. քանի որ առանձնապես քաղաքական պրոցեսներ երկրում չեն ընթանում, կուսակցությունը դադարի վիճակում է: Բայց մենք ստեղծել ենք «Այլընտրանքային նախագծեր» հասարակական կազմակերպությունը եւ դրանով մեր հասարակական գործունեությունն ենք ծավալում: Հանրային հարցերի շուրջ պարբերաբար մենք հանդես ենք գալիս վերլուծություններով եւ առաջարկություններով:

-ՀԿ-ի կազմում միայն «Համախմբում» կուսակցության անդամնե՞րն են: Վարդան Օսկանյանը ե՞ւս միացել է Ձեզ:

-Վահե Հովհաննիսյանն է, Էլինար Վարդանյանը, այսինքն՝ կուսակցության անդամները: Վարդան Օսկանյանը չի մասնակցում ՀԿ-ի աշխատանքներին:

-Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը:

-Գիտեք՝ հասարակական սեկտորն այլ բան է, հասարակական սեկտորը նրա համար է, որ մենք շարունակենք մեր հանրային գործունեությունը եւ դրա համար ստեղծեցինք այդ կազմակերպությունը եւ շարունակում ենք դա: Դա հասարակական կազմակերպություն է, ինքն այլ բնույթ ունի, դա քաղաքական կուսակցություն չէ:

-Իսկ ՕՐՕ դաշինքի անդամների հետ գործունեություն ծավալո՞ւմ եք, մասնավորապես Սեյրան Օհանյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:

-Եթե կուսակցությունը հիմա գործունեություն չի ծավալում, հետեւաբար չկան այդպիսի կապեր: Խոսքը չի գնում անձնական կապերի մասին կամ կռված ենք: Դաշինքը ընտրություններից հետո իրավաբանորեն դադարում է գոյություն ունենալ, դա շատ օբյեկտիվ բան է: Ընտրությունները վերջացան, դաշինքը չանցավ, հետեւաբար գոյություն չունի: Կուսակցությունն ինքը գոյություն ունի, բայց քանի որ պրոցեսներ առանձնապես չկան, մենք կուսակցությունով որեւէ բան հիմա չենք անում:

-Ընտրություններից հետո նրանց հետ հանդիպումներ ունեցե՞լ եք:

-Ես անձամբ չեմ հանդիպել ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանի, ո՛չ էլ Սեյրան Օհանյանի հետ:

-Պարո՛ն Մարգարյան, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կալանավորումը բոլորը կապում էին ՕՐՕ դաշինքի գործունեության հետ, սակայն դատական նիստերին ժամանակ առ ժամանակ միայն Անդրանիկ Թեւանյանն էր մասնակցում, ինչո՞ւ մյուսները Բաբայանի կողքին չէին:

-Սամվել Բաբայանն ինքն է հերքել ՕՐՕ դաշինքի կամ քաղաքական ենթատեքստի հարցը: Այնպես չէ, որ դատավարություններին չենք մասնակցել: Եղել է դատավարություն, որ մասնակցել ենք: Ես կարծում եմ, որ Սամվել Բաբայանն այն մարդն է, ով հիմա պետք է ազատության մեջ լիներ: Ուրիշ մեկնաբանություն չունեմ:

Հ.Գ. Հայկական քաղաքական կուսակցությունների պատմությունը ցույց է տվել, որ գործող կուսակցության անդամների կողմից հայրենի քաղաքական ուժից առանձին հասարակական կազմակերպություն հիմնադրելուն, որպես կանոն, հաջորդում է առանձին կուսակցություն ստեղծելը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս