ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական հեռուստաեթերում հակահայկական քարոզչությունը շարունակվում է: «ՆՏՎ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» նախօրեին հեռարձակված թողարկումն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին: Թոք-շոուի ֆորմատով հեռարձակվող այդ հաղորդման մասնակիցները՝ քաղաքագետներ, վելուծաբաններ, կառավարական օղակների փորձագետներ եւ այսպես շարունակ, Հայստանի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու գործում մեկը մյուսին հերթ չէին տվել՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը որակելով Ռուսաստանի նկատմամբ դավաճանական քայլ Հայաստանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը: Այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերության տնօրինությունը Հայաստանից ներողություն խնդրեց, ենթադրվեց, թե նման իրավիճակ այլեւս չի կրկնվի: Թեեւ այդ տեքստի բնօրինակն այդպես էլ չհրապարակվեց: Ու հիմա էլ ռուսական մասնավոր հեռուստաընկերությունն է հակահայկական շոու բեմադրում` հասարակության մեջ հակահայկական տրամադրություն ձեւավորելով:
Իհարկե, պաշտոնական Մոսկվան կարող է ասել, որ մասնավոր հեռուստաընկերություն է, բանախոսները անհատներ են, բայց իրողությունն այն է, որ Ռուսաստանի բոլոր հեռուստաընկերություններն՝ առանց բացառության, գտնվում են տոտալ իշխանական վերահսկողության ներքո: Ուստի նախկին դառը փորձը հաշվի առնելով՝ բացառված չէ, որ առաջիկայում ռուսական կողմից հակահայկական գործողությունները ավելի կտրուկ քայլերի դիմեն:

 

 

 

Երեկ Սերժ Սարգսյանի որոշամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Սա նշանակում է, որ արդարադատության նախարարությունում մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել, ինչի համար արդեն սկսել է մրցավազքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի երեք հավանական թեկնածու կա: Նրանցից մեկը արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանն է, երկրորդ թեկնածուն վարչության պետ Կարեն Հակոբյանը, շրջանառվում է նաեւ դատախազության նախկին աշխատակիցներից մեկի անունը։ Նշենք, որ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանին նախարարությունում, մեղմ ասած, չեն ընդունում: Նրա ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որակները չեն համապատասխանում այդ պաշտոնի նկարագրին:

 

 

 

Աժ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, որ դեռ ապրիլին Վրաստանի իրավապահների կողմից կալանավորվել էր միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար, ազատ է արձակվել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Առաքել Մովսիսյանը տեղեկացրեց, որ հորեղբորորդին արդեն վերադարձել է Հայաստան՝ արդարացված: Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի: Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել:

 

 

 

Հատկապես Հայաստանի եվրոասոցացումից հետո ահագնացել են խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ՝ անվտանգության անհրաժեշտության հիմնավորմամբ՝ իրականում չստանալով այն: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: «Մենք պետք է գիտակցենք, որ տնտեսություն եւ անվտանգություն առանձին չի լինում: ԵԱՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ստացել ենք տնտեսական լրջագույն առավելություններ,- կարեւորեց Հարությունյանը՝ հավելելով,- առաջինը՝ ՌԴ-ն իր վրա է վերցրել մեր ատոմակայանի հետագա շահագործումը՝ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելով մինչեւ 2026 թվական, դրա համար տրամադրելով 300 մլն դոլարի վարկ: Դրա արդյունքն այն է, որ տասը տարի մենք ստանում ենք ամենաէժան էլեկտրաէներգիան: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե չլիներ ատոմակայանը, ինչպիսի սոցիալ-տնտեսական վիճակում կլիներ Հայաստանը: Իսկ տնտեսական հզորությունը բերում է անվտանգության հզորացման, այդպես չէ՞»:

 

 

 

ԽԱՅՏԱՌԱԿ ՁԱԽՈՂՈՒՄ
Մինչ ՀՀ իշխանությունները ոգեւորված են ԵԱՏՄ-ին անդամակցելով, Եվրամիության հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ՝ ներկայացնելով այն որպես աննախադեպ ձեռքբերում, Հայաստանը հերթական դիվանագիտական ձախողումն է գրանցել: Այս անգամ՝ միջխորհրդարանական դիվանագիտական հարաբերություններում: Կիեւում Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստի մեկնարկից առաջ տեղի է ունեցել միջխորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների քննարկում, որին, սակայն, հրավիրված չի եղել Հայաստանի պատվիրակության ղեկավարը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վերջին պահին վեհաժողովի հռչակագրի մեջ ոչ հայանպաստ ձեւակերպումներ են մտցվել: Ըստ պատվիրակության տարածած հայտարարության. «Վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին»: Ի նշան բողոքի՝ հայկական պատվիրակությունը լքել է վեհաժողովի դահլիճը: Բայց այդքանից հետո անգամ համաձայնագիրը նման ձեւակերպումներով ընդունվել է. 12 երկրներից 9-ը կողմ են քվեարկել հակահայկական ձեւակերպումներով հռչակագրին:
Նշենք, որ ավելի քան 10 տարի է՝ ՍԾՏՀ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն է, եւ տեղի ունեցածն առաջին հերթին նրա եւ պատվիրակության ֆիասկոն էր:
Ի վերջո, հայտնի փաստ է, որ Ադրբեջանը միջազգային բոլոր հնարավոր հարթակները փորձում է օգտագործել՝ փաստաթղթերում իրեն ձեռնտու ձեւակերպումներ մտցնելու համար: Նույն գործելաոճով Ադրբեջանն աշխատել է նաեւ ՍԾՏՀ ԽՎ-ում: Բայց նախկինում Ադրբեջանի փորձերը ձախողվել են: Թե ինչու եւ ինչպես այս անգամ Ադրբեջանին հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի, պետք է պատասխանի հայկական պատվիրակությունը՝ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Նրանք նաեւ պետք է պատասխանեն հարցին, արդյո՞ք փորձել են կանխել այս դեպքերը, թե, այնուամենայնիվ, զրոյական հարգանք ունեն այնտեղ /ինչի վկայությունն է Մինասյանից գաղտնի որոշումներ ընդունելը/:
Մեկ փաստ էլ՝ հակահայկական ձեւակերպումներին կողմ են Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը, բայց այս երկրներն առաջին անգամը չէ, որ պաշտպանել են տարածքային ամբողջականության դրույթը /Վրաստանն ու Ուկրաինան սեփական շահերից ելնելով/: Եւ ուրեմն՝ հետաքրքիր է՝ ինչու նախկինում նման փորձերը տապալվել են, իսկ հիմա խայտառակ ձախողման ականատես եղանք:




Լրահոս