ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երեւանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած Աշխեն Հովհաննիսյանին: Հիշեցնենք, նա եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը եւ նրա փոխարեն քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 800 հազար դրամով եւ ընտրական հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամը չէր հաշտվել այս որոշման հետ եւ դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ խնդրելով նշանակել մեղմ պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով եւ այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում:
Սակայն «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ռ. Մխիթարյանը, Մ. Արղամանյանը եւ Կ. Մարդանյանը մերժել են պաշտպանի վերաքննիչ բողոքը: Երեւի իշխող ՀՀԿ-ն Հովհաննիսյանին ընտրակեղծարարության դրդելուց հետո պատրաստակամություն է հայտնել վճարել տուգանքի մի մասը, դրա համար էլ վերջինս վերաքննիչից խնդրել էր գոնե 100 հազարով նվազեցնել տուգանքի գումարը, այն էլ ապարդյուն: